«Ոչ մեկը ոչ մեկի գիրկը չի թռել»,- համոզված է ՀԱԿ ներկայացուցիչը
Վանաձորում ընտրությունների վերահսկման միասնական շտաբ չի ձևավորվել: Կուսակցությունների միջև դրա վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա: Չնայած՝ ՀԱԿ ներկայացուցիչ Աշոտ Մանուկյանը ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը հնարավոր է համարում նաև Վանաձորում:
«Պատճառն այն է, որ ԲՀԿ-ն նույնպես պատրաստ է ընտրակեղծիքների դեմ պայքարելու, մաքուր ընտրություններ անցկացնելու,- ասում է Աշոտ Մանուկյանը,- մենք համագործակցում ենք և ԲՀԿ-ի, և Դաշնակցության հետ, և փորձեր արվեց նաև «Ժառանգության» հետ, դեռ ես չեմ ենթադրում, որ դա վերջն է, կտեսնենք դեռ, որոշ բաներ գուցե և կփոխվեն»:
«Ժառանգության» ներկայացուցիչ Գառնիկ Սահակյանն այլ դիրքորոշում ունի ԲՀԿ-ի վարած քաղաքականության վերաբերյալ, որը, ըստ էության, համընկնում է կուսակցության դիրքորոշման հետ:
«Ինչպես հասկանալ, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, լինելով կոալիցիայի անդամ, ընդ որում՝ այդ հուշագիրը ուժի մեջ է, և բովանդակությունը հետևյալն է, որ նրանք միասնաբար պաշտպանելու են գործող նախագահի թեկանածությունը հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ, այսինքն`լինելով կոալիցիայի անդամ`թռչում է, ընկնում ընդդիմադիր դաշտի գիրկը, թե ես ընդդիմադիր եմ: Չէ, եղբայր, չեղավ, մեկից պետք է հրաժարվես: Չեմ կիսում դա»,- ասում է Գառնիկ Սահակյանը:
Աշոտ Մանուկյանը, սակայն, համոզված է, որ «ոչ մեկը ոչ մեկի գիրկը չի թռել»:
«Մենք խնդիր չենք դրել կոալիցիայի մեջ մտնելու կամ դուրս գալու ոչ «Բարգավաճին», ոչ որևէ այլ կուսակցության: Խնդիր ենք դրել, որ ընտրությունները անցկացվեն հնարավորինս արդար և մաքուր: Այն ուժերը, որոնք որ պատրաստ են այդ գործին լծվել, ուս ուսի տված պետք է գնանք այդ խնդիրը լուծելու`բացի Հանրապետական կուսակցությունից, որը արմատն է բոլոր կեղծիքների, չարի արմատն է, և նրա կույրաղիք «Օրինաց երկիր» կուսակցությունից: Մնացած բոլոր կուսակցությունները, ովքեր ցանկություն կհայտնեն աշխատանքին լծվելու, այս պահին նրանց բարեկամն ենք»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել