«Արտ լաբորատորիայի» ցուցահանդեսը՝ նվիրված ընտրակաշառքի թեմային
Մայիսի 2-ին՝ Ազգային ժողովի ընտրությունների նախօրեին, Թումանյանի թանգարանում կբացվի «Արտ լաբորատորիա» արվեստագետների խմբի հերթական քաղաքական ցուցահանդես-ակցիան: Այն «Արտ լաբորատորիան» նվիրում է Հայաստանում լայն տարածում գտած ընտրակաշառքին, որի խորհրդանիշն է 5000 դրամանոցը' բանաստեղծ Հովհաննես Թումանյանի պատկերով:
Աշխարհի կապիտալիստական բաժանման մեջ երրորդ... աշխարհը, որի մի մասն է Հայաստանը, կառավարվում է կոռուպցիայի միջոցով, դա է զանգվածներին հնազանդ պահելու միակ եղանակը: Կոռուպցիան անբարոյականության յուրահատուկ, սոցիալականացված ձևն է:
Սոցիալականացված անբարոյականությունը իրեն արտահայտում է երեք եղանակով. ինձ կարելի է անբարոյական արարք գործել, որովհետև այն իմ հավատի, իմ եկեղեցու համար է: Երկրորդ. ինձ կարելի է անբարոյական արարք գործել, որովհետև այն իմ ազգի համար է: Երրորդ, ամենագործուն անբարոյականությունը. ինձ կարելի է անբարոյական արարք գործել, որովհետև այն իմ ընտանիքի համար է:
Սրանք են գիտակցության կոռումպացվածության երեք հիմնական ձևերը: Մեր իշխանությունները կոռումպացված են, որովհետև նրանց գիտակցությունը ազգայնական է, կլերիկալ (կղերական) և մաֆիոզական՝ ընտանեկան: Այդպիսի գիտակցությունը ճանաչում է միայն հետադիմական արվեստ, որովհետև կոռումպացված գիտակցությունը չի կարող ընկալել ժամանակակից արվեստ:
Հետադիմական արվեստը անազնիվ գիտակցության արդյունք է. բոլորն էլ ծախված են, պարզապես ոմանք առիթ կամ հնարավորություն ունեցել են, իսկ մյուսները՝ ոչ: Անազնիվ գիտակցությունը այդպիսին է, որովհետև չգիտե՝ ինչ է ազնվությունը:
Կոռումպացված հասարակությունը կործանվում է, որովհետև ապրում է անազնիվ գիտակցությամբ: Եթե չի կործանվում, ապա այն այնպես է այլասեռվում, որ ավելի լավ է՝ կործանվի:
Արվեստը քաղաքականությունը չի դիտարկում, ոչ կուսակցական, ոչ գաղափարախոսական տեսանկյունից: Այն ներկայացնում է անսպասելին, տարօրինակը, այն Ուրիշի հայացք է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել