HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Տիգրանը երազում է հայկական պիտակով մեքենա մոդելավորել

Տիգրանի հետ ծանոթացա մեկուկես տարի առաջ բանակում: Իրենց վաշտի տղաները գործուղված էին մեր ստորաբաժանում:

Նրան հիմնականում դիմում էին ազգանունով` Խառատյան, կամ ուղղակի «նկարիչ» ասում: Տղաների ծոցատետրերում արված մեքենաների էսքիզներն առաջին հայացքից ինձ վրա մեծ տպավորություն չթողեցին, կարծում էի` մասնագիտությամբ նկարիչ այդ տղան պարզապես լավ ձեռք ունի: Սակայն շուտով, երբ տեղափոխվեցի հենց այն վաշտ, որտեղ ծառայում էր նա, կարծիքս փոխվեց: Տիգրանը նկարների ու գերազանցապես մեքենաների էսքիզների մի տրցակ ուներ, որն ազատ ժամանակ անպակաս էր նրա ձեռքից: Այնքան տարված էր իր նոր մտահղացումներով, որ նկարում էր նույնիսկ գիշերը, երբ մյուս զինվորները քնած էին:

Այլ հետաքրքրություններ էլ ուներ. փայտից զարդատուփեր ու փոքր երաժշտական գործիք-հուշանվերներ էր սարքում: Բայց հիմնական զբաղմունքը մեքենայի նոր մոդել արարելն էր: Հաջորդ օրն առավոտյան մեկ էլ պահարանից կհաներ թղթապանակն ու ցույց կտար նոր էսքիզը: Իմ այն հարցին, թե երբ հասցրիր նկարել, կժպտար` գիշերը:

Ծնողների պատմելով` սկսել է նկարել 3-4 տարեկանից եւ առաջինը հենց մեքենա է նկարել: Գեղագիտական կենտրոնում ու կերպարվեստի դպրոցում սովորելիս ավելի է տարվել մեքենաներով ու 12 տարեկանից սկսել թղթից ու փայտից մոդելներ պատրաստել, իսկ ավելի ուշ սեփական մոդելներն է մշակել: Տիգրանը մասնագիտությամբ նկարիչ-մանկավարժ է, ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտը, զորացրվելուց հետո էլ սովորում է Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանում: Միջավայրի դիզայներ պիտի դառնա, բայց գլխավոր նպատակը ավտոարտադրության մեջ ներգրավվելն է: Ճիշտ է` Հայաստանում տեղական ավտոարտադրություն չկա, բայց Տիգրանն ասում է, որ ոչ ահռելի գումարների ներդրմամբ կարելի է սկսել փոքր արտադրություն:

«Մի շարք մոդելներ ունեմ, որոնք նախատեսել եմ հենց Հայաստանում արտադրելու համար. դրանք փոքրաթիվ արտադրությամբ սպորտային մեքենաներ են, որոնք, ինձ թվում է, հնարավոր է մեզ մոտ արտադրել ու շուկա գտնել թե ներսում, թե դրսում: Դա կլինի թեթեւ, երկու հոգու համար նախատեսված սպորտային մեքենա, որն ընդունակ է նաեւ ավազի վրա ընթանալ, այսինքն` նախատեսված է լողափնյա միջավայրի համար: Շուկան կլինեն Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրանը, ինչու չէ` Թուրքիան: Կարծում եմ` մեծ գործարան պետք չէ, որովհետեւ արտադրությունը փոքր է լինելու, ամսվա մեջ` 20-25 մեքենա, որոնք ձեռքով պիտի հավաքվեն: Ուրախ կլինեի, որ մեր տեղական գործարարները գումարներ դնեին, մեքենան լիներ հայկական պիտակով»,- ասում է Տիգրանը:

Այս եւ այլ մոդելներում մշակված են բոլոր մանրամասները` արտաքին տեսքը, մեքենայի սրահի ձեւավորումը, կոնստրուկցիոն եւ ֆունկցիոնալ հնարավորությունները: Բեռնատար ու մարդատար մեքենաների, հատուկ տեխնիկայի իր էսքիզներում ու մոդելներում Տիգրանը շեշտը դնում է նորարարության վրա, փորձում գտնել նոր լուծումներ: Վերջերս նամակներ է ուղարկել արտասահմանյան ավտոարտադրողներին` Գերմանիա, Ճապոնիա, Ռուսաստան, Ուկրաինա: Մասնավորապես գերմանական BMW-ից առաջարկել են էսքիզներով ներկայանալ Մյունխեն` ընկերության կենտրոնական շտաբ-բնակարան: Մյուսները պատասխանել են նույն կերպ: Սակայն խնդիրը ֆինանսների բացակայությունն է:

Տիգրանն ասում է, որ ավտոդիզայներների մրցույթներ արտասահմանում հաճախ են կազմակերպվում, բայց մասնակցության պայմաններից մեկն անձամբ ներկայանալն է, ինչը նույնպես ֆինանսների հարց է: Նա ծանոթ է այն հայ ավտոդիզայներների աշխատանքներին, որոնք աշխատում են արտերկրում ու լուրջ հաջողությունների են հասել: Բայց հույսը չի կորցնում, որ նման հաջողության կարելի է հասնել նաեւ Հայաստանում:

«Ինձ թվում է` սա իրատեսական ծրագիր է: Հույս ունեմ, որ կապեր կստեղծվեն արտասահմանյան ընկերությունների հետ, իսկ հետո հենց Հայաստանում հնարավոր կլինի արտադրություն կազմակերպել: Շատ մեծ ներդրումներ չեն պահանջվի փոքր ծավալների համար, արտասահմանյանի համեմատ էլ ավելի էժան կիրացնենք,- ասում է նա:- Կարծում եմ` մեր երիտասարդների եւ ավտոսիրողների կողմից սպորտային թեթեւ մոդելը կընդունվի: Պահանջարկի մեծացման դեպքում էլ մոդելների շարքն ու արտադրությունը կընդլայնենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter