HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրկին հայրենական ժողովրդավարության մասին

Երբ Հանրապետությունում տեղի են ունենում հանրային հնչեղություն ունեցող` բնակչության լայն շերտերի ներկայացուցիչների բարոյական հիմքերին առնչվող իրադարձություններ (անկախ նրանց սոցիալ-քաղաքական կողմնորոշումից), ակամա հարց է ծագում, թե «ո՞ւմ էր դա պետք»:

Վերջերս գրեթե բոլոր ֆորմալ և ոչ ֆորմալ լրատվամիջոցներում քննարկվում են Հայաստանում ադրբեջանական կարճամետրաժ չորս ֆիլմերի փառատոն կազմակերպելու փորձերը:

Պետք է արժանին մատուցել Գեորգի Վանյանին` փառատոնի գաղափարը նպատակասլացորեն առաջ մղելու համար, որը հետագայում վերափոխվեց նշված ֆիլմերի «կամերային դիտման կարգավիճակի` միայն «ընտրյալ» լրագրողների համար:

Չեմ կարող պնդել, որ Գեորգի Վանյանն ադրբեջանական մշակույթի մոլի երկրպագու է. դատելով նրա ելույթներից, դժվար է հավատալ նաև, որ նա մեծ մարդասեր է և հանդուրժողականության պաշտպան. այն որ նա անկեղծ քրիստոնյա է և պատրաստ է մերձավորի թողության համար մյուս երեսը դեմ տալ, չի համապատասխանում նրա «խոնարհ» կերպարին: Հարց է ծագում. «Որո՞նք են նրա այս բուռն գործունեության շարժառիթները»:

Երբ մամուլում պնդում են նրա «անշահախնդրության» մասին, չգիտեմ, չեմ կարող հաստատել, սակայն իմ կարծիքով ավելի արժանահավատ է այն, որ նրան հանգիստ չի տալիս «Հերոստրատի սինդրոմը»` Հայաստանի պատմության մեջ «հետևի դռնից» մտնելու գաղափարը:

Ակնհայտ է այն ենթադրությունը, որ Հայաստանում այս, թող թույլ տրվի ասել, «փառատոնի» անցկացման գաղափարը Գեորգի Վանյանի մոտ հազիվ թե ծագել է ինքնաբուխ, և որ այդ մասին նրան «շշնջացել» են երկնային ուժերը: Դա արդեն տեղի է ունեցել պատմության մեջ (Մուհամեդի և Մովսեսի պատմությունը): Հետևաբար այս գաղափարը երկրային ծագում ունի և հանդիսանում է Հանրապետությունում քարոզչություն իրականացնելու ձևերից մեկը` հօգուտ մի շարք երկրների զուտ քաղաքական հավակնությունների, որոնք ձգտում են ձևավորել իրենց բարոյական արժեքներին համապատասխանող աշխարհակարգ:

Ժողովրդավարության գաղափարն այն «պարզունակ» ձևով, որ արմատավորվում է մեր երկրում, ամեն քայլափոխի առաջ է բերում մի շարք բարոյական հետևանքներ: «Ամբոխահաճո ժողովրդավարական հանրային գաղափարախոսությունը» հեռանալով ազգային մշակույթից, մտածելակերպից, ազգի պատմությունից և ճակատագրից, անձին ազատում է հասարակության առջև նրա ունեցած պատասխանատվությունից: Նմանատիպ «ժողովրդավարական գաղափարախոսությունը» նպաստում է հասարակության անդամների` միմյանց հանդեպ ագրեսիվության դրսևորմանը: Երկրում ձևավորվել է բնակչության մի շերտ, որն առաջնորդվում է հասարակության բարոյաէթիկական հիմքերի ոչնչացմամբ:

Սրանով կարելի է բացատրել, որ Բաքվում կայացած «Եվրոնեստ»-ից հետո, երբ մեզ հետ պատերազմական իրավիճակում գտնվող պետության ղեկավարը Հայաստանին մեղադրում է «բոլոր մահացու մեղքերի մեջ, հայ ժողովրդի հասցեին հնչեցնում է կոպիտ խեղաթյուրումներ ու շահարկումներ, և հայերին կրկին անվանում ֆաշիստներ» («Голос Армении» 5 ապրիլի, 2012թ. թիվ 35), իսկ տեղական ժողովրդավարները, ի դեմս Վանյան & Co-ի կազմակերպում են այդ երկրի կարճամետրաժ ֆիլմերի փառատոն` անտեսելով հայ ժողովրդի առնվազն վերջին 20 տարիների ընթացքում ձևավորված հիշողությունը:

Միթե Սումգայիթի և Բաքվի ջարդերի զոհերը, Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հարյուր հազարավոր փախստականները, զոհված ազատամարտիկների ծնողներն ու հարազատները, Բուդապեշտում քնած ժամանակ կացնահարված հայ սպայի ազգականները, ինչպես նաև հրադադարի ժամանակ դիպուկահարների պատերազմի զոհերն ու ադրբեջանական ազգային անհանդուրժողականության բազմաթիվ այլ զոհեր, հօգուտ արմատավորվող հանդուրժողականության, պետք է առնվազն չեզոքությամբ ընդունեին այս փառատոնի գաղափարը: Սխալվում եք, պարոնայք` «պարզունակ ժողովրդավարական գաղափարախոսություն» մարմնավորողներ:

Ակնհայտ է, որ հակամարտության մեջ գտնվող երկրների հասարակության շրջանում հանրային հիշողության ձևափոխումը երկարատև և քրտնաջան աշխատանք է պահանջում, այլ ոչ թե միակողմանի ցուցամոլական ցանկություն` ժողովրդավարության և հանդուրժողականության հարցերում «լինել ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապը»:

Դատապարտելով Վանյան & Co-ի վարքագիծը, չի կարելի տեղական իրավապահ մարմինների խայտառակ և անվայել վարքագծի «կողքով անցնել», որոնք գործում են երկակի չափանիշների դասական ձևով:

Պարոնայք` տեղական ինքնակառավարման մարմինների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ.

Երբ Մաշտոցի պուրակում դուք պաշտպանում եք առևտրային բուտիկների սեփականատերերի շահերը, ապա «Մեր քաղաքը» և «Մենք ենք այս քաղաքի տերերը» քաղաքացիական նախաձեռնությունների երկու տասնյակ ներկայացուցիչների դեմ հանում եք հարյուրավոր ոստիկաններ, մինչդեռ երբ անհրաժեշտ էր պաշտպանել Գյումրի և Վանաձոր քաղաքների իրավապաշտպանական կազմակերպությունների գրասենյակների անվտանգությունը, ապա ոստիկանները թաքնվում էին ցուցարարների թիկունքում: Չէ՞ որ դուք նախօրոք տեղեկացված էիք, որ բողոքի ակցիաներ են սպասվում վերոնշյալ քաղաքներում և դուք պարտավոր էիք պայմաններ ստեղծել, որ անցանկալի միջադեպեր չլինեին:

Խորհուրդ կտայի երբեմն հետևել միջազգային լուրերին. Նորվեգիայի ամբողջ ոստիկանությունը հսկում է «նորվեգացի հրաձիգին»` նրա կողմից իրականացված ոճրագործության զոհերի հարազատների ինքնադատաստանից զերծ պահելու համար…

Պարոն ոստիկանապետ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Ձեզանից պահանջում է կազմակերպել ֆիզիկական և իրավաբանական անձանց անվտանգության պաշտպանությունը` անկախ նրանց հանդեպ Ձեր ունեցած անձնական համակրանքից կամ հակակրանքից: Դա Ձեր և Ձեր աշխատակիցների պարտականությունն է: Այդպես է պահանջվում իրավական պետությունում, և միայն այդ դեպքում է, որ «ժողովրդավարությունը» ամբոխահաճո խոսք չէ:

Լևոն Ներսիսյան
Ա.Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների
պաշտպանության հայկական կենտրոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter