HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երազների քաղաք Դիարբեքիրը եւ «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը

Ռեջեփը կամ նույն ինքը' Արամ Խաչիկը

Ռեջեփը կամ Արամ Խաչիկը Դիարբեքիրի հատուկենտ հայերից է, ով չի խուսափում խոստովանել այդ փաստը: Նրան հանդիպեցինք Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցում, որը վերականգնման փուլում է: Ռեջեփը եկեղեցու անվտանգության աշխատակիցն է, պահակություն է անում գիշերները:

Ռեջեփի հայրը հայ է, մայրը' մահմեդական, բայց ասում է, որ իրեն հայ է զգում: «Հոգով քրիստոնյա եմ, արտաքինով' մուսուլման, բայց հոգով ես ինձ հայ եմ համարում»,- ասում է նա: Հինգ երեխա ունի, որոնցից երկուսին հայ նախնիների անուններով է կոչել' Խաչիկ եւ Վազգեն:

 Իսկ իր անունը' Արամ, ինքն է կնքել: Ռեջեփն ասում է, որ Դիարբեքիրում եւս 3 հայ ընտանիք կա, բայց մեծ մասն արդեն հեռացել է քաղաքից, մյուսներն էլ ուծացել են կամ չեն խոստովանում, որ հայ են:

Դիարբեքիրում ներկայումս ապրող հայերի մասին վիճակագրական տվյալներ չկան: Այդ մասին ցավով նշեց նաեւ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը:

Ինչ է ասում պատմությունը

Հարավարեւելյան Անատոլիայում' Տիգրիս գետի աջ ափին է տարածվում բազմամշակութային քաղաք Դիարբեքիրը (Տիգրանակերտը), որտեղ 19-րդ դարում եւ 20-րդ դարի առաջին կեսին ապրել է շուրջ 10-15 հազար հայ (բնակչության ընդհանուր թիվը 50 հազար էր): Պատմական աղբյուրների համաձայն' 1895-ի համիդյան ջարդերի ժամանակ ավելի քան 3000 հայ է կոտորվել, 1915-ին' շուրջ 5000:

1882 թ. տվյալներով' Դիարբեքիր նահանգի հայ բնակչության թիվը 150 հազար էր: 1914 թ. նահանգում հայերը կազմել են 105 հազար, քանզի 1895 թ. ջարդերի ժամանակ սպանվել են հազարավոր հայեր, մի մասն էլ արտագաղթել է: Մեծաթիվ են եղել նաեւ քրդերը' 55 հազար, հույներն ու ասորիները' 60 հազար, այլք' 31 հազար: 1915 թ. Ցեղասպանության ժամանակ թուրքական կառավարությունը Դիարբեքիրի նահանգից տեղահանել ու բնաջնջել է շուրջ 100 հազար հայ: 1975 թ. տվյալներով' նահանգում ապրել է շուրջ 4000 թրքախոս հայ բնակիչ: Այժմ Դիարբեքիրը մեծամասամբ բնակեցված է քրդերով' շուրջ 90%-ը: Քաղաքի կառավարումը նույնպես նրանց ձեռքում է:

Դիարբեքիրի քաղաքապետը ազգությամբ քուրդ է եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամ: Ինչպես ինքն է հավատացնում' ցանկանում է վերականգնել Դիարբեքիրի բազմամշակութային դեմքը:

Երազների քաղաք Դիարբեքիրը

 Դիարբեքիրը 26 մշակույթների քաղաքակրթությունների օրրան է եղել: Այդ մասին վկայում է նաեւ քաղաքապետարանի հրատարակած «Երազների քաղաքի»' Դիարբեքիրի մասին գիրքը: Այստեղ կողք-կողքի ապրել են հայերը, արաբները, ասորիները, եզդիները, լազերը, քրդերը եւ այլ ժողովուրդներ:

Վահանձուկի նման քաղաքը պաշարող 5 կմ երկարությամբ, 12 մետր բարձրությամբ եւ 82 աշտարակով պատը չինական պատից հետո երկրորդն է աշխարհում, որի վրայի արձանագրությունները, քանդակներն ու պատկերները խորհրդանշում են այդ բազմամշակութայնությունը եւ վկայում առնվազն 12 քաղաքակրթությունների մասին:

 Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը ցավով է նշում, որ երբեմնի հարուստ մշակույթ ունեցող քաղաքը կորցրել է իր բնակիչներին' հայերին, եզդիներին, սիրիացիներին, քրդերին եւ այլ ազգերի ներկայացուցիչներին, որոնք թուրքական պետության վարած քաղաքականության պատճառով ստիպված են եղել լքել Դիարբեքիրը:

«Նրանց հեռանալուց ի վեր մենք էլ կորցրինք մեր խաղաղությունը: Աղքատացանք»,- ասում է նա: Քաղաքապետը համոզված է, որ Դիարբեքիրը միայն մուսուլմաններինը չէ, այն նաեւ հայկական ու սիրիական քաղաք է' իր ճարտարապետությամբ ու մշակութային կոթողներով:

«Դիարբեքիրի դռները բաց են բոլոր դիարբեքիրցիների համար, ովքեր հեռացել են քաղաքից, ով ցանկություն ունի, կարող է վերադառնալ»,- ասում է քաղաքապետը: Նա վստահեցնում է, որ իրենք ամեն ինչ անում են' հեռացածների վերադարձի եւ եղածի պահպանության համար պայմաններ ստեղծելու համար:

Վառ օրինակը հայկական Սուրբ Կիրակոս եւ կաթոլիկ (Միջին Արեւելքի ամենամեծ կաթոլիկ եկեղեցին է) եկեղեցիների վերանորոգումն է: Քաղաքապետը վստահեցրեց, որ Սուրբ Կիրակոսն անպայման խաչ կունենա, իսկ բացմանն անակնկալներ կլինեն:

2010 թ. սկսել են վերանորոգել կաթոլիկ եկեղեցին, եւ ինչքան շուտ ֆինանսավորում հատկացվի, այնքան վերանորոգումն արագ կավարտվի:

 Պահակ Ռեջեփը հավաստիացրեց, որ ամբողջությամբ պահպանվել է կառույցի նախկին տեսքը: Դա շատ կարեւոր հանգամանք է, քանի որ եթե հայեր են գալիս Դիարբեքիր, պարտադիր այցելում են եկեղեցի:

Մշակութային «աղքատացմանը» զուգահեռ Դիարբեքիրը տնտեսապես էլ է անկում ապրել: Մինչ 1927 թ. Դիարբեքիրը, Ստամբուլից ու Բուրսայից հետո, տնտեսապես զարգացած երրորդ քաղաքն էր' իր արդյունաբերությամբ, գործարաններով ու արտադրության ցուցանիշներով: Այժմ Դիարբեքիրը 65-րդն է: 2010 թ. քաղաքի բյուջեն 60 մլն եվրո էր: Ստամբուլի բյուջեն 17 մլրդ եվրո է: Քաղաքապետը համեմատում է. Ստամբուլի բնակչությունը Դիարբեքիրի բնակչությունից 17 անգամ է շատ, իսկ բյուջեն' 300 անգամ:

«Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը

 Դիարբեքիրի Սուր թաղամասի ղեկավար Աբդուլա Դեմիրբաշը Դիարբեքիրը ծաղկաստանի հետ է համեմատում, որտեղ բազմապիսի ծաղիկներ են աճում, եւ յուրաքանչյուր ծաղիկ իր գույնն ունի: Սուրի թաղապետը կարծում է, որ ժողովուրդները, չնայած լեզվական կամ կրոնական տարբերությանը, նույն այգու ծաղիկներ են: Ծաղիկների գույների տարբերությամբ մեկ ընդհանուր պատկեր է կազմվում: Եթե մի ծաղիկը կամ պատկերի մեկ գույնը վնասվի, կնշանակի, որ ողջ պատկերն է փոխվում, այսինքն' վնասվել է նաեւ ողջ մարդկությունը:

«Եվ որպես քուրդ ծաղիկ, ես ուզում եմ ապրել այս այգում ինչպես մյուս ծաղիկները, որովհետեւ այս այգին պետք է բավականացնի բոլորիս»,- ասում է թաղապետը' անդրադառնալով նաեւ քրդական հարցին: Նա կարծում է, որ դա դժվար է, բայց նաեւ հասկանում է, որ շատ գեղեցիկ է, հետեւաբար պայքարն անհրաժեշտ է:

Ի հեճուկս միատարրության սկզբունքի' Սուրի թաղապետարանը ջանում է տեր կանգնել տարբեր ազգերի ներկայացուցիչների լեզվին, կրոնին եւ մշակույթին: Թաղապետի նախաձեռնած հարցումների արդյունքում պարզվել է, որ քաղաքի բնակչության 73%-ը խոսում է քրդերեն, 24%-ը' թուրքերեն, 1%-ը' արաբերեն, մնացած 3%-ը' հայերեն եւ այլ լեզուներով: Այս արդյունքները ստանալուց հետո Դեմիրբաշը որոշել է թաղապետարանի ծառայությունների մատուցումը դարձնել մի քանի լեզուներով, այդ թվում' նաեւ հայերեն: Դրա հետեւանքով Աբդուլա Դեմիրբաշը դատապարտվել է Սահմանադրությունը խախտելու մեղադրանքով: Սակայն Դեմիրբաշը շարունակել է տպագրել ու տարածել տարբեր լեզուներով գրքույկներ եւ հանդեսներ:

Սուրի թաղապետարանն այս տարի հրատարակել է երեխաների համար նախատեսված հայերեն եւ թուրքերեն հեքիաթների գիրք: Սա առաջին դեպքն է Թուրքիայում, երբ թաղապետարանը հայերեն գիրք է հրատարակում:

Սուրի թաղապետն ասում է, որ հայերեն հրատարակված հեքիաթների ցանկում Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունն ընդգրկելը պատահական չէ. այն ոչ թե կռվի, այլ համերաշխության խորհրդանիշ պիտի լինի Թուրքիայում ապրող տարբեր ազգերի ու կրոնների հավասարության ու եղբայրության համար:

 Դիարբեքիրի մասին հայերեն գրքույկ եւս կա: Ունեն նաեւ ուսանողական ամսագիր, որը տպագրվում է երեք ամիսը մեկ' 6 լեզուներով, այդ թվում նաեւ հայերեն: Աբդուլա Դեմիրբաշը համոզված է, որ յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ պետք է հնարավորություն ունենա կրթություն ստանալ իր մայրենի լեզվով:

Թաղապետն ասում է, որ այն մարդիկ, ովքեր հավատում են ժողովրդավարությանը, պետք է հարգեն եւ պայքարեն մյուս ժողովուրդների մշակույթի համար: Չնայած 23 գործ է հարուցված իր դեմ, մոտ մեկ տարի առաջ ձերբակալված է եղել, 5.5 ամիս էլ բանտում է անցկացրել, իր ընկերները ցայսօր բանտերում են, ավելի քան 2000 քուրդ գործիչ նույնպես Թուրքիայի բանտերում է, այդուհանդերձ, դա չի խանգարում շարունակել պայքարը: Աբդուլա Դեմիրբաշը հասկանում է, որ Թուրքիայում կոնֆլիկտի միակ պատճառը մեկ մշակույթի, մեկ լեզվի եւ մեկ ինքնության պաշտոնական գաղափարախոսությունն է:

«Բայց մենք հավատում ենք, որ կապրենք բազմամշակութայնության մեջ, բոլորը չէ, որ այստեղ մուսուլման են,- ասում է Սուրի թաղապետը եւ շարունակում,- ես ուզում եմ լինել Թուրքիայի հավասար քաղաքացի, բայց ես թուրք չեմ: Սա նույնն է հայերի, սիրիացու, եզդիների համար: Ես վճարում եմ հարկեր, ես ծառայում եմ բանակում: Ուզում ենք մասնակցել մեր մասին որոշումների կայացմանը»:

Դիարբեքիր-Երևան

Մեկնաբանություններ (1)

Yozgat
I am Turkish from Yozgat, i would love to live together again. We are relatives i really belive that.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter