HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Անհետացող քանդակների քաղաքը-3

Լեզվաբան Հրաչյա Աճառյանը մեր այն մեծերից է, ում հիշատակը գունավոր մետաղների «որսորդները» վերջին երեք տարում պղծել են արդեն երկու անգամ: Երեւանի կենտրողնում տեղադրված հուշատախտակի վրայից 2008-ի գարնանը տարել են Աճառյանի բրոնզե քանդակը:

Վերջինիս թոռը` կրտսեր Հրաչյա Աճառյանը, պատմում է, որ այն վերջին անգամ տեսել է գողության նախորդ օրվա իրիկունը: Առավոտյան, սակայն, հուշատախտակը դատարկ է եղել:

Ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել, բայց որեւէ բան չի պարզվել: Հ. Աճառյանը ահազանգել էր նաեւ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն: Վերջին անգամ նա 7 ամիս առաջ է դիմել գործակալությանը, որտեղից հայտնել են, թե 2008-ից ցայսօր ոստիկանությունից տեղեկատվություն չեն ստացել գողության մասին, այնինչ, ըստ Աճառյանի, հենց գործակալությունը պիտի շահագրգռված լիներ այս հարցում, քանի որ պապի հուշաքանդակը գտնվում է այդ կառույցի հաշվեկշռում: Աճառյանին գործակալությունում ասել են, որ քանդակի վերականգնման համար իրենք պիտի դիմեն քաղաքապետարան: Հուշատախտակի հեղինակ Արտաշես Հովսեփյանը Աճառյանին հայտնել է, որ վերականգնումը 9000 դոլար կարժենա, վերջինս դիմել է մշակույթի փոխնախարարներ Գագիկ Գյուրջյանին (նախկին) ու Արեւ Սամուելյանին, նրանք հայտնել են, որ կարող են օգնել մասամբ: Եվ այս տեղապտույտի արդյունքում այսօր էլ մեծ լեզվաբանի հուշաքարն առանց քանդակի է: Կրտսեր Աճառյանը խոստովանում է, որ Մաշտոցի պողոտայով իր հյուրերի հետ քայլելիս անցնում է դիմացի մայթ, քանի որ ամաչում է ցույց տալ պապի պղծված հուշատախտակը:

Մեծ հայի հիշատակի դեմ երկրորդ ոտնձգությունը կատարվել է վերջերս: Խաչվերացից (սեպտեմբերի 12) երկու օր անց Կենտրոնական գերեզմանատան (Թոխմախի գերեզմանոց) քաղաքային պանթեոն այցելած կրտսեր Աճառյանը հայտնաբերել է պապի պղծված շիրմաքարը. դրա վրայից անհետացել է մոտ 8 կգ կշռող բրոնզե հարթաքանդակը: Հ. Աճառյանը դիմել է ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ, ինքն էլ ցուցմունք է տվել, բայց այսքանով, ըստ էության, ամեն ինչ ավարտվել է: Նա ասում է, որ իրավապահներից որեւէ նորություն չի սպասում, ակնկալիք չունի, պարզապես պապի հիշատակի հանդեպ կատարել է իր հոգու պարտքը:

2008-ի փետրվարին նույն Մաշտոց-Իսահակյան խաչմերուկից գողացել էին նաեւ գրականագետ Լեւոն Ներսիսյանի հուշաքարի բրոնզե քանդակը (ի տարբերություն Աճառյանի` այս մեկը քաղաքապետարանի հաշվեկշռում է): Սրա ճակատագիրն էլ, ի թիվս այլ գործերի, մնաց անհայտ. հարուցված քրգործը որեւէ արդյունք չի տվել: Ներսիսյանի դուստրը` տկն Մարիան, ասում է, որ ձողի վրա ամրացված նախկին քանդակը երկար ժամանակ փորձում էին տանել ու, ի վերջո, տարան: Հեղինակի` Արա Շիրազի շնորհիվ մեկ տարի անց հուշաքարի նախկին տեսքը վերականգնվեց:

Քանդակագործի մոտ պահպանված գիպսե կաղապարով ձուլվեց ու արդեն 2009-ի ամռանը տեղադրվեց նորը: «Նոր պատճենը խրել են պատի մեջ, բանտարկել են, քաղբանտարկյալ է իմ հայրը, այլեւս էն գլուխը չի, խեղճ է, խեղճացած, պատի մեջ: Հիմա ակնհայտ երեւում է, որ բրոնզ չի, չի փայլում այլեւս»,- պատմում է Մարիա Ներսիսյանն ու հիշում, որ Արա Շիրազի հավաստմամբ` գողացված քանդակը հազիվ 100 դոլար արժենար:

Հեղինակը նաեւ ասել է, որ նորն այլեւս հնարավոր չի լինի հանել, քանի որ պատի մեջ է ամրացված: «Մեր քաղաքի հոգեւոր կլիման հասել է այն վիճակի, որ թեկուզ չճանաչելով արվեստի գործը` կարող ես հափշտակել. սա անկման վերջին աստիճանն է, եւ այստեղ օտար մարդ չկա, սա մեր ձեռագիրն է: Շատ վատ կլինի, եթե այս երեւույթը դառնա օրինաչափ, որ մի քանդակը 2-3 անգամ դրվի»,- քանդակի վերաբացման ժամանակ ասել էր Արա Շիրազը:

Արվեստի նույն գործը երկրորդ անգամ տեղադրելու նման մի պատմություն էլ եղավ այս տարի: Ապրիլի 17-ի, լույս 18-ի գիշերը գողացել էին Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրի` «Յոթնաղբյուրի» 7 շիթերից 3-ի բրոնզե թասերը, որոնք պատրաստել էր նկարիչ, քանդակագործ Նուռը (Արման Դավթյան), եւ որոնք տեղադրվել էին 2008-ին` ցայտաղբյուրը վերանորոգելու ժամանակ: Մամուլը գրել էր, որ ոստիկանությունում գործ չի հարուցվել, քանի որ իրենք ահազանգ չեն ստացել, բացի դրանից` հրապարակում հերթապահող ոստիկանները, ըստ լուրերի, ասել են, որ իրենք քնած են եղել մեքենայի մեջ եւ ոչինչ չեն տեսել:

«Ինչո՞ւ են ոստիկաններն այդ ժամանակ քնած եղել. վերջիվերջո, Հանրապետության հրապարակն է, փոքրիկ այգի չի, մութ անկյուն չի, ինչպե՞ս կարելի է հրապարակի վրայից, կենտրոնից ինչ-որ բան տանել, եւ ոստիկանները չնկատեն: Ընդ որում` գողերն այնտեղ շատ երկար են աշխատել, որովհետեւ երեք շատրվանիկները հանելը շատ դժվար գործ էր, գործիքներով նախապատրաստված եկել, աշխատել են,- մամուլին («Իրավունք», 27.04.2010) ասել էր Նուռն ու հավելել,- մինչեւ ցեղասպանություն ողբալը եւ մինչեւ պահանջելը, որպեսզի այլ երկրները եւ հատկապես Թուրքիան ընդունեն դա, պետք է մեր ներսի ցեղասպանողներին, նման բան իրագործողներին դատապարտենք: Ես նույնիսկ ազգություն չեմ ուզում նշել: Ես այսօր անգամ թուրքերի մեջ նման բան չեմ տեսել, որ իրենք իրենցից գողանան, իրենց երեխայից գողանան, իրենց ազգից գողանան: Ընդհանրապես, բարբարոսությունը բնորոշ է միայն բարբարոս ցեղերին եւ ոչ թե քաղաքակիրթ ազգերին, իսկ մենք փորձում ենք քաղաքակիրթ կոչվել, հնագույն մշակույթ ունեցող ազգ կոչվել: Կարծում եմ` մի քիչ բարձր, մեծ խոսքեր են դրանք ավելի շատ, կարելի է ասել` ամպագոռգոռ: Ընդ որում` նման դեպքերը քիչ չեն, առաջինը չեն, բայց հուսամ, որ վերջինը կլինեն… Ամեն դեպքում, հույսը մեռնում է վերջինը»:

Գողացված 3 թասերի փոխարեն Նուռը, այդուհանդերձ, պատրաստեց նորերը, բայց չի բացառվում, որ դրանք էլ արժանանան նույն բախտին: Պատճառն այն է, որ հատկապես վերջին 2-3 տարիներին Երեւանում արագորեն անհետանում ու այլանդակվում են պղնձե եւ բրոնզե քանդակներ ու արձաններ, որոնք սովորական ջարդոնի գնով հանձնվում են գունավոր մետաղի ընդունման կետեր:

Այս տարի քանդակագողության մեկ այլ աղմկահարույց երեւանյան դեպք գրանցվեց հունիսի 2-ին: Այդ օրը` լույս գիշերվա ժամը 3-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գայի պողոտա-Մոլդովական փողոց խաչմերուկի մոտ տեղադրված Հայկ Նահապետի արձանի վրայից գողություն է կատարվում:

Իրավապահները դեպքի վայրում հետապնդել էին փախուստի դիմած հանցագործին եւ բերման ենթարկել բաժին: Դա Նոր Նորքի 20-ամյա բնակիչ Սանդրո Մանուկյանն էր: Ոստիկանության հաղորդմամբ` վերջինս 2:55-ին լինգով պոկել էր Հայկի արձանի ձախ ոտքի պղնձե թիթեղն ու փորձել գողանալ:

Պարզվել էր նաեւ, որ հենց այդ երիտասարդն էր ապրիլ-մայիս ամիսներին վնասել նույն Նոր Նորքում տեղադրված Տորք Անգեղի պղնձե արձանը` կտրատելով ու գողանալով պղնձե հատվածներ: Պատճառված նյութական վնասը գնահատվել էր 2.800.000 դրամ:

Այս երկու արձանների հեղինակն էլ Կառլեն Նուրիջանյանն է: Երկուսն էլ պատրաստված են կոփածո պղնձից, այսինքն` կերպարները կերտվել են մետաղե կմախքի վրա իրար զոդված պղնձե թիթեղներից, ինչը նշանակում է, որ արձանները սնամեջ են, եւ լինգերով ու այլ գործիքներով զինված չարագործների համար` բավական խոցելի: Հայկի արձանը կանգնեցվել է 1972-ին, իսկ Տորք Անգեղինը` 1982-ին: Նկարիչների միության քարտուղար, նկարիչ, քանդակագործ Գագիկ Ղազարյանն ասում է, որ կոփածո պղնձից գործերը պարբերաբար թարմացման կարիք ունեն, քանի որ երկար ժամանակի ընթացքում մետաղը տեղումների ու քամիների պատճառով քայքայվում է, եւ քամին, զոդման վնասված հատվածներից մտնելով սնամեջ արձանի մեջ, թուլացնում, փչացնում է այն, ինչն էլ հեշտացնում է մետաղագողերի գործը:

3 տարում` ընդամենը 7 դե՞պք

Ըստ ոստիկանության տվյալների` Հայաստանի Հանրապետությունում 2008 թ.-ից 2010 թ. հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ՀՀ Քր.օր.-ի 180 հոդվածի («Առանձնակի արժեք ունեցող առարկաները հափշտակելը») հատկանիշներով նախատեսված 4 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է ՀՀ Քր.օր.-ի 185 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով («Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը առաջացրել է պատմական, գիտական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաների ոչնչացում կամ վնասում») նախատեսված 1 դեպք եւ 264 հոդվածի («Պատմության եւ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը») հատկանիշներով նախատեսված 2 դեպք։

Ոստիկանությունը չի պատասխանել բացահայտված դեպքերի եւ պատժի ենթարկված անձանց քանակական տվյալների մասին հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter