HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հայտնի դարձան «2010 թվականի օտարալեզները»

Այսօր Մատենադարանին հարակից տարածքում՝ Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարեց «Օտարալիզության ասպարեզում Դելյանով-Աշոտյանի անվան մրցանակը» շահողների անունները:

Քաղաքացիական նախաձեռնությունը հակամրցանակը հիմնել էր անցյալ տարվա նոյեմբերին: Մրցանակի նպատակն է առանձնացնել հայոց լեզվին, դպրությանը և ազգային անկախ պետականությանն առավել մեծ վնաս հասցրած գործիչներին ու կազմակերպություններին և նրանց գործունեությունը ներկայացնել հանրությանն ու սերունդներին:

Անցյալ տարի կառավարությունը Ազգային ժողովին ներկայացրեց «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների փաթեթը, որը հնարավոր է դարձնում Հայաստանում օտարալեզու դպրոցների հիմնումը: Այդ ժամանակ էլ սկսեց գործել «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժումը:

«Օտարալիզության մրցանակի» հաղթողները որոշվել են ըստ ինտերնետային քվեարկության: Մեկ շաբաթ տված հանրային քվեարկության ընթացքում քվեարկողները թեկնածուներին բաշխել են՝ ըստ տեղերի: Ստացված արդյունքներով «2010 թ. օտարալիզության ասպարեզում Աշոտյան-Դելյանովի անվան առաջին կարգի օտարալեզ» մրցանակը ստացավ նախագահ Սերժ Սարգսյանը, «երկրորդ կարգի օտարալեզ մրցանակը»՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «երրորդ կարգի օտարալեզ մրցանակը»՝ օրենսդրական փոփոխություններին կողմ քվեարկած 69 պատգամավորը:

 Մրցանակը ներառում է համապատասխան հարգի (ոսկի, արծաթ, բրոնզ) մեդալ, որի երեսին տեղադրված են Աշոտյանի ու Դելյանովի դիմապատկերները և քայքայում խորհրդանշող գանգի պատկերը, ինչպես նաև պատվոգիր և դրամական պարգև՝ 30 դրամի չափով:

«Բոլոր մրցանակները հանձնվելու են հասցեատերերին»,- ասաց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը:

Բացի հակամրցանակ շահած վերոնշյալ գործիչներից՝ հակամրցանակի թեկնածուներ էին նաև մի շարք այլ գործիչներ, ովքեր բավարար ձայներ չեն հավաքել 1-ից 3-րդ տեղը զբաղեցնելու համար, բայց ճանաչվել են «տարվա օտարալեզ»: Այդ գործիչներն են «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, «Դիլիջան միջազգային դպրոցի» հոգաբարձուների խորհրդի հայազգի անդամներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրիգորյան, Էնդրյու Մկրտչյանը, Հրանտ Պողոսյանը, Արմեն Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև Մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր Բելլա Եսաջանյանը, Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, Հանրային խորհրդի անդամ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը:

«Բոլոր այս մարդիկ կստանան գովասանագիր, որը անձամբ կհանձնվի կամ իրենց, կամ աշխատավայրում: Գովասանագրում նշված կլինի այն մեծ «պատիվը», որին իրենք արժանանում են»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե չի՞ կարծում, որ այս գործիչները կարող են վիրավորվել, որ իրենց «օտարալեզ» են անվանում՝ Արմեն Հովհաննիսյանն ասաց. «Այն վիրավորանքը, որ կրում եմ ես՝ որպես հայ մարդ, որպես քաղաքացի, այն վիրավորանքը, որ միլիոնավոր մարդիկ կրում են իրենց գործունեությունից, անհամեմատ ավելի մեծ է բոլոր իրենց ճղճիմ զգացմունքներից»:

Ըստ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման՝ մրցանակը կոչվում է Դելյանով-Աշոտյանի անվան, քանի որ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը բացառիկ «ներդրում» ունեցավ օտարալեզու դպրոցների օրինագիծը ստեղծելու, պաշտպանելու և ընդունելու գործում, իսկ ազգությամբ հայ Դելյանովի (Դիլաքյան)՝ Ռուսաստանի կայսրության լուսավորության նախարար լինելու օրոք (1882-1897 թթ) փակվել են բազմաթիվ հայկական դպրոցներ, սահմանափակվել է ազնվական ծագում չունեցող երեխաների մուտքը գիմնազիաներ:

Ավելի մռայլ հեռանկար, ըստ օտարալեզու դպրոցների դեմ հանդես եկող գործիչների, սպասվում է նաև ՀՀ-ում օտարալեզու կրթության կայացման դեպքում: Նրանք համոզված են, որ այս դեպքում ՀՀ-ում կձևավորվի օտարախոս վերնախավ, դրանով իսկ կվտանգվի անկախ պետականությունը, հայալեզու կրթությունը կհամարվի ցածրակարգ, շարքային քաղաքացիների երեխաները չեն կարողանա որակյալ կրթություն ստանալ, կսահմանափակվի հայոց լեզվի գործածության ոլորտը և այլն: Շատ գործիչներ այն կարծիքն են հայտնել, որ այս օրենսդրական փոփոխությունը Հայաստանին է պարտադրել Ռուսաստանը կամ այլ օտար ուժեր:

Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքները ստորագրելուց հետո Հայաստանում օտարալեզու դպրոցներ չեն բացվել, բայց սկսվել են գործընթացներ, օրինակ՝ «Քվանտ» վարժարանում և այլ դպրոցներում: Քանի որ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը երկխոսում է այն արտաքին ուժերի հետ, որոնք ցանկանում են Հայաստանում ունենալ օտարալեզու կրթության ծրագրեր, Արմեն Հովհաննիսյանը չհրապարակեց մանրամասներ այդ դպրոցների վերաբերյալ:

 «Մենք հուսով ենք, որ դա կկանխվի: Երբ բանը բանից անցնի, և միայն բողոքի և առճակատման միջոցով հնարավոր լինի դա կանգնեցնել, բնականաբար, ողջ հանրությունը կիմանա դրա մասին, մենք որևէ գաղտնիք չունենք: Ամենավտանգավորն այն է, ուզում են այդ 12 դպրոցի քվոտային ձեռք չտալ և ավագ դպրոցներում անցկացնել այդ դպրոցները, որը թվային սահմանափակում չունի և ավելի սարսափելի է: Այսինքն՝ տեսականորեն կարող է մի օր արթնանաք և չունենանք հայալեզու ավագ դպրոց»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ 2010թ. դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովը 69 կողմ, 1 դեմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Դեմ էր քվեարկել անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» բոյկոտել էին քվեարկությանը, սակայն իշխանական կոալիցիայի խմբակցությունները կողմ էին քվեարկել:

Առաջին ընթերցմամբ օրինագիծն ընդունվել էր դրանից 6 ամիս առաջ՝ 2010թ. հունիսի 24-ին՝ Սբ. Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի տոնի օրը:

«Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները փոփոխելու՝ կառավարության նախաձեռնությունից հետո քաղաքացիական հասարակությունը բողոքի բազմաթիվ ակցիաներ անցկացրեց, իսկ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժումը հայտարարեց, որ ավելի ոչ լեգիտիմ օրինագծեր դժվար է պատկերացնել:

Չնայած դրան` նախագահ Սերժ Սարգսյանը 2011 թ. հունվարի 19-ին ստորագրեց Ազգային ժողովի ընդունած օրենքները:

Օրենքները ստորագրելուց 33 օր անց՝ փետրվարի 21-ին, Մայրենի լեզվի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը հայտարարեց. «...մեծ է լեզվի դերը, որը ոչ միայն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարևորագույն գրավականներից է, այլև նրա գոյության ապավենն ու պաշտպանը, ավյունն ու կենսաուժը, ինքնության վահանը: Հեռանալ հայոց լեզվից նշանակում է հեռանալ հայ ժողովրդից, ազգային արմատից ու կենսահողից, դառնալ մի վտարանդի, որն անհաստատ է, լքված, անհայրենիք: Այսօր մենք մեկ անգամ ևս ինքներս մեզ համար բարձրաձայնում ենք, որ ընտանիքում պետք է իշխի հայոց լեզուն ու հայեցի դաստիարակությունը: Հայ երիտասարդը պետք է սրբացնի հայոց լեզուն, լինի արթուն, գիտակից ու հասկանա, որ շատ լեզուներ իմանալով հանդերձ, չպետք է կորցնի մայրենին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter