HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Երեւանցի դերասանը կրթում է պոլսահայ երեխաներին

Արդեն 10 տարի դերասան Արամ Կոստանյանն ապրում է Ստամբուլում: Թատրոնի նախկին արտիստն ասում է, որ կյանքում պատահում է, որ «գալիս է մի կետ, երբ արդեն չես կարողանում ինքնարտահայտվել գործնական առումով, անդադար ինչ-որ ալիքների մեջ ես, իսկ արվեստագետի համար, ինձ թվում է, ամենակարեւորն այն է, երբ նա ինքնաբավ է, այսինքն` կարողանում է գոնե ինչ-որ մի գործունեություն ծավալել»:

«Շարքային դերասանը պետք է սպասի, որ իրեն հրավիրեն բեմադրության մեջ խաղալու: Սա այնպիսի մասնագիտություն է, որ ամբողջ տարին կարող է սպասես դերի ու չխաղաս: Իհարկե, ես այստեղ չեկա խաղալու, այլ իմ նյութական վիճակը ինչ-որ ձեւով փրկելու կամ ինչ-որ կերպ ճգնաժամային վիճակից դուրս գալու»,- պատմում է դերասանն ու հավելում, որ հենց Ստամբուլ է եկել, որովհետեւ նախնիները Պոլսից են, ու այժմ էլ այստեղ ազգականներ ունի:

Արամը չի էլ կարծել, որ այսքան երկար կմնա Թուրքիայում, որովհետեւ գալուց առաջ ծանոթացել ու առաջարկություն էր արել ապագա կնոջը` Լուսինեին, հետո մեկ ամսով եկել Ստամբուլ:

Այստեղ ծանոթացել էր «Մարմարա» հայերեն թերթի խմբագրապետ Ռոբեր Հատեճյանի հետ, ով Երեւանի «Նորք» թատրոնում ժամանակին դիտել ու հավանել էր Արամի մասնակցությամբ «Լեւոն 7-րդ» ներկայացումը, այդ մասին գրել նաեւ իր թերթում:

Հատեճյանն առաջարկել էր որեւէ ծրագիր մշակել, Արամն էլ «Պտույտ պոլսահայ գրականության պարտեզի մեջ» խորագրով ասմունքի երեկո էր պատրաստել, ինչից եւ սկսվել է նրա մշակութային կյանքը Ստամբուլում: Հետո ծանոթացել է Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հետ, ում առաջարկով թատրոնի դասեր է տվել Ստամբուլի Քընալը կղզում ամառային հանգիստ անցկացնող հայ երեխաներին, ինչին հաջորդել են հրավերները վարժարանների կողմից:  

Ա. Կոստանյանը պատմում է, որ դպրոցները դասերից հետո կազմակերպում են թատրոնի դասեր, մշակույթի շաբաթվա, Թարգմանչաց տոնի ընթացքում էլ կատարվում են ավելի մեծ աշխատություններ, որտեղ հրավիրվում են բոլոր վարժարաններից:

Ժամանակին իր հայ արտիստներով ու թատերական բուռն կյանքով հայտնի Ստամբուլում այսօր գործում են միայն առանձին թատերական խմբակներ, որոնք կազմակերպվում են վարժարանների շրջանավարտների` սանոց միությունների անդամների կողմից: Այդպիսիք են Մխիթարյան, Տատյան, Եշիլքյոյի (Եշիլգյուղ, Կանաչ գյուղ), Եսայան, Կեդրոնական, Կարագյոզյան սանոց միություները, որոնցից առաջինում, օրինակ, Ա. Կոստանյանը Պարոնյան եւ Օտյան է բեմադրել: 

Ըստ Արամի` տեղացիներն ասում են, որ 15-20 տարի առաջ հայ մշակութային կյանքն ավելի ակտիվ էր: Հիմա հանդիսատեսն ավելի քիչ է, թատերախմբերն էլ միշտ չէ, որ հայերեն են խաղում, իսկ երեկոներին  գալիս են մարդիկ, որոնք մշտական այցելուներ են: Դերասանը, սակայն, նշում է, որ ինքը միշտ էլ տեսնում է հանդիսատես: 4-5 տարի բեմադրություններ է արել «Դալար» երգի-պարի խմբի հետ. եւ մասնակիցներն են շատ եղել, եւ հանդիսատեսները: Վերջիններս, անշուշտ, հայեր են, չնայած երբեմն լինում են նաեւ քաղաքապետարանի պաշտոնյա թուրքեր:

Անձնական կյանքին վերադառնալով` Ա. Կոստանյանը ժպիտով է հիշում, որ գործի բերումով այդպես էլ չկարողացավ վերադառնալ Հայաստան. «Առանց ինձ նշանդրեք, հարսանիք արեցին: Այդ ժամանակ Հայաստանում էին նաեւ Ռոբեր Հատեճյանը, Կոմիկյանը, մյուսները, որոնք նույնպես ներկա եղան արարողությանը, ինչից հետո Լուսինեին իրենց հետ բերեցին Ստամբուլ: Տղաներս` Հարությունն ու Ավետիսը ծնվեցին այստեղ: Երկու տարի առաջ, երբ նրանց պիտի մկրտեինք, ասացին, որ առանց ամուսնության չի լինի, դե մենք էլ «ԶԱԳՍ»-ի թուղթ չունենք, բայց բացառություն արեցին` հարգելով իմ այստեղի գործունեությունը: Եկեղեցում պսակադրություն արեցին, մենք հարս ու փեսայի շորերով էինք, դրանից հետո էլ տղաներս մկրտվեցին Եշիլգյուղի Սբ. Ստեփանոս եկեղեցում»:

Արամը խոստովանում է, որ երեխաները այնքան խորը չեն ընկալում իրենց կացությունը, քանի որ այստեղ են ծնվել, այստեղ են մեծանում, շփվում, այստեղի իրենց ընկերներն ունեն: Բայց իրենց` ծնողների համար այս ամենը ժամանակավոր է ու նաեւ դժվար, քանի որ կտրված են ազգականներից, զգում են  հայրենիքի կարոտը:

Այդուհանդերձ, Ստամբուլ գալուց հետո Արամը Հայաստանում չի եղել. անձնագրի խնդիրներ ունի, մեկ անգամ գնալուց հետո այլեւս չի կարողանա վերադառնալ, այնինչ կիսատ թողած գործեր ունի եւ դրանց համար պատասխանատվություն է զգում:

Այսօր նա հիմնականում դասեր է տալիս Եշիլգյուղի եւ Տատյան վարժարաններում: Հենց վերջինում էլ կրթվում են Հարությունն ու Ավետիսը, չնայած որ Թուրքիայի քաղաքացիների զավակներ չեն. պարզապես այս անգամ էլ եկեղեցին բացառություն է արել Արամ Կոստանյանի համար: Գալիք ուսումնական տարուց, սակայն, Հարությունը, ծնողների որոշմամբ, պիտի Երեւանում դպրոց հաճախի:

«Իսկապես շատ դժվար է հայրենիքից բաժանումը, երբեմն տխուր լուրեր եմ ստանում ընկերներից, որոնց կողքին չեմ կարող լինել, երբեմն ուրախ բաներ եմ լսում, ֆիլմեր, ներկայացումներ են լինում, որ կուզենայի ընկերներիս շնորհավորել: Կարոտում ես, անմիջապես հիշում ես ուրախ ու տխուր նախկին օրերը, որ միասին եք եղել»,- ասում է դերասանը:   

Ստամբուլ-Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter