HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եկա, տեսա, քանդեցի

Որքանով է Մաշտոցի պուրակը ծառայում նախընտրական քարոզչությանը

Սույն թվականի հունվարի վերջից Մաշտոցի պուրակում ծագած խնդիրները կարծես իրենց տրամաբանական ավարտին են հասնում: Տրամաբանական, և ավելին՝ բազմիցս կանխատեսված: Քաղաքացիական նախաձեռնությունների համար հստակ տեսանելի է, թե ինչպես ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական տարբեր ուժեր հանդես են գալիս արդարության, ժողովրդավարության և մարդու իրավունքների սրտառուչ տեքստերով: Քարոզարշավի ընթացքում տարբեր ուժեր, ամեն մեկն իր հնարավորությունների չափով, քարոզում և արշավում են Հայաստանում մնացած և կեցության ամենօրյա պայքար մղող բնակչության վրա:

Վաղուց արդեն սիմվոլիկ դարձած նախընտրական խոստումների և գովազդային ձևաչափով սահմանափակվող գործողությունների ֆոնի վրա մայիսի 1-ին ՀՀ նախագահը Երևանի քաղաքապետի հետ միասին այցելում է Մաշտոցի պուրակ և եզրակացնելով, որ այգում կառուցված կրպակները գեղեցիկ չեն` հանձնարարում սեղմ ժամկետում ապամոնտաժել դրանք:

Այդպիսով, մեր երկրում որոշումների կայացման մեջ գեղագիտական ճաշակը ինքնաբերաբար սկսում է վեր դասվել իրավական հիմնավորումների նկատմամբ: Գեղագիտական ճաշակը դառնում է չափանիշ, կողմնորոշիչ գործոն (Աննախադեպ առաջարկ N1):

Չնայած Երևանի քաղաքապետը և գլխավոր ճարտարապետը՝ ի դեմս քաղաքապետարանի տարբեր ներկայացուցիչների, բուտիկները համարել էին «սիմետրիկ, հայելանման» հորինվածքի ճարտարապետական նմուշ` նախագահին զարմանալի արագությամբ հաջողվում է համոզել Երևանի ճարտարապետական դիմագծի շինարարներին, որ նրանք չարաչար սխալվել էին: Վերջիններս լուռումունջ ընդունում են այս ճաշակային խրատը, ինչը պաշտոնական լրահոսում չի մեկնաբանում որպես հիերարխիկ ճնշման արդյունք: 

Շատ պատահական ձևով է այս ամենը համընկել նախընտրական քարոզարշավի փուլի հետ, ու նաև շատ պատահականորեն են Տարոն Մարգարյանի ճարտարապետական ընկալումները համընկել նախագահի ընկալումների հետ, ինչը ուշագրավ բացառություն է «Ճաշակին ընկեր չկա» իմաստախոսության օրինաչափությունից:

Քաղաքապետի ֆեյսբուքային էջում անմիջապես հայտնվում են բազմաթիվ գովասանքներ  (անսպասելիորեն` նաև սեփական աշխատակազմի ներկայացուցիչների կողմից) Տարոն Մարգարյանի արժանիքների մեջբերումներով և հղում կատարելով Մաշտոցի պուրակի խնդրի առնչությամբ արդարացի որոշմանը: (Աննախադեպ առաջարկ N2)

Միևնույն ժամանակ կալիֆորնիահայ Նորիկ Մարկոսյանը «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքային էջում, չգիտես ինչու, բաց նամակ է հրապարակում՝ ուղղված ՀՀ նախագահին, որտեղ վերջինիս խորհուրդ է տալիս աշխատանքից ազատել նախագահի PR հարցերի պատասխանատուին, ում խորհրդով ՀՀ նախագահը Երևանի քաղաքապետին հրապարակավ «ջան»-ով է դիմել:

Գուցե հանրության ներկայացուցիչները դեռևս չեն հասկանում այն մտերմիկ հարաբերությունները, որոնք այսօր բացեիբաց և ժողովրդավարորեն քաղաքական հարթակ են տեղափոխվում, չեն հասկանում այդ հարաբերությունների կառուցողական նշանակությունը: Եվ ո՞վ գիտե, մի գուցե պետական այրերի համագործակությունը ավելի արդյունավետ լիներ, եթե նրանք այսուհետ սկսեին հրապարակավ համբուրվել գործնական քննարկումներից առաջ, սակայն վերը մեջբերված արձագանքը ապացուցում է, որ մեր հասարակությունը դեռևս «լիքը աճելու տեղ ունի» մինչև պետական այրերի ջերմ և կառուցողական գործակցությունն ըմբռնելը:

Հայտնի է, որ քաղաքացիները անընդհատ Մաշտոցի պուրակ էին հրավիրում քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն ահա նա պուրակ այցելեց ոչ թե մենակ, այլ իր հետ հայտնի «հայրական» ոճով խոսող նախագահի հետ միասին: Նախագահ Սարգսյանը նախևառաջ մոտեցավ ու շնորհակալություն հայտնեց ոստիկանության աշխատակիցներին՝ լավ ծառայության համար: Իրենց Մաշտոցի այգու պաշտպան հռչակած քաղաքացիներին որևէ շնորհավորանք կամ շնորհակալական խոսք չուղղեց, և ըստ արժանվույն: Նրանք լավ չէին ծառայել:

Իսկ ԵԱՀԿ-ի բացառիկ նախաձեռնությամբ հատուկ վերապատրաստումներ անցած ոստիկանության արժանիքների առնչությամբ հիշեցնենք, որ նախագահի անսպասելի այցից երկու օր առաջ Մաշտոցի այգու տարածքում յոթ անհնազանդ քաղաքացի էր ձերբակալվել, իսկ տասնյակ երիտասարդների ու աղջիկների տարբեր կարգի մարմնական վնասվածքներ էին հասցվել ոստիկանության կողմից քաղաքացիական ակցիան ցրելու համար կազմակերպված «ուղղիչ-իրավապահ» գործողությունների ընթացքում (Աննախադեպ առաջարկ N3):

Ոստիկանության կողմից քաղաքացիական ակցիա – գեղագիտորեն այս հատվածը գեղեցիկ է հնչում. ըստ էության՝ սա հենց այն է, ինչի դեպքում քաղաքակիրթ և ժողովրդավար պետության նախագահի՝ ոստիկանությանը հղած շնորհակալական խոսքը բարոյապես ընդունելի կլիներ: Տեսականորեն ենթադրենք՝ ինքը՝ նախագահը, հակասահմանադրական հրաման տված լիներ (ինչը, անշուշտ, գործնականում բացառվում է, հատկապես նախընտրական փուլում), իսկ ոստիկանությունն իսկույն ընդդիմանար և հանդես գար քաղաքացիական ակցիայով. օրինակ՝ «Ապամոնտաժել կրպակները» պատահական խորագրով: Ցավոք, այսօր սա զառանցանք է:

Սակայն իրականությունը վեհ է և խորիմաստ: Երկրի ղեկավարը շքախմբով ժամանում է այգի, նայում է իր շուրջը, չի հավանում կրպակները և կարգադրում ապամոնտաժել դրանք: Նշված երեք գործողությունների շարակարգային հաջորդականությամբ նա ինքնաբերաբար հայտնվում է Հուլիոս Կեսարի մակարդակի վրա, որտեղ եթե վերջինս կարող էր փառքի արժանանալ «հաղթելով» (մ.թ.ա. 47 – մ.թ. 2012), ապա նախագահը կարող է ձայների արժանանալ «քանդելով» (մ.թ. 1.05.2012 – 6.05.2012) : Եկա, տեսա, քանդեցի:

Բայց այս ամենը՝ կրկին պատահականորեն: 

«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter