Թեկնածուներին խոչընդոտելու փաստերով հետաքննություն է կատարվում
Երեկ՝ ժամը 17:10-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել ՀԱԿ թիվ 13 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Վիոլետա Պետրոսյանը և հայտնել, որ ժամը 14:20-ի սահմաններում Մ. Խորենացու փողոցի թիվ 229 հասցեի մոտակայքում քարոզարշավի ժամանակ անհայտ անձինք իրենց խոչընդոտել են:
Մեկնած օպերատիվ խմբին Վ. Պետրոսյանը հայտնել է, որ բնակիչներին քարոզչական նյութեր տրամադրելու ժամանակ իրեն են մոտեցել միջին տարիքի 7-8 տղամարդիկ և գոռգոռալով պահանջել հեռանալ, ինչի պատճառով քարոզարշավը դադարեցվել է:
«Ձեռնարկվում են միջոցառումներ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն»,- հաղորդում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Նույն օրը՝ ժամը 18:05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ահազանգել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը և հայտնել, որ ապրիլի 27-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 մանկապարտեզում ԿԸՀ թիվ 7 ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ ընդհատել են իր ելույթը ինչով խոչընդոտել են ԱԺ պատգամավորության թեկնածուի իր լիազորությունների իրականացմանը:
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ կատարվում է հետաքննություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել