HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Բուտիկներն ապամոնտաժվում են. դրանք շինանյութ են դառնալու (լուսանկարներ)

Այսօր Մաշտոցի պուրակում մեծ թափով ընթանում են բուտիկների ապամոնտաժման աշխատանքները, որոնք սկսվել են երեկ երեկոյան:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին՝ բնապահպան-ակտիվիտսների պայքարի մեկնարկից միայն 80 օր անց, Մաշտոցի պուրակ այցելեց նախագահ Սերժ Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին տեղում հանձնարարեց ապամոնտաժել կրպակները՝ ասելով, թե պուրակի տեսարանն «իրոք, գեղեցիկ չէ»:

Հաջորդ օրը Տարոն Մարգարյանը որոշում կայացրեց կարճ ժամկետում ապամոնտաժել կրպակները:

Այսօր ապամոնտաժման աշխատանքները կատարում էին «Սահակյանշին» ՓԲԸ-ի և «Կենտրոն կանաչապատման» աշխատողները:

Մի քանի բուտիկի տանիքներ արդեն ապամոնտաժված էին:

Տանիքների թիթեղները բարձվում էին բեռնատար ավտոմեքենաների վրա:

Որոշ բանվորներ կռանով հարվածում էին բուտիկների պատերին ու քանդում դրանք:

«Մի զարկ տուր ցարի գահին, որ տապալվի նա հիմնովին»,- բուտիկի պատը քանդող բանվորին ասաց ընկերը:

Միաժամանակ այգում ընթանում էին բարեկարգման աշխատանքներ:

Այգում հսկում էր մի քանի ոստիկան:

Էջմիածնի շրջանի Սամաղար գյուղի բնակչուհի Շաքե Ղարդաշյանը, ով անցնում էր այգով, ասաց, որ հավատում էր ակտիվիստների հաղթանակին: «Ինձ հաճելի էր, որ այգի լիներ»,- ասում է տիկին Շաքեն:

Նա նախկինում կանաչի ու հատապտուղ էր վաճառում այգու մոտի գոտնանցման դիմաց, իսկ փողոցային առևտրի արգելվելուց հետո կանաչին «բաժանում է օբյեկտներին»:

Ավտոկռունկավար Աշոտն էլ է գոհ, որ մասնակցում է ապամոնտաժման աշխատանքներին: «Թող կանաչ լինի, էլի, մեր տարածքը»,- ասում է նա:

Բանվորները ենթադրում են, որ բոլոր կրպակները կապամոնտաժեն մեկ շաբաթում:

Պուրակում էր Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ում հանձնարարված է հսկել ապամոնտաժման աշխատանքները: «Հետքի» հետ զրույցում նա ասաց, որ քաղաքապետն իր առջև խնդիր է դրել կրպակներն ապամոնտաժել «ամենասեղմ ժամկետում»:

«Հիմա դրա համար տեմպը արագացնում ենք, որովհետև պիտի մաքրենք տարածքը, բարեկարգողները հետևից գան սա բարեկարգեն. կանաչ գազոն, սալահատակ»,- ասաց Կամո Արեյանը:

Անդրադառնալով «Հետքի» այն հարցին, թե ուր են տարվելու և դրվելու ապամոնտաժված թիթեղներն ու մետաղի կտորները՝ Կամո Արեյանն ասաց. «Որպես կրպակ, տաղավար՝ չի վերատեղադրվելու ոչ մի տեղ: Նման հարց չկա»: Նա հավաստիացրեց, որ ապամոնտաժված կրպակներն օգտագործվելու են որպես շինանյութ:

Մեր այցելության ժամանակ այգում էին բնապահպան-ակտիվիստներ Եղիա Ներսեսյանը և Հելեն Մելքոնյանը: Եղիայի խոսքերով՝ եթե ապամոնտաժված բուտիկները տեղադրեն ցանկացած այլ հանրային վայրում, ապա բնապահպան-ակտիվիստները կշարունակեն իրենց պայքարը այդ վայրում:

Հելեն Մելքոնյանն ասում է, որ Մաշտոցի այգին, լինելով հանրության սեփականություն, դառնալու է հանրային հարթակ. այգում շարունակվելու են կազմակերպվել քննարկումներ, ցուցահանդեսներ, ցուցադրվելու են ֆիլմեր: Բնապահպանները նախատեսնում են նաև մասնակցել այգու բարեկարգման աշխատանքներին, ծառատունկ անել:

 

«Բնապահպանների ակտիվ մասսան կգնա կզբաղվի բնապահպանական խնդիրներով՝ հանձին Թեղուտի, իսկ հանրությունը ու լիքը մարդիկ, որ միացել են, կպահեն սա որպես հանրային առաջին աննախադեպ այգի»,- հավելում է Եղիա Ներսեսյանը:

Ակտիվիստները շնորհավորում են իրար և հաղթանակը համարում բոլորինը: Եղիա Ներսեսյանին զանգահարել և շնորհավորել է նաև Քաջարանի գյուղապետը: Բնապահպանների պայքարի հաջորդ հանգրվանը Թեղուտն է՝ որպես ամենաթեժ ու վտանգի ենթարկված վայր, թեև նրանց առաջնահերթությունների մեջ են նաև Քաջարանը, Ջերմուկը և բնապահպանական խնդիրներ ունեցող այլ վայրեր:

Անդրադառնալով «Հետքի» այն հարցին, թե արդյոք բնապահպան-ակտիվիստները կկարողանա՞ն կանխել Թեղուտի անտառի մնացած մասի հատումը՝ հաշվի առնելով այն, որ Թեղուտի հանքի շահագործումից ստացվելիք եկամուտները անհամեմատ ավելի մեծ են, քան բուտիկներից ստացվելիք շահը՝ Եղիան պատասխանեց. «Երբ Շուշին ազատագրեցինք, ոչ մեկ չէր հավատում, որ մենք կարող ենք Շուշի ազատագրենք: Իհարկե, մենք ամեն ինչ գիտենք, ճիշտ գնահատում ենք արժեքները, և մենք գիտենք՝ ինչի համար ենք պայքարում: Ես և մենք՝ մարդիկ, որոնք հավատում են, երբեք չենք վախենում»:

Նա չցանկացավ որևէ կերպ մեկնաբանել այն տեսակետը, որ բնապահպան-ակտիվիստների պայքարն ու հաղթանակը նախընտրական արշավի մաս դարձվեցին: «Ես գիտեմ մի բան. ունեմ շոշափելի հաղթանակ, աչքովս տեսնում եմ, և դա է պետք»,- ասաց Եղիա Ներսեսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter