HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Է. Շարմազանով. «Գյուլին խորհուրդ կտամ քիթը չխոթել ղարաբաղյան հիմնահարցի մեջ»

«Թուրքիայի քաղաքական վերնախավի ներկայացուցիչները շատ լավ սերտել են գեբելսյան դասերը, այն է` եթե ուզում ես, որ քո ստին հավատան, ավելի ահավոր սուտ հորինիր: Բայց պարոն Գյուլը պետք է շատ լավ իմանա , որ 20-րդ դարի 30-ական թվականների գեբելսյան պրոպագանդան չի կարող գործել 21-րդ դարում»,- այսօրվա ասուլիսում, ի պատասխան Բաքվում Թուրքիայի նախագահի հայտարարությանը, թե ղարաբաղյան հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, թե Թուրքիայի նախագահը շատ ավելի լավ կանի, եթե ընթերցի համանախագահ երկրների արտգործնախարարների վերջերս կատարած հայտարարությունը, որտեղ նշված է, որ չի կարելի մի սկզբունքը մյուսներից գերակա համարել, եւ հստակ գրված է, որ խնդիրը պետք է լուծվի ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:

«Կոսովոյի զարգացումները եւ Միջազգային դատարանի վճիռը եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ ՄԱԿ-ի նպատակը` ազգերի ինքնորոշումը, ավելի բարձր է, քան ՄԱԿ-ի սկզբունքը` տարածքային ամբողջականությունը,- ասաց Շարմազանովը, ապա հավելեց:- Եթե մենք առաջնորդվենք պարոն Գյուլի տրամաբանությամբ, ապա աշխարհում պետք է լիներ ոչ թե մոտ 200, այլ ընդամնեը 55-56 պետություն: Եվ ամենակարեւորը` պարոն Գյուլին խորհուրդ կտամ քիթը չխոթել ղարաբաղյան հիմնահարցի մեջ, որովհետեւ դեղատոմսեր մշակելու ու առաջարկելու փոխարեն ավելի լավ կլինի ինքը զբաղվի Կիպրոսի օկուպացիան վերացնելով, քրդական խնդիրներով ու Աղթամարում շոուներ չկազմակերպի»:

Անդրադառնալով հայ-ռուսական հարբերություններին, ռուսական ռազմաբազայի ժեմկետի երկարացմանն ու ՀԱՊԿ երեւանյան ոչ պաշտոնական գագթնաժողովին` ՀՀԿ անդամը նշեց, որ Հայաստան-Ռուսաստան գործակցությունը դրված է շատ դրական ռելսերի վրա, եւ Դիմտրի Մեդվեդեւի սպասվելիք այցը դրա վառ ապացույցն է: ԱԺ պատգամավորը գալիք այցի շրջանակներում կարեւորում է երկու բաղկացուցիչ. ռազմաքաղաքական եւ տնտեսական գործակցության խորացումը:

«21-րդ դարում կայացած, ուժեղ ազգային անվտանգություն ունենալու համար անհրաժեշտ է, որպեսզի տվյալ պետությունը լինի այս կամ այն ռազմաքաղաքական բլոկի կազմում: Ռազմաբազայի երկարաձգման այս պայմանագիրը, կարծում եմ, ուժերի հավասարակշռման խնդիր է դնում: Երբ ռուսական ռազմաբազան իր գործառույթները փոխի եւ պաշտպանի ոչ միայն Հայաստանի սահմանները, այլ նաեւ Հայաստանի անվտանգության մեխանիզմներ իրականացնող լինի, ապա գործնականում բացառվում է ղարաբաղյան հիմնահարցի ռազմական լուծումը կամ տարածաշրջանում պատերազմական գործողությունները,- հայտարարեց ԱԺ պատգամավորը:- Մենք շատ լավ հարաբերություններ ունենք նաեւ ԱՄՆ-ի, Արեւմուտքի հետ: Կարծում եմ` այս բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը տալիս է իր դրական պտուղները: Հայաստանի իշխանությունների քայլերը արդարացված են եւ բխում են ազգային ու պետական շահերից»:

ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը Երեւանում անցկացնելը, ըստ ՀՀԿ ներկայացուցչի, խոսում է Երեւանի տարածաշրջանային դերի բարձրացման մասին. «Կարծում եմ, որ ՀՀ նախագահը` որպես հյուրընկալող կողմ, տարածաշրջանային անվտանգության հետ կապված մեր դիրքորոշումները եւս մեկ անգամ կներկայացնի, ինչու չէ, նաեւ երկկողմ հարաբերությունների հետ կապված խնդիրներ կքննարկվեն եւ ամենակարեւորը` Հայաստանը լավ առիթ ունի իր տեսակետները ներկայացնել տարածաշրջանային անվտանգության, ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծման ու հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter