HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղմկահարույց սպանության գործով դատաքննությունը շարունակվում է

Ապրիլի 27-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, շարունակվեց   2011թ.-ի  հոկտեմբերի  4-ից  սկսված Ալավերդի քաղաքի բնակիչ Ռոբերտ Մոսինյանի սպանության մեջ մեղադրվող Կամո Շահվերդյանի դատաքննությունը:  

Դատական այս նիստում դատավոր Մարինե Մելքոնյանը հայտարարեց, որ  նախորդ` ապրիլի 18-ի դատական նիստում  ավարտվել է տուժողների,  վկաների և ամբաստանյալների  հարցաքննությունը և այժմ դատարանը  պետք է ուսումնասիրի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները: 

Մեղադրող դատախազ Արմեն Շիրոյանը մեղադրանքի հիմքում դրված ապացույցները հրապարակելուց հետո  ամբաստանյալ Կամո Շահվերդյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը դատարանին հայտարարեց, որ իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքը հիմնավոր չէ նաև քրգործով վկաներ Արամ Պետրոսյանի, Սերոբ Մկրտչյանի մակերեսային ցուցմունքների և Պողոս Պողոսյանի  նախաքննական ցուցմունքի արժանահավատ չլինելու պատճառով:  

Դատաքննությանը ներկա էին քրեական գործով ներգրավված 3 ամբաստանյալները` Կամո Շահվերդյանը, Վրույր Էվոյանը և Ռոմիկ Մոսինյանը: Մոտ 6,5 ամիս շարունակվող  դատաքննության ընթացքում դատարանում վկաների կազմը չապահովելու պատճառով դատական բազմաթիվ նիստեր հետաձգվել են, իսկ դատարանին այդպես էլ չի հաջողվել հարցաքննել քրեական գործով ներգրավված բոլոր վկաներին:

«Յուրաքանչյուր դատական նիստի ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից  հերթական անգամ տեղեկանք է ներկայացվել, թե իբր վկաները հանրապետությունից  դուրս են գտնվում, այն դեպքում, երբ պետք է հարցում արվեր եւ պարզվեր վկան սահմանը հատե՞լ է, թե՞ ոչ: Մինչդեռ նման գործողություններ չեն կատարվել ոստիկանության կողմից»,- ասում է Հովիկ Արսենյանը: 

Պաշտպանը նաև «Հետքին» տեղեկացրեց, որ ոստիկանության անհետևողականության արդյունքում, վկաների չներկայանալու պատճառով դատարանը ստիպված ապրիլի 17-ին հրապարակել է վկաներ Լյովա Բազյանի, Ստեփան Մոսինյանի, Հովհաննես Մկրտումյանի, Աշոտ և Արամո Ավետյանների, Սամվել Տիտանյանի, Կամո Փիրուզյանի, Շուրիկ Սիմոնյանի  նախաքննական ցուցմունքները:  

Հովիկ Արսենյանն ասաց, որ  դատարանում հրապարակված նախաքննական  ցուցմունքներում իր պաշտպանյալի կողմից  կատարված  գործողությամբ, կամ  անգործությամբ ոչ հերքող, ոչ  հիմնավորող որևէ հանցանք գոյություն չուներ: Մեղադրանքի հիմքում դրված ապացույցները դատարանին ներկայացնելիս դատախազ Արմեն Շիրոյանն ասաց, որ Ալավերդի-Նոյեմբերյան  ճանապարհահատվածի 7-րդ կմ-ի վրա  տեղակայված  Կամո Շահվերդյանի  քարի վերամշակման  արտադրամասի 2010թ.-ի  հոկտեմբերի 16-ի  լույս 17-ի գիշերը՝ ժամը 00:58-ին,  սկսված զննությամբ  պարզվել է, որ  արտադրամասից 30 մետր հեռավորության վրա տեղադրված տնակից 12մետր դեպի ավտոմայրուղի  արտադրամաս մտնող  ավտոճանապարհը փակված է եղել գերաններով:

Սրանց աջ կողմում ձգվող բետոնե պատին կից բացօթյա ծածկից մոտ 1մետր  հեռավորության վրա, դեպի արտադրամաս հայտնաբերվել են 1 հատ երկփողանի որսորդական, 20 մմ տրամաչափի, կիսաբաց վիճակում հրացան, որի ձախ փողի մեջ եղել է  կրակված փափուշտ:  Հրացանից որոշ տարածության վրա հայտնաբերվել է  նաև նույն տրամաչափի կրակված փամփուշտի պարկուճ: 2010թ.-ի  հոկտեմբերի 17-ին  դեպքի վայրի  լրացուցիչ զննությամբ ` նկարագրված ծածկի տակ  հայտնաբերվել է արյան հետք և հետագայում նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ  հիմնավորվել է, որ արյան հետքը պատկանում է  Ռոբերտ Մոսինյանին: Արյան հետքից 5 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի  որսորդական հրացանի կրակված պարկուճ: Վերը նկարագրված տնակի մոտ  հայտնաբերվել են  7,62 մմ տրամաչափի հրազենի պարկուճներ և  20 մմ տրամաչափի  որսորդական հրացան:

Այդ հրացանը եղել է  Ռոբերտ Մոսինյանի մոտ, որը հիմնավորվել է  իրեղեն ապացույց ճանաչված 20 մմ տրամաչափի լիցքավորված փամփուշտով: Ալավերդու «Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի  տնօրեն Ստեփան Մոսինյանը հիշյալ փամփուշտը և կոտորակը  հանձնել է իրավապահներին  ու հայտարարել է, որ  փամփուշտը հայտնաբերվել է Ռոբերտ Մոսինյանի հագուստներում, իսկ կոտորակը՝ Ռոբերտ Մոսինյանի մարմնի մեջ:

Ըստ  դատաբժշկական փորձաքննության՝ Ռոբերտ Մոսինյանի մահվան անմիջական  պատճառը հանդիսացել է տրավմատիկ և հեմոռոգիկ շոկը, որն առաջացել է կրծքավանդակի աջ կողմնային մակերեսի, համակցված կրծքավանդակի և որովայնի խոռոչ թափանցող  հրազենային կույր վիրավորման, կրծքավանդակի աջ կողմնային պատի, ստոծանու աջ գմբեթի, լյարդի մեծ բլթի, ստորին սիներակի, աջ երիկամի և երիկամային երակի պատռվածքների, աջակողմյան հեմոթորակսի, հեմոպերիտոնիումի, արյուն որովայնի խոռոչում, հետորովայնամիզային  տարածության արյունազեղումների, արտաքին և ներքին սուր արյունահոսության  և ներքին օրգանների սուր արյունապակասության հետևանքով:

Դիակից վերցրված արյան և գլխուղեղի հյուսվածքի ուսումնասիրություններով  հայտնաբերվել է էթիլ սպիրտ, որը համապատասխանել է  Ռոբերտ Մոսինյանի թեթև աստիճանի հարբածության  հետ: Մեղադրող Շիրոյանը  հրապարակեց  նաև մեղադրանքի այլ ապացույցներ: 

Պաշտպան Հովիկ Արսենյանը  մեղադրողի դատարան ներկայացված ապացույցները  որակեց մակերեսային:  Հովիկ Արսենյանը դատարանում հայտարարեց, որ իր պաշտպանյալի  մեղադրանքի  ապացույցները հիմնավոր չեն: 

Պաշտպանին տարօրինակ է թվում քրեական գործի 1-ին հատորի 26 էջում, թիվ 3 արձանագրությունում նշված  այն փաստը, որ Ալավերդու հիվանդանոցում  հոկտեմբերի 16-ին՝ ժամը 22:20-ին,  զննելուց հետո արձանագրվել է, որ  բարձրությունից ընկնելու հետևանքով է Ռոբերտ Մոսինյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:

«Եվ երբևիցե քննության առարկա չի դարձվել և չի հարցաքննվել Ալավերդու բժշկական կենտրոնի բժիշկ Լյովա Ասրյանը, թե ինչի հիման վրա է դա գրել»,- հայտնեց պաշտպանը:  

Հովիկ Արսենյանը արժանահավատ չհամարեց վկաներ Արամ Պետրոսյանի և Պողոս Պողոսյանի  նախաքննական ցուցմունքները:  Պաշտպանը կարծում է, որ մակերեսային  քննչական աշխատանքներ են կատարվել նաև վկա Սերոբ Մկրտչյանի  հարցաքննության ընթացքում: Ելնելով վերոնշյալից ՝ Հովիկ Արսենյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին վկաներ Արամ Պետրոսյանին, Պողոս Պողոսյանին և  Սերոբ Մկրտչյանին դատարանում առանձին  հարցաքննելու համար:   Քննարկելով միջնորդությունը՝ դատարանը բավարարեց Հովիկ Արսենյանի միջնորդությունը:  Հաջորդ դատական նիստը տեղի  կունենա մայիսի 8-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter