Պատգամավորության թեկնածուն համոզված է, որ վանաձորցիներն իրեն են ձայն տալու`պատժելով Վիկտոր Դալլաքյանին
Թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ՀԱԿ-ի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված ընդդիմադիր Աշոտ Մանուկյանը ՀՀԿ-ի թեկնածու, ներկայիս իշխանական Վիկտոր Դալլաքյանին չի համարում իր հիմնական մրցակիցը: Մինչդեռ նույն ընտրատարածքում ինքնառաջադրված անկուսակցական Էդմոն Մարուքյանը միայն նրան է մրցակից տեսնում`համոզված լինելով, որ մրցակցությունն իրենց երկուսի միջև է, իսկ մյուս թեկնածուները «կողքից ձայն տանողներ» են:
«Վերջնահաշվարկում տեսնելու են, որ ոչ թե պայքարում էին, որ հաղթեն Վիկտոր Դալլաքյանին, այլ խանգարում էին ինձ, որպեսզի ես չհաղթեմ նրան»,-թիվ 30 ընտրատարածքում մրցակցությունն այսպես է գնահատում Էդմոն Մարուքյանը:
Վերջինիս համոզմամբ`ինչպես կուսակցական թեկնածուները, այնպես էլ իշխանական թեկնածուն հաղթելու հնարավորություն չունեն, և թիվ 30 ընտրատարածքում ինքն է պատգամավոր ընտրվելու մեծամասնական կարգով: Նրա համոզվածությունը հիմնված է լուրջ վերլուծության և մարդկանց տրամադրությունների ուսումնասիրության վրա: Այն, որ կուսակցական թեկնածուներին քաղաքական ուժեր են սատարում, ըստ Մարուքյանի, առավելություն չէ: Նրա ուսումնասիրություններով`մարդիկ, ձայն տալով իրենց համակրած քաղաքական ուժին, չեն ընտրելու այդ նույն ուժի կողմից առաջադրված թեկնածուին: Ինչ վերաբերում է իշխանական թեկնածուին`Դալլաքյանին, ապա, ըստ Մարուքյանի, նրանից հիասթափված վանաձորցիները մտադիր են պատժել նրան, քանի որ նախկինում զոհի կարգավիճակով հանդես եկող ընդդիմադիր պատգամավորն այժմ ՀՀԿ-ի շարքերն է անցել: Եվ նրան պատժելով`ընտրողներն իրենց ձայնը տալու են այլընտրանքային թեկնածուի, Մարուքյանի համոզմամբ, իրեն. «Նրանք պետք է տեսնեն`իրենց ձայնը դե՞ն գցեն, թե՞ տան այնպիսի թեկնածուի, որը կարող է հաղթել Վիկտորին: Այդ պատժող ձայներն էլ են տալու ինձ: Սա սանկցիա է Վիկտոր Դալլաքյանի նկատմամբ»,-համոզված է Մարուքյանը:
Վերջինս նկատում է, որ Դալլաքյանի հիմնական ռեսուրսն այս պահին վարչական ռեսուրսն է, ինչի դեմ ինքն էր պայքարում ժամանակին: Պետությունը, լինելով ամենամեծ գործատուն, քարոզարշավի ընթացքում այդ լծակն օգտագործում է իր թեկնածուի օգտին: «Այսինքն`պետական հիմնարկներում մարդկանց ասում են, որ դուք պարտավոր եք ձեր ձայնը տալ Վիկտոր Դալլաքյանին, եթե չտաք` ձեզ կհեռացնենք աշխատանքից: Կամ`եթե չգնաք հանդիպմանը, չգիտեմ ինչ կանենք: Կամ`վատ հարցեր չտաք, գնացեք ուղղակի լսեք, մենք նկարահանենք ցույց տանք, որ ինչքան լավ են ընդունում մարդիկ երբեմնի ընդդիմադիր Վիկտոր Դալլաքյանին»,-վարչական ռեսուրսի չարաշահումն է պարզաբանում Մարուքյանը:
Նա չի բացառում, որ իշխանական թեկնածուի օգտին նաև ընտրակաշառք բաժանվի: Բայց և նկատում է, որ թիվ 30 ընտրատարածքը ամենաանկանխատեսելին է, բնակիչներն էլ ամենագիտակից ընտրողներեն են ՀՀ-ում, հնարավոր է`վերցնեն ընտրակաշառքը, բայց ձայն չտան այդ թեկնածուի օգտին: «Վանաձորը երբեք փողով մարդ չի ընտրել: Կարող է`փող բաժանվել է, բայց փողով մարդ չի ընտրվել: Փողը ունեցել է շատ թույլ ազդեցություն: Թե փողը ինչպես կփոխի իրադրությունը այս պահին, չեմ կարող ասել, բայց ընտրողները հասկանում են, որ իրենց երկար տարիներ խաբել են»,-ասում է Մարուքյանը:
Թիվ 30-նն այն ընտրատարածքն է, որտեղ նախորդ խորհրդարանական ընտրություններում Վիկտոր Դալլաքյանի դեմ առաջադրված Վահրամ Բաղդասարյանը պարտություն կրեց: Վանաձորցիներն ընտրեցին Վիկտոր Դալլաքյանին, բայց ոչ թե Վահրամ Բաղդասարյանին պատժելու նպատակով, այլ որպես այլընտրանք: «Վիկտոր Դալլաքյանը հանդես էր գալիս որպես զոհ, ճնշումների, վարչական ռեսուրսի զոհն էր այն ժամանակ, իբր: Մարդիկ տեսան, որ նա ճնշված թեկնածուն է, ձայնը տվեցին նրան: Բայց հիմա իրավիճակը այլ է, և հենց այն ժամանակվա իր զոհի կարգավիճակն է խանգարում, որ նա հաղթի այս ընտրություններում»,-ասում է Մարուքյանը:
Այս վերջին միտքը մեկնաբանելով` նշում է, որ նախորդ ընտրություններում Դալլաքյանը «ընդդիմադիր» ձայներ է տարել, հետևաբար`այսօր չունի այդ ձայները: «Մի քիչ» իշխանական ռեսուրս ունի, որն էլ դարձյալ ամբողջությամբ չի սատարի նրան, որովհետև երկար տարիներ քննադատել է նույն իշխանություններին:
«Ի՞նչ եք կարծում`եթե նրա անվան դիմաց գրվել է ՀՀԿ, բոլոր ՀՀԿ-ականները նրան ձա±յն են տալու: Ես այդպես չեմ կարծում»,-եզրափակում է Մարուքյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել