HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կարապետիչը կփորձի գնել մարզային հեռուստաընկերություն

«Որոշումը անարդար էր: Անարդար` ակնհայտորեն,- այսօրվա մամուլի ասուլիսում ՀՌԱՀ-ի` երեկվա մրցույթի արդյունքների մասին հայտարարեց «ԱԼՄ Հոլդինգ»-ի նախագահ Տիգրան Կարապետյանը:- Հոկտեմբերի 27-ին բոլորս ներկայացրել էինք փաթեթները: Մեր հեռուսատընկերությունը 6 կետով գերազանցում էր «Երեւանին»: Ֆինանսական առումով մեր ներդրումը 600 մլն էր, Երեւանինը` 400 մլն, իրենք 42 աշխատող ունեն, մենք ` 83, մենք շենք ունենք, իրենք` ոչ: Եթե իրենք ունեն մի տաղավար, մենք ունենք 11 տաղավար: Հաղորդումների առումով էլ գերազանցում ենք»:

Տ. Կարապետյանն ասում է, որ փաթեթների ներկայացումը իրենք տեսագրել են, ու իր ասածները պարզապես փաստեր են` այն ինչ ներկայացրել էր «Երեւան» հ/ը-ն: Սակայն Կարապետիչը ասուլիսի ժամանակ մի քանի անգամ շեշտեց, որ հարգանքով է վերաբերվում «Երեւանին», պարզապես իրենք բոլոր կետերով առավելություն ունեին ու հաղթել են մաքուրով: Նա ասում է, որ իր տեղեկություններով` նաեւ հանձնաժողովում շատերը անակնկալի են եկել, «այստեղից կարելի է եզրակացնել, որ վերեւից զանգահարել, ասել են` պետք է այսպես լինի: Դրանով ոչնչացրել են հանձնաժողովը, որովհետեւ որեւէ հանձնաժողով եթե բացահայտ անարդար որոշում է ընդունում, նա վարկաբեկվում է ընդհանրապես: Թող Ամալյանը հետս նստի ու ինձ ապացուցի, ոչ թե Պետրոս Ղազարյանի հետ»:

«Ես որեւէ վերապահում «Երեւան» ստուդիայի հանդեպ չունեմ, իմ վրդովմունքը վերաբերում է հանձնաժողովին եւ քաղաքական այն դիրիժորներին, որոնք, Կարապետյանի խոսքը համարելով ազդեցիկ, մտածեցին ինձ կտրել գյուղից, դարձնել մայրաքաղաքային, հետո տեսան, որ էդ էլ պետք չի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի համար ստորագրություններին միանում ա, «Ա1+»-ի հիմնադրամին փող ա ուղարկում, դրանից առաջ` «ԳԱԼԱ»-ին: Դա իրանց դուր չի գալիս, որովհետեւ մտածում են. ով մեզ հետ չի` մեզ դեմ է, ով մեզ դեմ է` մեզ հետ չի: Այդ տրամաբանությամբ առաջնորդվում էին կոմունիստները, ու ես այսօր ակնհայտ տեսնում եմ, որ մենաշնորհելով ամեն ինչ, մենք նորից գնում ենք կոմունիստական համակարգեր, որովհետեւ մեր ղեկավարները այլ չափանիշների մեջ չեն ապրել, իրենք եղել են կոմսոմոլներ, այն ժամանակվա կարկառուն դեմքեր: Իրենք այլ ձեւաչափ չգիտեն,- ասում է Տ. Կարապետյանը:- Մենք գնում ենք դեպի բռնապետություն: Մենաշնորհված է բիզնեսը, մենաշնորհված է քաղաքական դաշտը, մենաշնորհված են տեղական ինքնակառավարման կառույցները, արդեն մենաշնորհված է հեռուստատեսությունը, մենաշնորհված է ընդհուպ ընդդիմությունը»:

Ընդդիմության վերաբերյալ Կարապետիչը նշում է. «Նրանք չեն պատկերացնում, որ մեզ պատժել են հենց իրենց սատարելու համար: Իրենք ասում են` ընդդիմադիր դաշտում միակը ՀԱԿ-ն է, դա էլ է մենաշնորհ, որովհետեւ դա ընդդիմություն չի, դա էլ է իշխանություն` նախկին: Մենք տեսնում ենք այսօր, որ մեր ղեկավարները այս 20 տարվա ընթացքում միշտ ձգտել են մենաշնորհել դաշտը, ուղղակի դրա հնարավորություն չի եղել»:

«Խաչն եմ առաջ բրդելու»

«Հետքի» հարցին, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, Տ. Կարապետյանը շեշտեց. «Խաչն եմ առաջ բրդելու: Որ տեսնում ես չարին, խաչը պիտի դեմ տաս: Խաչն  եմ դեմ տալու: Մենք մոմավառություն ենք անելու խաչերով: Ես արդարության կողմնակից եմ: Ինձ համար բեւեռներ գոյություն չունեն, ինձ համար կա հայ ժողովուրդ, ես հայրենասեր մարդ եմ, բնիկ երեւանցի: Այդ օյինբազությունները ես չեմ ընդունում: Ժողովուրդը պետք է գործոն դառնա, ոչ թե գործիք: Իսկ մենք այսօր գործոն տեսնում ենք անհատների մեջ: Եթե այսպես շարունակվի, մենք չենք կարողանա դրսի մարտահրավերներին պատասխանել»:

Գնալու է Եվրադատարան ու մարզեր

Կարապետիչը թեւաթափ չի եղել. նա գնալու է մինչեւ վերջ. «Ես պայքարելու եմ եթերի համար: Փորձելու եմ ունենալ եթեր, որովհետեւ հասկանում եմ` ինչու են իմ ձայնը կտրել: Ես մարդկանց հետ հանդիպելու եմ երես առ երես: Դա լինելու է օն-լայն, երբ մարդկանց հետ դու կենդանի ձեւով շփվում ես: Տեսնենք` դա ոնց պետք է արգելեն»:

Իր իսկ խոսքերով` «ԱԼՄ»-ի ղեկավարը ընկճված չէ, «չնայած, չգիտեմ` ինչի, «Արմնյուզը» գրել էր, որ Կարապետյանը դուրս եկավ աղմուկով: Ես շատ գեղեցիկ, սիրուն, հպարտ դուրս եկա հանձնաժողովից: Ով էնտեղ եղել ա, գիտի: Ամալյանին ի՞նչ ասեմ, չնայած ես իրա նկարը ժուռնալում կտեղադրեմ համապատասխան ձեւով, սիրուն: Ամալյանը կամակատար ա, ինձ թվում է` նրա համար էլ է դա եղել անակնկալ, որովհետեւ եթե այդպես չլիներ իրենք «Երեւանի» ցուցանիշները նախապես այնպես կանեին, որ գերադասեր»:

Կարապետյանը մտնելու է դատարան, գնալու է մինչեւ Եվրադատարան, չնայած արդեն գիտի, թե ինչ պետք է լինի այստեղի դատարաններում. «Ինձ հետաքրքիր է` դատարանն ի՞նչ է ասելու: Դատարանն էլ է կեղծ որոշում ընդունելու ու անարդար որոշում է կայացնելու: Ես չեմ կարող չպայքարել, մարդիկ կասեն` ինչի՞ չես պայքարում: Ես դիմել եմ Ռուսաստանի իմ ընկերներին, մի քանի մլն դոլարի չափով որոշել են օգնել: Ես կձգտեմ գնել մարզային կամ որեւէ հեռուստաընկերություն կամ փայատեր կդառնամ, որ ունենամ լիարժեք եթեր եւ հաճույք չպատճառեմ այն մարդկանց, ովքեր ուզում էին փակել ազատ խոսքի դեմը»: բանախոսի ծրագրերի մեջ է մտնում նաեւ ինտերնետային հեռուստաընկերություն ստեղծելը:

Իշխանությունը ինֆա՞րկտ կստանար

Տ. Կարապետյանը համամիտ է, որ «Ա1+»-ին եթեր չտալն էլ քաղաքական որոշում էր. «Եթե «Ա1+»-ին եթեր տային, իշխանությունը կընկնավորվեր, ինֆարկտ կստանար: Դա հեղափոխությանը հավասար բան է: Բայց իմ կեցվածքը եղել է կենտրոնամետ, ես ոչ մի բեւեռի կողքը չեմ կանգնել: Քաղաքական առումով չեմ կանգնել ու չեմ կանգնելու որեւէ մեկի կողքը: Ես սպասում էի, որ «Ա1+»-ին եթեր չեն տա, որովհետեւ նախապես տեսնում էի, որ «Ա1+»-ը վտանգի աղբյուր է իշխանության համար: Մեր մասով չէի մտածում, որովհետեւ փաթեթները համեմատելիս ես ասացի, որ հաղթել ենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter