HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

2010-ը` հայաստանյան մեդիաոլորտում

Մեսրոպ Հարությունյան (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ) – Տարվա սկիզբը մի քիչ բարդ էր` կապված հունվարի 10-ին Երեւանի 10-րդ ընտրատարածքի ընտրությունների հետ, երբ որոշ պրոբլեմներ եղան ժուռնալիստների համար լուսաբանման առումով:

Տարվա միջին մասը նորմալ էր, եթե չհաշվենք տնտեսական ճգնաժամի ազդեցությունը որոշ լրատվամիջոցների վրա: Իսկ տարվա վերջը «նշանավորվեց» «Ա1+»-ի հերթական պարտությամբ, որը շատ վատ է անդրադառնալու Հայաստանում խոսքի ազատության վիճակի վրա:

Այս տարին այնպիսին էր, ինչպիսին եղել են ոչ նախընտրական տարիները: Հունվարին կներկայացնենք մեր տարեկան ամբողջական զեկույցը, որտեղ մանրամասն անդրադարձ կլինի այս տարվա իրադարձություններին:

Զրպարտության եւ վիրավորանքի հոդվածների ապաքրեականացումը ունի իր դրական կողմերը, բայց նոր հոդվածը, ըստ էության, դեռ չի կիրառվել: Որպես օրենսդրական փոփոխություն` լավն է, բավարար է, բայց քանի դեռ պրակտիկայում կիրառումը չենք տեսել, դժվար է ասել` դա կընկնի մնացած օրենքների օրը, որ կիրառվում են ընդդեմ լրատվամիջոցների, թե կկիրառվի նորմալ ձեւով:

Արամ Աբրահամյան («Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր) – Անցնող տարին բացասական էր, ինչպես միշտ: Ես դրական տեղաշարժեր առանձնապես չեմ տեսնում, քանի որ նախեւառաջ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ձերբակալված մնալ, երկրորդ` «Ա1+»-ին, ինչպես միշտ, եթեր չտվեցին:

Իսկ զրպարտության ու վիրավորանքի ապաքրեականացումը, չեմ կարծում, որ որեւէ դեր է խաղացել. հետագան երեւի ցույց կտա: Գալիք տարուց ակնկալիքն այն է, որ կարծում եմ` Փաշինյանին պետք է ազատ արձակել. դա կլինի շատ ուժեղ փոփոխություն:

Աբրահամ Գասպարյան («Հայլուր» ծրագրի հաղորդավար) - Նախորդ տարիների համեմատ, մամուլը աշխատեց մի քիչ ավելի ազատ պայմաններում, եւ դրա վառ վկայությունը միջազգային կառույցների գնահատականներն են, երբ Հայաստանը դասում են մասամբ ազատ երկրների շարքում:

Ինձ թվում է` բոլոր ժամանակներում էլ ճնշումներ կան: Մինչ մեր մամուլը տնտեսապես ազատ չլինի, չի կարող չենթարկվել ճնշումների:

Եթե հաշվի չառնենք, որ ՀՌԱՀ-ը մերժեց տարիներ շարունակ իրեն այլընտրանքային հորջորջող «Ա1+»-ի` եթերում հայտնվելու հայտը, ապա հեռուստատեսության մակարդակով չեմ կարող ասել, որ ինչ-որ աննախադեպ, իրադարձային բան եղավ:

Բայց շատերը կցանկանային լրատվադաշտում տեսնել այլընտրանքային ալիք, որը ոչ միայն կարդարացնի ընդդիմադիր հատվածի հույսերը, այլ նաեւ դեղատոմս կհանդիսանա մեր հասարակությունում սոցիալական, քաղաքական, իրավական, տնտեսական, մշակութային խնդիրների լուծման համար:

Եթե մեր այլընտրանքային լրատվամիջոցները այդ նպատակն են հետապնդում` եթերում հայտնվելով զգաստացնել իշխանություննրին, ես երկու ձեռքով կողմ եմ:

Բայց եթե այդ բոլորը պետք է լինի քաղաքական շոու` հալածյալի կերպարանքով հանդերձ, ապա ես դեմ եմ:

Արմինե Օհանյան («Հրապարակ» օրաթերթի գլխ. խմբագիր) – Ես չէի առանձնացնի 2010 թիվը ոչ 2009-ից, ոչ էլ 2011-ից, որովհետեւ հայկական ԶԼՄ-ի կյանքում տարեցտարի ոչինչ չի փոխվում. նույն ճնշումներն են, նույն պարտություններն են, ինչ որ արձանագրում ենք մեր դաշտում 20 տարի շարունակ:

Մի տարի մի քիչ ավելի շատ են լինում բռնություններն ու ճնշումները, մյուս տարի ավելի թաքնված, քողարկված են դրանք:

Բայց, ըստ էության, ոչինչ չի փոխվում մեր կյանքում. էլի դժվարություններ ունենք իրացման, տպագրության հետ կապված, իշխանություններից կան անընդհատ ճնշումներ մեր նկատմամբ: Այդ ամենին այնքան ենք սովորել, որ կարող եմ ասել` արդեն ուշադրություն էլ չենք դարձնում: Ավելի շատ իմունիտետ ենք ձեռք բերել եւ կարողանում ենք շրջանցել ճնշումներն ու այդ պայմաններում մեր ընթերցողի պահանջները քիչ թե շատ բավարարել:

Զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացումը մի կողմից կարելի է նշանակալից համարել, բայց մյուս կողմից էլ Քաղ. օրենսգրքի տույժերի ու տուգանքների ներմուծումն էլ այս տարի է կատարվել, եւ ես չեմ կարող դա դրական փոփոխություն դիտել:

Մենք առայժմ չունենք մասսայական հայցադիմումներ այդ հոդվածներով, բայց կարծում եմ` դրանք որպես մահակ պահում են մեր գլխին` ցանկացած պահի աշխատեցնելու մտադրությամբ:

Չի բացառվում, որ 2011-ին, որը, իմ կանխատեսմամբ, լինելու է ավելի լարված, կլինեն նման հայցեր մեր դեմ: Նման մեկ-երկու հայցը բավական է, որ մեր նման ծայրը ծայրին հասցնող լրատվամիջոցը փակվի:

ՀՀԿ-ի 20-ամյակին նախագահը հայտարարեց, որ ողջունում է այլակարծությունը, բայց դրանից ընդամենը երկու օր առաջ ազգային կոչվող հանձնաժողովը մերժեց «Ա1+»-ին եթեր տրամադրելու հայտը:

Դրանից պետք է հետեւություն անել, որ միջազգային կառույցների ճնշում ասվածն ավելի շատ մեր գիտակցության մեջ է, քան թե իրականում: Մյուս կողմից էլ այն հայտարարությունները, թե իշխանությունը հանդուրժում է այլակարծությունը, իրականում միֆ են:

Իշխանությունն ընդունակ չէ քննադատություն լսել, նա գնում է մոնոպոլացված, կառավարելի լրատվական դաշտ ունենալու ճանապարհով: Ես դա չափազանց վատ ցուցանիշ եմ դիտում ու կարծում եմ, որ դրանից է պետք ելնել մեր բոլոր գործողությունները կառուցելիս. այսինքն` հույս ունենալ, որ իշխանությունն ավելի հանդուրժող կլինի քննադատության, այլ կարծիքի նկատմամբ, կլինի միամտություն մեր կողմից:

Հ.Գ. Հավելենք, որ չնայած զրպարտության եւ վիրավորանքի հոդվածների ապաքրեականացմանը` ՀՀ Քրեական օրենսգրքում շարունակում է մնալ 344-րդ հոդվածը, այն է` «Դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը»: Այս հոդվածի տարբեր կետերով նախատեսվում է պատիժ` տուգանքից մինչեւ 4 տարվա ազատազրկում: Փաստորեն, սույն հոդվածը կշարունակի որպես մահակ ծառայել իշխանությունների ձեռքին` քննադատաբար հանդես եկած լրագրողներին լռեցնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter