HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Հանրահայտ էքստրասենսի քաղաքական կանխատեսումը

Հեռախոսազրույց միջազգային կարգի էքստրասենս, Եվրոպայում և Ռուսաստանում բազմաթիվ դիպլոմների ու մեդալների արժանացած, հավաստագրերով արտոնված հանրահայտ պայծառատես մոսկվաբնակ Սեդա Վարդանյանի հետ

- Ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումները մայիսի 6-ին ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

- Այս օրերին կուսակցությունների միջև տեսնում եմ ներքին բախումներ, բացասական երևույթներ, մայիսի 4-ին, ցավոք, կհնչեն կրակոցներ, իսկ մայիսի 6-ին հատկապես երկու կուսակցությունների միջև տեղի կունենա լուրջ վիճաբանություն:

- Ընտրությունների արդյունքում ո՞ր կուսակցությունները կստանան առավել թվով ձայներ:

- Ամենաշատ ձայները, գրեթե հավասար քանակով, կստանան ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն, կհաջորդի ՀԱԿ-ը, սակայն արդյունքում առաջին տեղում կհայտնվի ՀՀԿ-ն: Ընտրություններում հաղթողը այս երեք կուսակցություններն են: Չորրորդ կուսակցությունը, որը կհայտնվի խորհրդարանում, «Ժառանգությունն» է, որը թեև սակավաթիվ ձայներ կստանա, սակայն կմտնի խորհրդարան, քանի որ նրա տեղի համար մեծ գումարներ են ծախսվել: Մեծ-մեծ խոստումներ տվող ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը բավական թույլ են, ձայների ցանկալի քանակ չեն ապահովի, մյուս երեք կուսակցությունների մասին խոսելն ավելորդ է: ՀԱԿ-ը պետք է զգույշ լինի, նրա երկու անդամները բախումների արդյունքում խիստ կտուժեն: Ընտրությունների ընթացքը թեև կներկայացվի ազատ, արդար ու խաղաղ, սակայն իրականում ընտրությունները կանցնեն անհանգիստ մթնոլորտում:

- Բայց հատկապես իշխող Հանրապետական կուսակցությունը բացառել է ընտրախախտումների հավանականությունը:

- Ընտրություններն, առհասարակ, անհնար են առանց կեղծիքների: Ամեն անգամ խոստանում են, սակայն` ապարդյուն: Իսկ այս դեպքում ամեն ինչ արդեն որոշված է և այնպես է կազմակերպված, որ ոչ ոք գլխի չընկնի: Ընտրակեղծիքների շուրջ նշածս երեք կուսակցությունների միջև կլինեն վիճաբանություններ:

- Վերջին շրջանում հաճախ է շրջանառվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու հարցը: Հնարավոր համարո՞ւմ եք դա:

- Նման միտք, գաղափար եղել է, անգամ դրա շուրջ վիճաբանություն է եղել: Նախագահին հանգիստ թողնենք: Մի բան հստակ իմացեք, որ Գագիկ Ծառուկյանն իր մտադրությունից չի հրաժարվի, և իրականացնելու է այն, ինչ ծրագրել է:

- Ի՞նչ է սպասվում Հայաստանին ընտրություններից հետո:

- Ամռան շրջանում տեսանելի փոփոխություններ չեն լինի, եկող տարի նախագահի ընտրություններից հետո տեղի կունենան բուռն հանրահավաքներ և ցույցեր: ԼՂ-ի հարցում որևէ տեղաշարժ չի լինի, այսօր անհանգիստ վիճակ է երկրի սահմանամեձ շրջաններում, թեև իշխանություններն այդ մասին չեն ցանկանում խոսել:

- Ընտրություններից հետո ժողովրդի վիճակը փոքր-ինչ կբարելավվի՞:

- Ժողովրդի սոցիալական վիճակի առումով էական փոփոխություն չի լինի, միայն կենսաթոշակները աննշան կբարձրանան, երեխաների հանդեպ էլ փոքր-ինչ կաճի ուշադրությունը: Ինչպե՞ս ասեմ, որ լավ է լինելու, երբ լուրջ փոփոխություններ չեմ տեսնում: Կավելանան վարձու մարդասպանների ձեռքով կատարվող սպանությունների, ինքնասպանությունների և թրաֆիքինգի, արտագաղթի ծավալները, դեռ երեք տարի արտագաղթածները Հայաստան չեն վերադառնա:

Ես աղոթում եմ Հայաստանի համար, իմ հայրենիքի համար Աստծուց խնդրում եմ խաղաղություն, մենք հաղթանակած ժողովուրդ ենք և ուրեմն վաստակել ենք բարեկեցիկ կյանքով ապրելու իրավունքը:

ԱՆՈՒՇ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter