HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սամվել Ալեքսանյանը կարիքավոր է ձևացել, իսկ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ գործուղման գումարն է հայտարարագրել

Երբ նախընտրական քարոզարշավը նոր էր սկսվել, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ի կողմից թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ նախընտրական ծախսերը հոգալու համար գումար չունի, այդ իսկ պատճառով հաշվեհամար է բացել, որպեսզի բարեգութ մարդիկ գումար փոխանցեն իր հաշվեհամարին: Իհարկե գումար փոխանցողներ եղան, այդ թվում իր մրցակիցներից մեկն ու այլ պատգամավորներ: Սակայն, ուսումնասիրելով Սամվել Ալեքսանյանի գույքի ու եկամուտների հայտարարագիրը, կարող ենք եզրակացնել, որ նա, մեղմ ասած, ճիշտ չի ասել, թե գումարի կարիք ունի:

ՀՀԿ. Սամվել Ալեքսանյան պատգամավորը, որն իրեն գործարար չի համարում, թեեւ մի շարք ապրանքների ներկրման գծով մենաշնորհ ունի Հայաստանում, հայտարարագրել է 3 շենք եւ շինություն, մեկ շինություն Ծաղկաձոր քաղաքում,  եւ 5 հողամաս, որոնցից մեկը տիրապետում է վարձակալության իրավունքով, մյուսը` համատեղ սեփականության:

Սամվել Ալեքսանյանը հայտարարագրել է նաեւ 4 ավտոմեքենա` «Մերսեդես Բենց», «Վազ21124», «Մերսեդես Բենց 600» եւ «Ռենջ Ռովեր սպորտ 4,2»:

Սամվել Ալեքսանյանի վերջին մեկ տարվա եկամուտը նրա 3 միլիոն 25 հազար 750 դրամ աշխատավարձն է, «Կարմիր Առագաստներ» ՍՊԸ-ից ստացած 11 միլիոն 250 հազար դրամ շահաբաժինը, «Ա. Վ. Ս.» ՍՊԸ-ից ստացած 3 միլիոն 300 հազար դրամ շահաբաժինը եւ 840 հազար դրամ վարձավճար` «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ից:

Թեեւ պատգամավորը մի քանի ընկերություններից շահաբաժին է ստացել, սակայն խուսափել է հայտարարագրել, թե այդ ընկերություններում ինչ ներդրումներ ունի եւ քանի տոկոս բաժնեմասն է նրան պատկանում:

Մարտի 1-ի դրությամբ պատգամավորության թեկնածուի հաշվեհամարին եղել է 380 միլիոն դրամ եւ 9 միլիոն 985 հազար դոլար:

ՀԱԿ. Նիկոլ Փաշինյան. «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի կողմից հրատարակվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, ըստ հայտարարագրի, ոչ սեփական բնակարան ունի, ոչ ավտոմեքենա, ոչ էլ որեւէ թանկարժեք գույք, որի արժեքը գերազանցեր 8 միլիոն դրամը կամ համարժեք արտարժույթը:

Նիկոլ Փաշինյանի եկամուտներն անհամեմատ զիջում են հանրապետական թեկնածուի ֆինանսական միջոցներին: Նրա եկամուտները գոյացել են «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից ստացած 3 միլիոն 62 հազար 258 դրամ աշխատավարձից,  նույն ՍՊԸ-ից ստացած 759 հազար 695 դրամ այլ գումարից, 182 հազար 490 դրամ գործուղումներից ստացած գումարից եւ քաղաքացուց ստացած 200 դոլարից:

Մարտի 1-ի դրությամբ Նիկոլ Փաշինյանն ունեցել է 148 հազար 839 հարյուր 50 դրամ եւ 49 դոլար 75 ցենտ:

Ինքնառաջադրված Վարդան Վարդանյան. թեկնածուն աշխատում է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմում՝ որպես կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի տեղակալ: Ըստ հայտարարագրի՝ նա սեփական բնակարան չունի, փոխարենն ունի 2 հողամաս` մեկը սեփականության իրավունքով, մյուսը` Դալմայի այգիներում՝ վարձակալության իրավունքով:

Վարդան Վարդանյանին միանձնյա սեփականության իրավունքով պատկանում է 2008թ. արտադրության «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենա:

Եկամուտների բաժնում պատգամավորության թեկնածուն հայտարարագրել է միայն աշխատավարձը` 2 միլիոն 46 հազար 900 դրամ, սակայն մարտի 1-ի դրությամբ հայտարարագրում չնշված անհայտ աղբյուրներից նրա հաշվին եղել է 200 միլիոն դրամ  եւ 200 հազար դոլար:

Ինքնառաջադրված Տիգրան Գրիգորյան. Այս թեկնածուն գործազուրկ է: Վանաձոր քաղաքում ունի 72.21քմ մակերեսով բնակարան, որն ընդհանուր սեփականություն է: Տիգրան Գրիգորյանը ոչ ավտոմեքենա ունի, ոչ էլ թանկարժեք իրեր:

Մեկ տարվա ընթացքում Դավիդյան հիմնադրամից ստացել է 2600 դոլար կրթաթոշակ, ինչպես նաեւ Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունից` 787 դոլար վարձատրություն:

Մարտի 1-ի դրությամբ նրա հաշվեհամարում եղել է 1 միլիոն 250 հազար դրամ:

Մեկնաբանություններ (1)

GB
I am really interested about those candidates educational level beside their side businesses!! I think Hetq newspaper has an opportunity to highlight each candidate educational background and their political past activities in Armenia!! people should be able to see that money and wealth not to be a priority for some candidate to become a future oligarch MP!!Armenians don't need their services, they have seen enough of them, with their thick neck and swollen belly!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter