HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Դելֆինարիում. «երջանկության կղզի՞», թե՞ «բանտարկության ցուցափեղկ»

Վահե Սարուխանյան, Սոնա Ավագյան

«Շուրջ 6 ամիս առաջ, երբ դեռ դելֆինարիումի հիմքն էլ չէին գցել, մենք դիմել ենք եւ բնապահպանության նախարարություն, եւ քաղաքապետարան` փորձելով շրջակա միջավայրի գնահատման ու շինարարության թույլտվության փաստաթղթեր ստանալ: Բայց անընդհատ ինչ-որ անկապ պատասխաններ էին գալիս»,- պատմում է «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, «SOS dolphins» նախաձեռնող խմբի ղեկավար Սիլվա Ադամյանը:

«Հետքն» արդեն գրել է, որ բնապահպան ակտիվիստները դատի են տվել նախարարությանը, որը, ըստ հայցի, չի կատարել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի պահանջները, անտեսել է Սահմանադրության եւ Օրհուսի կոնվենցիայի հոդվածները:

Դելֆինարիումի բացվելուց (24.12.2010) հետո էլ ԲՆ-ն ակտիվիստներին հայտնել էր, թե «Երեւանի Կոմիտասի անվան այգու դելֆինարիումի կառուցման նախագծային փաստաթղթերն առայսօր չեն ներկայացվել բնապահպանական փորձաքննության», իսկ նույնպիսի հարցմանը Երեւանի քաղաքապետարանը չգիտես որտեղից համոզված պատասխանել էր. «Դելֆինարիումի նախագծման եւ կառուցման աշխատանքները սկսվել են միայն մանրամասն ուսումնասիրության իրականացնելուց հետո: Բոլոր փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ բնապահպանության նախարարություն»:

«Մեզնից ինչ փաստաթուղթ որտեղից որ պահանջվել է, ընթացքում մենք ներկայացրել ենք»,- իր հերթին ասում է դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանը:

Դելֆինարիումն ունի՞ ջուրը ֆիլտրող ագրեգատ

Դելֆինարիումի կառուցմանը դեմ հանդես եկող բնապահպանները անցյալ տարի բողոքի ակցիա անցկացրին, բաց նամակ հրապարակեցին` նշելով իրենց փաստարկները: Դրանցից մեկը վերաբերում է կառույցի լողավազանի ջրին, որտեղ այժմ ապրում են 4 խաղաղօվկիանոսյան աֆալինա (շշաքիթ) դելֆին (Վաչիկ եւ Մաշա, Հրաչիկ եւ Դաշա) եւ 2 հարավամերիկյան ծովակատու (Ռուբբի եւ Դոտտի), այսինքն` աղի ջրում ապրող կենդանիներ:

«Մենք բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում հնարավորություն չկա, բացի խմելու ջրից, որեւէ այլ ջուր օգտագործելու. դա ակնհայտ է: Եվ իրենք` հենց դելֆինարիայի տերերն էլ ակցիայի ժամանակ չժխտեցին, ասացին. «Այո, մենք խմելու ջուր ենք օգտագործում»,- պատմում է Սիլվա Ադամյանը:- Անկախ իրենց կամքից` այդ ջրի մեջ (ինձ ջրաբաններն են ասել) 3 % քլոր կա: Այդ քլորն արհեստականորեն ավելացվում է մեր առողջության համար` մաքրելու ջուրը տարբեր միկրոբներից: Բայց քլորի պարունակությամբ ջուրը չի կարող կենդանիների կեցության միջավայր լինել»:

Սիլվա Ադամյանն ասում է, որ ռուս հայտնի գիտնական Ավենիր Տոմիլինն ապացուցել է, որ դելֆինները, առավել եւս` աֆալինաները, մեկ շաբաթից ավելի չեն կարող ապրել սովորական ջրի մեջ: Սկսվում է կուրացման պրոցես, եւ վնասվում է մաշկը:

«Ջրի մեջ եղած քլորը չնչին չափերով է, որը, ինձ թվում է, ոչ մի բանի վրա բացասաբար չի ազդում»,- շեշտում է Լ. Սահակյանը: Անցյալ տարի քաղաքապետարանից բնապահպաններին ասել էին, թե «դելֆինների համար նախատեսված ջուրն իր բաղադրությամբ առավելագույնս մոտեցված է ծովային ջրին»: Սա հաստատում է նաեւ դելֆինարիումի տնօրենը` նշելով, որ քաղցրահամ ջուրը հատուկ հավելանյութերով առավելագույնս մոտեցնում են ծովի ջրին:

Սրան ի պատասխան` Ս. Ադամյանն ասում է. «Ես ուղղակի չեմ պատկերացնում (եւ ջրաբանների հետ էլ եմ խոսել. իրենք էլ բացարձակ չեն պատկերացնում), թե էլ ինչ պիտի այդտեղ ավելացնեն` բացի ծովի աղից, որը վաճառում են դեղատներում մեծ քանակությամբ»:

Մեկ այլ խնդիր է ջրի մաքրությունն ու շրջանառությունը: «Մենք խոսեցինք նրա մասին, որ այդ ջուրը չի ֆիլտրվում,- ներկայացնում է «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահը:- Աշխարհում բոլոր դելֆինարիումների 99 %-ը ծովի մեջ է ու սնվում է ծովի ջրից: Հասկանալի է, որ այդ ջուրը շրջապտույտով անընդհատ փոխվում է, ու այդ խնդիրը չկա այնտեղ: Իսկ մենք ունենք մի շատ լուրջ խնդիր: Երբ մենք խմելու ջուրը լցնում ենք, պետք է ֆիլտացիոն հսկա ագրեգատ ունենանք, որ անընդհատ մաքրի, որովհետեւ դելֆինները, ինչպես եւ բոլոր կենդանիները, իրենց մեջ պարունակում են որոշակի միկրոբներ, որոնք արտանետումներով` մեզով, կղանքով, դուրս են գալիս այդ ջրի մեջ: Հետո մեր երեխաները մտնում են այդ ջուրը, դելֆինների հետ սկսում են լողալ: Այդ ագրեգատը մենք հաստատ չունենք: Նախ` մենք պահանջեցինք, որ մեզ ցույց տան: Ասացին. «Չենք կարող ցույց տալ»: Հետո «Արմենիա» հեռուստաընկերությանը թույլ չէին տվել նկարել ագրեգատը: Այսինքն` իրենք չունեին այդ ագրեգատը: Պարզ բան է»:

Բնապահպանի ասելով` մի խողովակով ջուրը լցվում է լողավազան, մյուսով` կոյուղու համակարգով, դուրս է գալիս, երբ պետք է: «Ես չգիտեմ, թե ինչ հաճախականությամբ են իրենք ջուրը փոխում: Այդ  մասին գրել եմ իմ նամակի մեջ արտակարգ իրավիճակների նախարարությանը. խայտառակություն է, երբ մեր կոյուղու խողովակով այդ անհայտ պարունակություն ունեցող ջուրը դուրս է գալիս դեպի Արարատյան հարթավայր, մեր դաշտերը: Սա լրիվ անօրինական գործունեություն է, ինչի մասին բոլորը լռում են: Ես նաեւ գրել եմ այդ շենքի սեյսմիկ ոչ կայունության մասին: Ոչ սեյսմակայուն երկիր ենք մենք: Եթե լինի 5 բալանոց երկրաշարժ, այդ ամբողջ ջուրը լցվելու է մեր քաղաքը ու իր ճանապարհին չի խնայելու ոչ մի բան: Սրա մասին էլ եմ գրել, բայց ձայն բարբառո հանապատի, ոչ մի արձագանք»:

Սակայն Լ. Սահակյանը հավաստիացնում է, որ լողավազանը ֆիլտրերի միջոցով շուրջօրյա մաքրվում է, իսկ չորս օրը մեկ ջրի մի մասը հեռացվում է, եւ նորն է լցվում: «Ակտիվիստները մասնագետներ չեն, եւ, ինձ թվում է, որ նրանք տերերից ավելի շատ շահագրգռված չեն ու ավելի շատ չեն ցավում դելֆինների համար»,- ասում է տնօրենը:

Ինչ վերաբերում է ֆիլտրացիոն համակարգը ցույց տալ-չտալուն, վերջինս նշում է. «Երբ ես այստեղ աշխատանքի եմ անցել, ոչ ոք չի եկել ֆիլտր տեսնելու: Շինարարության ժամանակ կարող է եւ եկել են, չեմ կարող ասել, ես բացումից հետո եմ աշխատել: Բայց որ ֆիլտրեր կան, հաստատ»:

Հարցին, թե լրագրողներին արդյոք թույլ կտան տեսնել այդ համակարգը, որպեսզի տարակարծություններ այլեւս չլինեն, տնօրենը հարցով է պատասխանում. «Լրագրողները իրավասու՞ են»: Այնուհետեւ նշում է. «Ամեն հաստատություն ունի իր կանոնները: Ես կխորհրդակցեմ ղեկավարության հետ: Եթե ասեն, որ խնդիր չկա, ուրեմն խնդիր չկա: Եթե բնապահպանության նախարարությունը ստուգման գա, իհարկե, ոչ մի խնդիր չի լինի»:

Իսկ սեյսմակայունության վերաբերյալ ասում է. «Այս շենքը շատ ավելի սեյսմակայուն է, քան շատ շենքեր մեր քաղաքում եւ հանրապետությունում: Փորձաքննությունը կատարված է, երբ ես հարցրի, իրենք էլ ասացին` հանգիստ եղեք»:

Նվազագույն պայման են ծովի ջուրն ու թարմ սնունդը

«SOS dolphins» նախաձեռնության ղեկավարը նշում է նաեւ գիտնականների ուսումնասիրությունների մասին, ըստ որոնց` դելֆինների օդային տեղափոխումների ժամանակ ինքնաթիռը պետք է որոշակի բարձրության վրա թռչի. բանն այն է, որ դելֆինների ուղեղում կան այնպիսի կետեր, որոնք ֆիքսում են եւ բարձրությունը, եւ միջավայրը: Այդ իսկ պատճառով ոչ համապատասխան բարձության վրա թռչելիս նրանք կարող են ընկնել մոլագար սթրեսի մեջ:

Ըստ Սիլվա Ադամյանի` բացի ծովի ջրից` կենդանիների նորմալ կեցության նվազագույն պայման է նաեւ ոչ թե սառեցրած, այլ թարմ սնունդը. «Դա պետք է լինի այն ձկնային պաշարը, այն ձկների տեսակները, որոնք բնակվում են այն ծովում, այն օվկիանոսում, որտեղից այդ աֆալինաները բերվել են»:

Wikipedia հանրագիտարանի տվյալներով` հասուն աֆալինան օրական կարող է ուտել 8-15 կգ ձուկ, իսկ ձկնեղենի տեսականին բավականին հարուստ է: Օրինակ` աֆալինաների սեւծովյան պոպուլյացիայի սննդակարգը բաղկացած է ծովային ավելի քան 15 տեսակից, այդ թվում` անչոուս, ծովային պերկես, իշաձուկ, արքայաձուկ, ութոտնուկ, ծովախեցգետին, շնաձուկ, կատվաձուկ, գլխոտանի փափկամորթներ:

«Ես Ֆիլիպիններում` Մանիլայում, տեսել եմ դելֆինարիում: Բայց մեր դելֆինարիումի հետ նա ոչ մի ընդհանուր բան չունի բացարձակապես,- պատմում է Ս. Ադամյանը:- Օվկիանոսի մեջ 3 հսկա տարածք էր: Մեկում կենդանիները ելույթ էին ունենում, մյուսում` հանգստանում, երրորդում` բազմանում: Սա այն է, ինչ մենք չենք տվել, չենք էլ կարող տալ` ծովի, օվկիանոսի ջուր, թարմ ձուկ: Մենք հարց տվեցինք երեւանյան դելֆինարիումի տնօրեններին. «Որտեղի՞ց եք այդ ձուկը բերում, ձկան այդ տեսակային կազմը դուք կարո՞ղ եք հայթայթել Հայաստանում»: Լռություն. «Չէ, չենք կարող: Ուկրաինայից ենք բերում»: «Ի՞նչ վիճակում»: «Սառեցրած վիճակում»…»:

«Այս վիճակում դելֆինները մի տարի կձգեն»

Երեւանյան դելֆինարիումի ավազանն ունի 5 մ խորություն, 18 մ շառավիղ, ջրի ծավալը շուրջ 1500 խմ է: Հայտնի է, որ դելֆինները օրական լողում են մոտ 40 մղոն (64 կմ), իսկ տեղանքում կողմնորոշվում են բիոսոնարի միջոցով. արձակված ուլտրաձայնը, անդրադառնալով միջավայրում գտնվող որեւէ առարկայից կամ կենդանուց, դելֆինին օգնում է կողմնորոշվել:

Իսկ 18 մ շառավղով, բետոնե պատերով ավազանը, որն անընդհատ անդրադարձնում է ուլտրաձայնը, բնապահպանների բնորոշմամբ, «անկասկած, խիստ անբարենպաստ ազդեցություն կունենա կենդանիների հոգեկան ու ֆիզիկական առողջության վրա»: Ակտիվիստները շեշտում են նաեւ, որ Հայաստանի կլիման բոլորովին չի համապատասխանում դելֆինների կամ որեւէ այլ ծովային կենդանու գոյատեւմանը. «Հայաստանի ամառները շոգ են, չոր, ձմեռները` ցրտաշունչ:

Ավելին, Հայաստանի բարձրությունը կտրուկ տարբերվում է Ուկրաինայի (երեւանյան դելֆինարիումի կենդանիները բերվել են Օդեսայից- հեղ.) բարձրությունից: Այս կլիմայական եւ աշխարհագրական գործոնները կարող են շատ վտանգավոր լինել դելֆինների եւ այլ ծովային կաթնասունների համար: Անհնար է դելֆինի գոյատեւման համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծել անազատության մեջ ընդհանրապես, Երեւանում` մասնավորապես»:

Սիլվա Ադամյանի ձեռքի տակ է ամերիկյան «Կենդանիների բարեկեցության ինստիտուտ» (Animal Welfare Institute) կազմակերպության եզրակացությունը, ըստ որի` կազմակերպությունը խիստ անհանգստացած է երեւանյան նորաբաց դելֆինարիումի առթիվ, ինչպես նաեւ այն դերով, որը Հայաստանն ունի բնական միջավայրից բռնված շշաքիթ (աֆալինա) դելֆինների վաճառքի մեջ: Ըստ եզրակացության` «առողջ կետազգիներին բռնելը եւ անազատության մեջ պահելը ինքնին վիճահարույց խնդիր է»:

Նշվում է, որ ծովային կաթնասունները շոկ ու սթրես են ապրում նրանից, որ իրենց հեռացնում են բնական միջավայրից եւ անազատության մեջ պահում օտար, ոչ բնական միջավայրում. «Հենց կենդանիներին բանտարկում են ակվարիումի տիպի ցուցափեղկերում, նրանք ոչ միայն զրկվում են իրենց ազատությունից, այլեւ կանխվում է նրանց` բնական վարք դրսեւորելու հնարավորությունը, ինչպես օրինակ` օրական ավելի քան 40 մղոն թափառելը, կենդանի կեր հայթայթելը, վտառի հետ շփվելը: Երբ գերության մեջ գտնվող կենդանիներին ստիպում են շփվել մարդկանց հետ (եւս մեկ վարվելակերպ, որը պարտադրվում է), նրանք կարող են մարդկանց հիվանդությունների պատճառ դառնալ, եւ հայտնի են նրանով, որ նման իրավիճակներում ագրեսիվ են պահում իրենց»:

Ինստիտուտը մեջբերում է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Աշխարհի կետազգիների պահպանման գործողությունների 2002-2010 թթ. ծրագրի հետեւյալ դրույթները. «Կենդանի կետազգիներին բնությունից հեռացնելը, անազատության մեջ պահելով ցուցադրելու եւ/կամ հետազոտելու նպատակով, հավասարազոր է նրանց պատահաբար կամ միտումնավոր սպանելուն, քանի որ գերության մատնված (կամ բռնելու գործողությունների ընթացքում սպանված) կենդանիներն այլեւս չեն կարող օգնել պահպանել իրենց պոպուլյացիաները: Առանց հետազոտության ու մոնիտորինգի խիստ ծրագրի պահպանման` կենդանիներին գերության դատապարտելը կարող է լուրջ վտանգ դառնալ տեղական կետազգիների պոպուլյացիաների համար»:

Լիլիթ Սահակյանն ասում է, որ դելֆինարիումի կենդանիներն անընդմեջ մասնագետի հսկողության տակ են. «Ներկայացումների ժամանակ էլ նրանց տեսքից ու պահվածքից երեւում է, թե ինչպիսին են իրենց համար պայմանները: Այս երեք ամսում ագրեսիայի ոչ մի դեպք չի գրանցվել: Եթե որեւէ խնդիր առաջանա, մենք կդիմենք այստեղի մեր անասնաբույժին, իսկ եթե ավելի լուրջ լինի, Ուկրաինայից մասնագետ կհրավիրենք: Դելֆինաթերապիայի ժամանակ, օրինակ, եթե դելֆինը չի ուզում, հեռանում է, նրան ոչ մեկ ձեռք չի տալիս»:

Ս. Ադամյանը մտավախություն է հայտնում, որ եթե իրենց թույլ չեն տալիս մոնիտորինգ անել եւ թեկուզ համարակալել դելֆիններին, ապա վերջիններիս սատկելու դեպքում նրանց ուղղակի կփոխարինեն ուրիշներով, եւ ոչ ոք այդ մասին չի իմանա. «Ես համոզված եմ` այս վիճակում այդ դելֆինները մի տարի կձգեն: Ու իրենք այնպես նոր դելֆիններ կբերեն, որ ոչ մեկս չենք իմանա: Մեկ տարի` ես մաքսիմումն եմ ասում»:

Լ. Սահակյանը սրան հակադարձում է այսպես. «Մենք մաքսազերծել են կենդանիներին, բոլորը հատուկ չիպերով համարակալված են, անձնագրեր ունեն: Այսինքն` եթե նոր դելֆին ներմուծենք, նորից մաքսազերծելու ենք ամեն ինչով: Իսկ մաքսատան միջոցով ներմուծելուց աղմուկ չբարձրանալն, ինձ թվում է, անհնար է, առավել եւս` Հայաստանում»:

Ըստ տարբեր աղբյուրների` աֆալինաներն ազատության մեջ ապրում են 20-50 տարի, իսկ անազատության մեջ` շատ ավելի քիչ` չնայած հստակ տվյալներ չկան: Տեղի դելֆիններից երեքը 4 տարեկան է, մեկը` 5, 4 տարեկան են նաեւ երկու ծովակատուները:

Ս. Ադամյանն առանձնացնում է նաեւ վերջիններիս վիճակը` նշելով, որ եթե այլ տեղերում այդ ծովակատուների համար արհեստական փոքրիկ ավազոտ վայր են պատրաստում, ապա Երեւանում դա չկա. միայն սալիկներն են:

Քանի որ զրույցի ընթացքում դելֆինաթերապիայի սեանս էր անցկացվում, Լ. Սահակյանը նշեց, որ չենք կարող դահլիճի միջով գնալ ծովակատուների մոտ, սակայն հավաստիացրեց, որ ծովակատուների հանգստի համար ունեն առանձին երկու ավազան եւ այլ անհրաժեշտ պայմաններ:

Դելֆինաթերապիա. բուժու՞մ, թե՞ վնաս

Երեւանյան «Նեմո» դելֆինարիումի ծառայությունների մեջ է մտնում նաեւ դելֆինաթերապիան: Ըստ դելֆինարիումի www.delfinariy.am կայքի` դելֆինաթերապիան տարբեր ծագման փսիխոէմոցիոնալ եւ փսիխոսոմատիկ մի շարք խնդիրների բուժման, ուղղման եւ պրոֆիլակտիկայի կոմպլեքս, ոչ սպեցիֆիկ մեթոդ է:

«Մեթոդի անկրկնելի եզակիությունը, միաժամանակ բնականությունը դելֆինաթերապիան հասանելի են դարձնում ինչպես տարբեր տեսակի հիվանդություններով տառապող, այնպես էլ փաստացի առողջ պացիենտների լայն շրջանակի համար»,- նշված է կայքում:

Դրա տվյալներով` դելֆինաթերապիան կարող է ունենալ մասնավորապես հետեւյալ արդյունքները. էմոցիոնալ եւ վարքային ոչ ադապտացիոն դրսեւորումների ուղղում, խոսքային եւ հոգեշարժային ֆունկցիաների զարգացում, նյարդային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց հոգեկան զարգացվածության ուղղում, նեւրոտիկ ռեակցիաների նվազեցում, խրոնիկական ցավերի բուժում, փսիխոսոմատիկ խանգարումների թեթեւացում:

Դելֆինաթերապիայի ցուցումներն են մանկական ցերեբրալ կաթվածը, վաղ մանկական աուտիզմը, նվազագույն ուղեղային դիսֆունկցիան, Դաունի համախտանիշը, վարքի խանգարումները, տարբեր ծագման նեւրոզները, փսիխոսոմատիկ խանգարումները, հետտրավմատիկ սթրեսային խանգարումները եւ այլն:

«Դելֆինաթերապիայի բուժիչ ներգործության հիմնական բաղադրիչը կենդանու հետ մարդու փոխազդեցության հոգեբանական ազդեցությունն է: Լինելով էմոցիոնալ դրական գրգռիչ` դելֆինները խթանում են մարդու էմոցիոնալ, հաղորդակցական, ճանաչողական ֆունկցիաների զարգացումը, նպաստում են սոցիալական հմտությունների բարելավմանը»,- տեղեկացնում է Երեւանի դելֆինարիումի կայքը:

Առհասարակ այս կայքում դելֆինարիումն անվանվում է «երջանկության կղզի»: «Մարդիկ գոհ են արդյունքներից»,- ասում է կառույցի տնօրենն ու մանրամասնում, որ եղել է աուտիզմով հիվանդ մի երեխա, ով թերապիայի 3-4-րդ դասընթացին առաջին բառերն է արտաբերել:

Սակայն դելֆինաթերապիայի մասին ոչ բոլոր մասնագետները դրական կարծիք ունեն: Առաջատար գիտահետազոտական ինստիտուտի համարում ունեցող ամերիկյան Էմորի համալսարանի գիտնականները նշում են, որ խրոնիկ հոգեկան կամ ֆիզիկական հիվանդություններ ունեցող մարդիկ չպետք է դիմեն դելֆինների օգնությամբ բուժման միջոցներին:

«Դելֆինաթերապիան չի կարող բուժել որեւէ հիվանդություն,- ասում է Լորի Մարինոն, ով դելֆինների եւ կետերի առաջատար մասնագետ է:- Մենք ուզում ենք հասկացնել հասարակությանը, որ այդ երեւույթը երկուստեք բացասական անդրադարձ ունի թե մարդկանց, թե դելֆինների վրա: Դելֆինների հետ լողալը կարող է հաճելի, նոր զգացողություններ տալ, սակայն չկա ոչ մի գիտական հիմնավորում, որ այդ գործողությունը ունակ է որեւէ այլ երկարաժամկետ դրական արդյունքի բերել»:

Մարինոն ավելացնում է, որ մարդիկ, որոնք հազարավոր դոլարներ են ծախսում դելֆինաթերապիա անցնելու համար (երեւանյան դելֆինարիումում 25-30 րոպեանոց մեկ սեանսն արժե 20.000 դրամ- հեղ.), ոչ միայն ֆինանսապես են տուժում, այլեւ թե իրենց, թե դելֆիններին ենթարկում են վնասվածք կամ ինֆեկցիոն հիվանդություն ստանալու վտանգին: Բացի դրանից` նրանք նպաստում են մի բիզնեսի, որը կտրում է դելֆիններին վայրի բնական միջավայրից:

Լ. Մարինոն եւ Ս. Լիլինֆելդն ուսումնասիրել են վերջին ութ տարվա ընթացքում հրապարակված հինգ հետազոտություն եւ եկել այն համոզման, որ դելֆինաթերապիայի արդյունավետությանը վերաբերող դրույթները ճշմարտությանը չեն համապատասխանում: Գիտնականների եզրակացությունները հրապարակվել են Անթրոզոոլոգիայի (մարդակենդանաբանության) միջազգային կազմակերպության «Anthrozošs» պարբերականում տպագրված «Դելֆինաթերապիա. թյուր տվյալներ եւ թյուր եզրահանգումներ» գիտական հոդվածի տեսքով:

«Մենք եկել ենք այն եզրահանգմանը, որ դելֆինաթերապիան կասկածի տակ առնող մեր առաջին հոդվածից մինչեւ օրս որեւէ համոզիչ ապացույց չի եղել դելֆինաթերապիայի` օրինական արդյունավետ բուժման ձեւ լինելու կամ մարդու տրամադրության մեջ փոփոխությունից ավելի ազդեցություն ունենալու: Մենք ուզում ենք այս ուղերձը հասցնել հոգեբաններին, որովհետեւ դելֆինաթերապիան ավելի ու ավելի հաճախ է կիրառվում զարգացողական թերություններով երեխաների բուժման համար, թեեւ չկա ոչ մի հիմնավորում, որ այդ բուժումն արդյունավետ է,- ասում է կլինիկական հոգեբան Սքոթ Լիլինֆելդը:- Դժվար է պատկերացնել ռացիոնալ հիմնավորում մի տեխնիկայի համար, որի առավելագույն արդյունքը երեխայի կարճաժամկետ լավ ինքնազգացողությունն է, այն էլ` հետագա վնասակար ազդեցության վտանգի առկայությամբ»:

Գիտնականները նշում են, որ շատ մարդիկ թյուր կարծիք ունեն, թե դելֆինները երբեք չեն վնասի մարդուն: «Իրականում վնասվածքի հնարավորությունը մեծ է, երբ երեխային դնում են ակվարիումի մեջ 2 տոննա կշռող վայրի կենդանու հարեւանությամբ, որը կարող է բռնվելու հետեւանքով խախտված հոգեբանություն ունենալ,- ասում է Մարինոն ու հավելում:- Հեգնանք կարծես լինի` դելֆինները աշխարհի ամենասիրված եւ միեւնույն ժամանակ ամենաշահագործվող կենդանիներն են»:

Բնապահպանները հիշեցնում են, որ «որսի ու ազատազրկման ընթացքում, որ շատ հաճախ դաժան գործողություն է, վայրի ծովային կենդանիները շոկի եւ սթրեսի են ենթարկվում` իրենց բնական, դինամիկ, էկոլոգիապես հարուստ շրջակա միջավայրից կտրվելով եւ փակ, ստերիլ, անբնական միջավայրեր տեղադրվելով:

Անազատության մեջ դելֆինները հաճախ տառապում են խոցերից եւ ագրեսիվ վերաբերմունք դրսեւորում իրենց ցեղակիցների եւ մարդկանց հանդեպ: Այս իրավիճակներում դելֆիններ են վիրավորվել եւ նույնիսկ սպանվել, մարդիկ, այդ թվում` նաեւ փորձառու վարժեցնողներ, ստացել են վնասվածքներ»:

Ճապոնիայից` Հայաստան

Աշխարհում աֆալինաների ընդհանուր թվի մասին հստակ տվյալներ չկան: Սակայն Wikipedia-ն նշում է որոշ պոպուլյացիաների թվային մանրամասներ: Այսպես, Մեքսիկական ծոցում, ըստ այդմ, կա ոչ պակաս, քան 67.000 առանձնյակ, Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արեւմուտքում, Ճապոնիայի ջրերով հանդերձ, շուրջ 35.000, ԱՄՆ-ի հյուսիսատլանտյան ափամերձ շրջանում` մոտ 11.000, Միջերկրական ծովում` 10.000-ից ոչ պակաս, իսկ Սեւ ծովում` շուրջ 7.000:

Աֆալինաներն ընդգրկված են Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Վտանգված տեսակների կարմիր ցուցակում, որը Կարմիր գրքի նման հրատարակություն է: Այդ ցուցակում այս դելֆինները ներառված են LC` նվազագույն ռիսկի խմբում: Միայն սեւծովյան աֆալինաներն են հաշվառված EN` անհետացման վտանգի տակ գտնվողների խմբում: Վերջիններս ընդգրկված են նաեւ Ռուսաստանի ու Ուկրաինայի Կարմիր գրքերում: Դեռ 1966-ից ԽՍՀՄ-ում արգելվել է սեւծովյան աֆալինաների որսը:

Wikipedia-ի փոխանցմամբ` այսօր Սեւ ծովում տարեկան մի քանի գլուխ առանձնյակ որսվում է օվկիանարիումների եւ դելֆինարիումների համար: Նվազագույն ռիսկի LC խմբում են ընդգրկված նաեւ հարավամերիկյան ծովակատուները, որոնք բնակվում են բացառապես Հարավային Ամերիկայի ափամերձ տարածքներում: Պերուի, Չիլիի, Արգենտինայի ափերին հաշվվել է մոտ 58.000 կենդանի, իսկ Ուրուգվայում` մինչեւ 200.000: Բացառությամբ վերջինիս, որտեղ թույլատրվում է ծովակատուների սահմանափակ որսը` մյուս երկրներում այս տեսակը գտնվում է խիստ հսկողության տակ:

Աֆալինաների եւ հարավամերիկյան ծովակատուների միջազգային առեւտուրը կարգավորվում է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների ու բուսական տեսակների միջազգային առեւտրի մասին» կոնվենցիայով (CITES): Ըստ վտանգվածության աստիճանի` խնդրո առարկա կենդանիների տեսակներն ընդգրկված են 3 հավելվածից որեւէ մեկում: Հայաստան ներկրված դելֆիններն ու ծովակատուները երկրորդ հավելվածում են: Գործող կարգի համաձայն` «երկրորդ հավելվածում ընդգրկված տեսակների ցանկացած նմուշի ներմուծման համար պահանջվում է արտահանման թույլտվություն կամ վերարտահանման հավաստագրի նախնական տրամադրում»:

Հենց այս հիմնավորմամբ ՀՀ բնապահպանության նախարարությունն անցյալ տարեվերջին Սիլվա Ադամյանի նամակին պատասխանել էր, որ երեւանյան դելֆինարիումի կենդանիների ներկրման համար բավարար է եղել Ուկրաինայի CITES-ի կառավարման մարմնի` Ուկրաինայի բնապահպանության նախարարության կողմից արտահանման/վերատահանման հավաստագիրը, որը ՀՀ ԲՆ-ին ներկայացրել է ներկրող ընկերությունը:

Սակայն Ս. Ադամյանն ասում է, որ ԲՆ-ն, միեւնույնն է, պետք է կատարեր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետով սահմանված պահանջը. «շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա է կենդանիների եւ բույսերի նոր տեսակների ներմուծումը»:

«The Japan Times» թերթը (09.10.2010) հայտնել է, որ ըստ Ճապոնիայի մաքսային բյուրոյի` 2010-ի հունվար-օգոստոս ամիսներին երկրից արտահանվել է 57 ծովային կաթնասուն: Այս կենդանիներից 22-ը տարվել է Չինաստան, 16-ը` Ուկրաինա, իսկ 11-ը` Թաիլանդ: Կենդանիների ընդհանուր արժեքը 172 մլն իեն է, ինչը հավասար է մոտ 2,1 մլն դոլարի:

Թերթը գրել է, որ այս բոլոր կենդանիները հավանաբար դելֆիններ են, որոնք դուրս են բերվել ճապոնական Տայձի քաղաքից, այսինքն` կամ արտահանվել են հենց այդ քաղաքից, կամ էլ Ճապոնիայի ակվարիումներից, որտեղ նախկինում հայտնվել են Տայձիից:

Ըստ Animal Welfare Institute-ի` Ուկրաինա արտահանված 16 դելֆինից 4-ը վերարտահանվել է Հայաստան (Լ. Սահակյանը հաստատում է, որ դելֆինները Ուկրաինա են ներմուծվել Ճապոնիայից, իսկ ծովակատուները` Ուրուգվայից):

Տայձի քաղաքը աշխարհին հայտնի դարձավ հատկապես «Ծովախորշ» ֆիլմից (2009) հետո, որում ցնցող մանրամասներ են ցուցադրվում դելֆինների դաժան որսի վերաբերյալ: Անցյալ տարի Օսկարի արժանացած ֆիլմը պատմում է, որ աշխարհի դելֆինարիումներին մատակարարվող դելֆինների ճնշող մեծամասնությունը հենց այս քաղաքից է արտահանվում: Գաղթի ժամանակ դելֆիններին նավակներով քշում են փոքրիկ ծովախորշ, որտեղ ցանցերով շրջապատում են նրանց ու մի մասին որսատեգերի միջոցով սպանում նավակների միջից:

Ըստ ֆիլմի` այս մեթոդով Տայձիում սպանված դելֆինների թիվը մի քանի անգամ գերազանցում է Անտարկտիկայում որսված կետերի քանակին, իսկ կետորսական արդյունաբերության շրջանակներում Ճապոնիայում ամեն տարի սպանվում է շուրջ 23.000 դելֆին ու ծովախոզ: Դաժան որսի արդյունքում սպանված դելֆինների միսը կետի մսի փոխարեն վաճառվում է անտեղյակ ճապոնացիներին. բանն այն է, որ գործարանների արտանետումները թունավորում են այն կենսամիջավայրը, որտեղ ապրում ու սնվում են դելֆինների համար սնունդ հանդիսացող ձկները: Արդյունքում դելֆինների մարմնում կուտակվում է մարդու համար թույլատրելի չափաքանակից 5 անգամ շատ սնդիկ, եւ այդ միսը հանվում է շուկա:

Ովքե՞ր են Երեւանի դելֆինարիումի տերերը

Երեւանի «Նեմո» դելֆինարիումը ուկրաինական նույնանուն ցանցի կառույցներից մեկն է: Ցանցի սեփականատերը «Ներում» ՍՊԸ-ն է, իսկ երեւանյան դելֆինարիումը գրանցված է «Դելֆինարի Նեմո» ՍՊԸ անվամբ: Wikipedia-ում ներկայացված Ուկրաինայի դելֆինարիումների ցանկում կա 16 կառույց, որից 5-ը «Նեմո» ցանցինն են եւ տեղակայված են Օդեսայում (բացվել է 2005-ին), Խարկովում, Կիեւում, Դոնեցկում (բոլորն էլ` 2009-ին) եւ Բերդյանսկում (բացվել է 2010-ին եւ փակվել նույն տարվա սեպտեմբերին):

Ըստ կայքի` նշված 16-ի մեջ, բացի Բերդյանսկի «Նեմո»-ից, փակվել են նաեւ «Կոբզով» ցանցի դելֆինարիումները Կիեւում, Լվովում (երկուսն էլ փակվել են 2010-ի ապրիլին), Դնեպրոպետրովսկում (2010-ի հունիսին): Բայց անցյալ տարվա սեպտեմբերին Բաքվում բացվեց «Նեմո» ցանցի հերթական դելֆինարիումը, որը կրում է «Մարլին» անունը, դեկտեմբերին էլ նույնը տեղի ունեցավ Երեւանում:

Սրանց զուգահեռ` անցյալ աշնանը փակվեց Մոսկվայի դելֆինարիումներից մեկը: Նույնը տեղի է ունեցել Թուրքիայում, Վրաստանում: Ըստ բնապահպանների` դելֆինարիումներին դեմ են նաեւ Չիլիում, Կոստա Ռիկայում, Կիպրոսում, Խորվաթիայում:

«Երբ մենք այսպես ընդդիմանում ենք, խոսում ենք, մեզ ասում են. «Դուք խայտառակ եք անում մեր երկիրը»: Մենք չենք խայտառակ անում, դուք ինքներդ եք խայտառակ անում,- զայրացած ասում է բնապահպան Ս. Ադամյանը:- Կայքերում գրված է. «Վրաստանը քաղաքակիրթ երկիր է, որտեղ փակել են դելֆինարիումը»: Բացեք նայեք, թե կայքերում ինչ է գրվում: Հայաստանը ինչո՞վ է պակաս Վրաստանից: Ինչու՞ ամենահետամնաց, դատական պրոցեսների մեջ գտնվող ընկերությունները, որոնք իրենց երկրում իսկ` Ուկրաինայում, դատական պրոցեսի տակ են` անօրինական գործունեության մասով, պետք է գան եւ այստեղ այդ նույն գործունեությունը ծավալեն: Մենք մտածու՞մ ենք մեր երկրի մասին: Ինչու՞ պետք է մեր երկրի ռեյտինգը այս առումով ընկնի»:

Անցյալ տարվա սեպտեմբերին, երբ հայտարարվեց Երեւանում դելֆինարիում կառուցելու մասին, Ուկրաինայի բնապահպանական պետական տեսչությունը արդեն իսկ որոշում էր ընդունել Կիեւի ու Օդեսայի «Նեմո» դելֆինարիումների գործունեությունը ժամանակավոր արգելելու մասին, քանի որ խախտվել էին «Դաժան վերաբերմունքից կենդանիների պաշտպանության մասին» տեղական օրենքի մի քանի հոդվածներ: Մի շարք այլ դելֆինարիումներում եւս հայտնաբերվել էին խախտումներ, եւ տրվել համապատասխան ցուցումներ, իսկ որոշ ներկայացուցիչներ ենթարկվել վարչական պատասխանատվության: Այս մասին հայտնած www.reporter.ua.com  կայքը (23.09.2010) գրել է նաեւ, որ տեսչությունը, բացի դրանից, նամակ էր հղել երկրի պաշտպանության նախարարությանն ու գլխավոր դատախազությանը` կոչ անելով միջոցներ ձեռնարկել` զինված ուժերի «Պետական օվկիանարիում» գիտահետազոտական կենտրոնին պատկանող եւ Կարմիր գրքում գրանցված աֆալինաներին կիեւյան «Նեմո»-ից վերադարձնելու համար:

Մինչ այդ էլ Ուկրաինայի ազգային բնապահպանական կենտրոնը դիմել էր անվտանգության ծառայությանն ու դատախազությանը եւ խնդրել կանգնեցնել Կիեւի «Նեմո»-ի գործունեությունն ու ապամոնտաժել կառույցը:

Ըստ էկոլոգների` պետական մարմինները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ «Ներում» ընկերությունը Կիեւի դելֆինարիումի տարածքը ինքնակամ է զավթել: Բնապահպանական կենտրոնը հայտարարել էր, որ սա ոչ ծովային քաղաքներում դելֆինարիումներ կառուցելու դեմ արշավի միայն սկիզբն է. այնուհետեւ ինֆորմացիա էր տարածվել, որ անօրինական են նաեւ Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Լվովի դելֆինարիումները:

Սեւաստոպոլի դելֆինարիումի գիտական ղեկավար, Ուկրաինայում դելֆինների ամենահին ուսումնասիրողներից Ալեքսանդր Ժբանովն էլ, նույն կայքի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել էր, որ Օդեսայի «Նեմո» դելֆինարիումը ստեղծվել է սեւաստոպոլյան «Կենսաբանական կայան» ձեռնարկության շնորհիվ, որը Օդեսայում ներդրել է իր սարքավորումները, ծովային կենդանիների հետ աշխատանքի տեխնոլոգիաները, 4 աֆալինա եւ 3 հյուսիսային ծովակատու:

Այս ամենն իրականացվել է օդեսական եւ սեւաստոպոլյան կողմերի երկարաժամկետ համաձայնությունների շրջանակներում, սակայն, ըստ Ժբանովի, օդեսացիները յուրացրել են այն ամենը («Նեմո»-ի ներկա ունեցվածքի 33 տոկոսը), ինչը ներդրել է «Կենսաբանական կայան» ձեռնարկությունը, եւ պատկանել է վերջինիս:

Ժբանովը նշել է նաեւ, որ չնայած երկրի Գերագույն դատարանն իրենց օգտին որոշում է կայացրել, Օդեսայում այն կյանքի չի կոչվում: Սեւաստոպոլյան ընկերությունը որոշել էր շարունակել դատաիրավական պայքարը եւ դիմել նաեւ երկրի նախագահին:

Կենդանիների նկարները` www.delfinariy.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter