Ոստիկանությունը հավաստիացնում է
Մայիսի 2-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոն պահպանելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի անդամների հանդիպումը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ:
Բացելով հանդիպումը` ոստիկանության պետի առաջին տեղակալ, օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը հույս հայտնեց, որ լրագրողների հետ գործնական շփման և կառուցողական աշխատանքի արդյունքում, ինչպես հայտարարությունների ու պարզաբանումների, այնպես էլ անմիջական հարցուպատասխանի միջոցով, հնարավոր կլինի պատասխանել հանրությանը հուզող հարցերին, ինչը չափազանց կարևոր է ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ բուն ընտրությունների օրը տարբեր թյուրիմացություններից ու ապատեղեկատվությունից զերծ մնալու համար:
Հունան Պողոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 34 դեպք: Այդ թվում, որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 3 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, իսկ որպես հանցագործության մասին հաղորդում դիտված 8 նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, դրանցից 3-ը հանցագործության դեպքի, իսկ 5-ը՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Մեկ դեպքով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, և ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում կատարվում է նախաքննություն: 21 նյութեր գտնվում են նախապատրաստման ընթացքում: Մեկ դեպքով դիմողին տրվել է տեղեկատվություն, քանի որ այն որպես հանցագործության մասին հաղորդում չի դիտվել:
Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը ներկայացրեց դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ կատարված աշխատանքը` նշելով, որ ձեռք են բերվել համագործակցության և նախընտրական փուլում ու ընտրության օրը փոխադարձ աջակցության պայմանավորվածություններ: Նշելով, որ կազմակերպչական աշխատանքների ծրագրով նախատեսված առաջին փուլն արդեն իրականացված է, իսկ երկրորդ փուլն ընդգրկելու է մինչև մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածը, Վարդան Եղիազարյանը կրկին հիշեցրեց բոլոր հեռախոսահամարները, որոնցով հանրապետության քաղաքացիները, կազմակերպությունները, ինչպես և դիտորդները այս ժամանակահատվածում կարող են դիմել ոստիկանություն:
Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը ներկայացրեց ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների վերացմանն ուղղված աշխատանքի արդյունքները:
Մասնավորապես նշվեց, որ ապրիլի 27-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ԱԱՎ-ում մշակվել է ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ 6411 տեղեկատվություն, որից 3592-ը ստացվել է ոստիկանության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, 2819-ը` ընտրական գործընթացի մյուս մասնակիցների կողմից: Հիշյալ անճշտությունները վերաբերել են ընտրողների ռեգիստրում առկա մահացած անձանց /5668/, հաշվառված, սակայն ընտրացուցակներում չընդգրկված անձանց /413/, հաշվառում չունեցող, սակայն ընտրացուցակում ընդգրկված անձանց /175/ և անհատական տվյալներին` կրկնվող անուններ ու սխալ հասցեներ /155/: Տեղեկությունների ստուգման արդյունքում ընտրացուցակներում կատարվել է 3818 փոփոխություն և ուղղում: Ընդհանուր առմամբ հերքվել են մահացած անձանց վերաբերյալ 1873 տվյալներ: Հերքվել են կրկնվող անձանց վերաբերյալ տեղեկությունները. 111 դեպքերում կան միևնույն տվյալներն ունեցող երկու տարբեր անձինք` 222 հոգի, իսկ շուրջ 53 հազար անձանց դեպքում նշված է միայն ծննդյան տարեթիվը, իսկ ամիսը և ամսաթիվը նշված են 00:
Արթուր Օսիկյանը կոնկրետ օրինակներով ներկայացրեց տեղեկությունների ճշտման ուղղությամբ կատարված աշխատանքը, իսկ պարզաբանումները հիմնավորվեցին տեսանյութերով:
Հանդիպման ավարտին օպերատիվ շտաբի անդամները սպառիչ պատասխաններ տվեցին լրագրորղներին հետաքրքրող բոլոր հարցերին:
Ամփոփելով մամուլի ասուլիսը` ոստիկանության պետի առաջին տեղակալ, օպերատիվ շտաբի պետ Հունան Պողոսյանը կրկին հավաստիացրեց, որ ոստիկանությունը, իր որդեգրագրած քաղաքականությանը հավատարիմ, համապետական ընտրությունների ընթացքում ողջ ծավալով ու հրապարակավ իրականացնելու է օրենքով իրեն վերապահված պարտականությունները:
ՀՀ ոստիկանություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել