Հրամանատարը, ԱՀՏԱԳ տեղակալն ու գումհրամանատարը պաշտոնանկ են արվել
«Հետքի» աղբյուրները տեղեկացնում են, որ ԼՂՀ ՊԲ Մարտունու N զորամասում հուլիսի 28-ին տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո իրենց պաշտոններից հեռացվել են զորամասի հրամանատար, գնդապետ Ֆելիքս Բաղդասարյանը, վերջինիս` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Գագիկ Պետրոսյանը եւ 4-րդ գումարտակի (հենց սրա կազմում է ընդգրկված եղել ավագ լեյտենանտ Վարդգես Թադեւոսյանի դասակը) հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Դանիելյանը:
Նշենք, որ Բաղդասարյանը զորամասի հրամանատար էր նշանակվել 2008-ի վերջին, իսկ գումհրամանատար Դանիելյանը իր պաշտոնը ստանձնել էր մոտ 4 ամիս առաջ: «Հետքի» աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Մարտունու N զորամասի նոր հրամանատար եւ ԱՀՏԱԳ տեղակալ են նշանակվել Գորիսի զորամասի հրամանատարն ու ԱՀՏԱԳ տեղակալը:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին եւ 28-ին հայկական բանակում տեղի ունեցած աղմկալի դեպքերից հետո ՀՀ ՊՆ-ում օգոստոսի 6-ին հրավիրվել էր կոլեգիայի արտահերթ նիստ, որի ժամանակ էլ պաշտպանության նախարարի հրամաններով 8 սպաներ ազատվել էին զբաղեցրած պաշտոններից: Դրանցից 7-ն արձակվել էին պահեստազոր, մի շարք զինծառայողներ ենթարկվել էին կարգապահական տարբեր տույժերի, նշանակվել էին ավելի ցածր պաշտոնների, իջեցվել էին նաև զինվորական կոչումներ:
Մեկնաբանել