HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նա ընտրել է մարդկային հարաբերություններից ամենաբարդը

Լիլիթի մասին առաջին անգամ կարդացել էի թերթում: Այս կինը համարձակություն էր ունեցել հրապարակայնորեն արտահայտվել երիտասարդ տարիքում իր դեմ կատարված սեռական ոտնձգության մասին, որն այժմ բարձրացնում էր իբրեւ կանանց համընդհանուր խնդիր: Հետո ծանոթացանք համացանցի միջոցով, չնայած այդ վիրտուալ շփումն էլ առանձնապես ակտիվ չէր:

Առաջին անգամ հանդիպեցինք հանգամանքների բերումով: Ինձ` ավանդական սեռական կողմնորոշում ունեցողիս, խոստովանեմ, զարմացրեց այն, որ Լիլիթն ինձ ու միլիոնավոր այլոց նման չէ: Նա երկսեռական է` բիսեքսուալ: Լիլիթը 40-ն անց է, ասում է, որ բավականին երկար ժամանակ եղել է շատ-շատերի նման` հետերոսեքսուալ. «Տարիներ առաջ այնպես ստացվեց, որ ծանոթացա մի աղջկա հետ: Դա նրա նախաձեռնությունն էր, մտերմացա հետը, սկսեցինք միասին ապրել»:

Լիլիթի ասելով` ինքը սեփական զգացմունքները գիտակցում է որոշակի ընթացքում ու ինչ-ինչ հանգամանքների բերումով: Այս դեպքում հիվանդացել էր նրա հետ ապրող աղջիկը: Հիվանդին խնամելու, հոգ տանելու այդ ժամանակահատվածում էլ ինքն իր համար բացահայտել էր սերը դեպի նույն սեռի ներկայացուցիչը: «Կարծում էի, որ դա ինչ-որ եզակի երեւույթ է իմ կյանքում: Չնայած իրար հետ էինք ապրում, բայց դա ես որպես ընտանիք չէի պատկերացնում»,- վերհիշում է զրուցակիցս:

«Իսկ դու երջանի՞կ էիր»,- հարցնում եմ նրան: «Ես երջանիկ կլինեի, եթե մեր անձնական հարաբերություններում լարվածություն չսկսվեր: Նա սկսեց ինձ խաբել, իսկ ես այն մարդը չեմ, որ ստի մեջ ապրեմ: Եվ ես իմ արժանապատվությունից ցածր համարեցի շարունակել հարաբերություններս նրա հետ: Բայց այդ նույն բանը կարող էր լինել իմ ու տղամարդու միջեւ»:

Մեկուկես տարի այդ աղջկա հետ ապրելուց հետո Լիլիթը ստիպված էր հեռանալ քաղաքից` նրանից հեռու լինելու համար: Մեկնեց Ջերմուկ իր ծանոթ տղաներից մեկի հետ, ով նրան վաղուց սիրահետում էր: Նրանք միասին էին շուրջ 5 ամիս: «Ես ֆիզիոլոգիական հակակրանք չունեմ հակառակ սեռի հանդեպ,- խոստովանում է Լիլիթը,- ես տղամարդուց` որպես սեռից, չեմ զզվում»:

2 տարի առաջ Լիլիթը ծանոթացել է Մարիի հետ: «Երբ հանդիպեցի նրան, առաջին 15 րոպեները չգիտեի, որ աղջիկ է: Նա արդեն 4 տարի գազալցակայանում էր աշխատում: Բոլորը գիտեին, թե տղա է, անունը` Մարտին: Ընկերուհիս ասաց, որ իսկական անունով չդիմեմ ուրիշների մոտ,- հիշում է Լիլիթը,- եթե 5 տարի առաջ ինձ ասեին, որ կարող է ապրեմ կնոջ հետ, ընտանիք ունենամ ու երջանիկ լինեմ, ոչ մի բանի կարիք չունենամ, հաստատ չէի հավատա»:

Լիլիթի կողմնորոշման մասին ընկերները գիտեն. միակ խնդիրը եղել եւ մնում է ծնողների հետ: Նա չի ցանկանում, որ ծնողների շրջապատի մարդիկ իմանան այդ մասին, ինչը կարող է հանգեցնել խնդիրների ծնողների հետ: «Սկզբում ասացի հորս. նա ինձ չհասկացավ: Ասում եմ` պապա, խի՞ չես հասկանում, քեզ կինը դուր ա՞ գալիս: Ասում ա` հա, ասում եմ` ինձ էլ ա դուր գալիս: Ես մեղավոր ե՞մ: Մեղավոր չեմ՚…
«Կնոջ ու կնոջ սերը շատ սիրուն բան է, չգիտեմ, գուցե նման են իրար, դրա համար էլ կինը կնոջն ավելի լավ է հասկանում: Բոլոր ընկերներս ինձ ու Մարիին որպես ընտանիք են ընկալում: Ես չեմ կարծում, որ իմ ընտանիքն ինչ-որ բանով զիջում է հետերոսեքսուալ որեւէ ընտանիքի (միակ բանը երեխաներ չունենալն է, որի համար պետք է ինչ-ինչ գործընթացներ անցնել (ակնարկում է արհեստական բեղմնավորումը – Վ. Ս.)): Հին ընկերուհիներիցս մեկի 15 տարեկան աղջիկը մի անգամ մորն ասաց` մամա, բայց Լիլիթենց ընտանիքն ընենց դուրս գալիս ա»:

Լիլիթը չի թաքցնում, որ ինքը բիսեքսուալ է, բայց շեշտում է, որ իր բիսեքսուալությունը հիմնված չէ սեռական ցանկության վրա, ինչպես ոմանց դեպքում: «Ինձ համար սեքսը չէ կարեւորը,- հավաստիացնում է նա,- եթե ես մեկին սիրում եմ, ինձ համար առաջնայինն այն է, որ նա իրեն պետք է լավ զգա»:

Նրա պատմելով` իրենից երիտասարդ Մարին բավականին զգացմունքային է, իսկ զգայական դաշտը 13-14 տարեկան փոթորկոտ պատանու նման է: «Նրա բնույթի մեջ տղայական բան կա: Երբեմն սիրահարվում է, ու դա վերջն է: Գալիս է մոտս, լաց լինում, ես մխիթարում եմ… Շատ տարօրինակ են իմ ու Մարիի հարաբերությունները: Ես ընտրել եմ մարդկային հարաբերություններից ամենաբարդը»,- ասում է Լիլիթը:

«Չե՞ս խանդում»,- հարցնում եմ նրան: «Խանդում եմ, երբ որ իմ առաջնայնությունն է հետ մղվում: Սեքսին չեմ խանդում, որովհետեւ դա այն բանը չէ, որ պետք է ֆետիշացնել»: Լիլիթի ասելով` Մարին կարծես հասունացել է վերջերս, էլ չի սիրահարվում: «Չե՞ս բացառում, որ, օրինակ, մի տարի հետո կարող ես լինել տղամարդու հետ»,- հարցնում եմ: «Գիտե՞ս` ինչու եմ բացառում: Ես ինձ թույլ չեմ տա լինել եւս մեկի հետ, եթե ունեմ սիրած մարդ»:

«Իսկ զուտ տեսականորե՞ն»,- շարունակում եմ ես: «Ոչ մի բանի մասին չես կարող ասել` ինձ հետ չի պատահի: Ամենապահպանողական ընտանիքն էլ չի կարող բացառել, որ իր անդամներից մեկը պարզվի, ասենք, գեյ է, ընտանիքը չի հալածի նրան: Ես մարդիկ գիտեմ, ում ծնողները հեռացրել են ընտանիքից: Մի լեսբուհի աղջկա մասին պատմություն կար, որին զոռով պսակել էին: Նա եղունգները պոկում էր, որ սեքս չանի ամուսնու հետ»:

Ըստ Լիլիթի` սեռական փոքրամասնությունների գլխավոր խնդիրը մեր երկրում հասարակության անհանդուրժողականությունն է: Իսկ այդ հոմոֆոբիայի պատճառն այն է, որ մարդիկ, օրինակ, ասում են գեյ ու միանգամից պատկերացնում, թե գեյերն ինչպես են սեռահարաբերվում: Եվ քանի որ դա հետերոսեքսուալ մարդկանց համար անպատկերացնելի ու անըմբռնելի է, վերջիններիս մոտ հակազդեցություն է առաջանում. «Ես էլ գեյ ընկերներ ունեմ, բայց ֆիզիոլոգիական առումով նրանց հարաբերություններն ինձ անպատկերացնելի են, չեմ հասկանում, ինչը, սակայն, չի խանգարում, որ սիրեմ նրանց ու ընդունեմ: Հետերոսեքսուալներն էլ չեն հասկանում ոչ գեյերին, ոչ լեսբուհիներին, ոչ երկսեռականներին, ոչ էլ փոխսեռականներին (տրանսսեքսուալ), բայց չի պահանջվում սիրել նրանց, հասկանալ հոգով, սրտով, այլ ընդամենը հանդուրժել որպես տեսակ: Վարքի հայկական ավանդական մոդելը թելադրում է, որ շատ աղջիկներ (տղաներ էլ կան) ստիպված ամուսնանան: Ես կանանց գիտեմ, որ ապրում են ամուսինների հետ, երեխաներ ունեն, բայց շարունակում են հանդիպել աղջիկների հետ: Կան, որ ամուսինները գիտեն այդ հանդիպումների մասին ու ոչ մի բան չեն ասում, չեն խանդում, համարում են, որ դա ուրիշ աշխարհ է, իրենց ոլորտը չէ, այսինքն` կնոջ հետ հանդիպողը տղամարդ չէ, կին է»:

Լիլիթը ծիծաղում է. նրա աչքերի մեջ երջանկություն կա: Միաժամանակ խոստովանում է, որ չի ընդունում, երբ ամուսնացած կինը հանդիպում է այլ կնոջ հետ. «Ծանոթներիցս մեկն ասում է, որ ամուսնուն էլ է սիրում, ընկերուհուն էլ: Բայց դա ես չեմ հասկանում: Երբ երկու մարդու հարաբերությունները դառնում են ոչ նորմալ, երբ որ հայտնվում է երրորդը, չորրորդը, ես չեմ կարող դա ընդունել»:

Լիլիթը դեռ 20 տարեկանում կնքվել է Հայ առաքելական եկեղեցում, սակայն նրա համար անընդունելի են այդ նույն եկեղեցու մերժողական հայացքները սեռական փոքրամասնությունների հանդեպ:

Որպես աշխարհայացք ու ապրելակերպ նրան առավել հոգեհարազատ է Բուդդայի ուսմունքը, ըստ որի` յուրաքանչյուր մարդ կյանքում ցուցաբերած իր արժանիքների շնորհիվ հաջորդ կյանքում վերածնվում է որակապես ավելի լավ կենսապայմաններում, նաեւ օժտված է լինում առավել բարձր մտավոր ունակություններով:

«Եթե նորից ծնվեիր, ի՞նչը կփոխեիր քո այս կյանքից» հարցիս շուրջ զրուցակիցս երկար չի մտածում. «Չէի ուզի միայն Հայաստանում ծնվել: Հայերը վերածնվում են Հայաստանում, որովհետեւ բուդդիզմի տեսանկյունից չեն կատարում հիմնական առաքելությունը` լինել հանդուրժող: Իմ հասկանալով` բուդդիզմի ամենակարեւոր պատվիրանն այն է, որ եթե չես կարող օգուտ տալ, ապա մի վնասիր, իսկ անհանդուրժողականությունն է, որ ծնում է ատելություն»:

Ըստ շրջանառվող վիճակագրության` աշխարհում կանանց 2 (4 մլն մարդ) եւ տղամարդկանց 4 (12 մլն մարդ) տոկոսը միասեռական են: Լիլիթին առանձնապես չի հուզում, թե նման քանի մարդ կա մեր երկրում. «Կարեւորը մարդը մարդ լինի. ամեն տեսակի մարդիկ էլ կան: Բոլորն էլ նույն մարդիկ են` նույն թերություններով, նույն առավելություններով, ուղղակի տվյալ անձը կարող է սիրել իր սեռի անհատին: Այդքան բան: Ուրիշ ոչ մի տարբերություն չկա»:

Հ.Գ. Հերոսների անուններն իրենց իսկ ցանկությամբ փոխված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter