«Չես ըսեր, կնի’կ, կիրակի օրը քվեարկությունը պիտի կատարվի...». մերօրյա քաղգործիչների կերպարները անցյալի հայ գրականության էջերում
«Acta, non verba (Գործ, ոչ թե խոսք). ա’յս պետք է լինի մեր նշանաբառը»:
Ե. Օտյան «Ընկեր Բ Փանջունի»
Մեկ ամիս տևած նախընտրական քարոզարշավն ապրում է հուզավառության իր վերջին փուլը: Ցայսօր ականտես ենք լինում բոցաշունչ ելույթների, արդարությանը նվիրագրված քաղգործիչների երևակայության թռիչքների, հաճախ նաև մի շարք սատիրիկ իրավիճակների: Եվ քանի որ հեղափոխական տրամադրվածությունների թեմատիկան հավերժական է, քարոզարշավի նույնանման իրադրությունների և կերպարների հանդիպում ենք նաև հայ գրականության անցյալի էջերում:
Հավերժական թեմաներ և նույնատիպ շահարկումներ
Հովհ. Թումանյանի «Անկեղծ չենք» հոդվածը այսօրվա նախընտրական խրոնիկայի արձագանքն է , որ «հնչում է դարերից ու գնում է դարերով…» . «ազգայինի» պիտակով գործիչների մասին ահա թե ինչ է ասում մեծ գրողը. «...Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել և ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:
Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը: Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»...»: Իսկ Ժողովրդի անունը շահարկողներն այսօր էլ քիչ չեն:
Մեկ այլ տիպիկ նախընտրական ինտերմեդիայի ականատեսն ենք դառնում Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» երկում. «թաղականի ընտրության» արարողությունը ձայների առուծախի մերօրյա պատկերն է. «Չես ըսեր, կնի’կ, թաղականին գործն ալ այսօր լմնցուցինք. կիրակի օրը քվեարկությունը պիտի կատարվի, և բոլոր անդամները պատվաբարո մարդիկ պիտի ըլլան: Թորոս աղան ինձի քանի մը օր օղի խմցունելով ետևես ինկավ, որ յուր ուզած մարդոցը քվե տամ, բայց ես իմ մարդոցս տվի, վասն զի իմ մարդիկս ինձ ամեն գիշեր օղի կը խմցունեն ...»: Օղուն այսօր փոխարինելու են եկել ջեմը, ձեթը, որոշ դեպքերում նաև դրամը:
Իր ստեղծագործություններում քաղաքական մի շարք հարցեր է քննել նաև Երվանդ Օտյանը` քաղաքական երգիծանքի ամենամեծ ներկայացուցիչը հայ գրականության մեջ: «Վաճառականի մը նամակները կամ կատարյալ մարդ ըլլալու արվեստը» երկում բոլորիս ծանոթ այն երգիծական իրադրությունն է, երբ ընտանիքի յուրաքանչյուր անդամ մի կուսակցության է հարում` այդպիսով փորձելով հավանական դարձնել իրավիճակից օգտվելը. «...Մեծ ուրախություն զգացի` լսելով, որ հնչակյան կուսակցության անդամ գրվեր եք: Ես ալ դաշնակցական արձանագրվեցա և Միհրանիս ալ պիտի գրեմ, որ ինքն ալ ուրիշ կուսակցության մը արձանագրվի. այս կերպով ամենքը բռնած կըլլանք»: Կուսակցությունների անունների մի մասը գուցե փոխվել է, բայց այս իրավիճակը դեռ նույնն է:
Անձնական շահերը ազգային շահերով վարագուրել փորձող այսօրվա քաղգործիչները «հարություն» են առնում Օտյանի` «Հեղափոխության մակաբույծները» շարքից: Այստեղ երգիծաբանն անդրադառնում է այն ձևերին, որոնցով քաղգործիչները փորձում են գրավել ընտրազանգվածը. սրանք արդի «փիառ» մեթոդների բաղկացուցիչ մասն են (հատուկ ընտրված բառապաշար, կարգախոսներ, որոնք ժողովրդի մտահոգությունների արտացոլումն են և այդպիսով ավելի ընդունելի...)
- Ժողովրդի հետ նույնանալու ցանկություն
- ժողովրդին մոտենալու ցանկություն
- բարի լոզունգներ
- ժողովրդավարության ներբողում
- ազգային և համամարդկային մեծ երազանքներ.
«-Այո’, սիրելի ընկերներ, միություն և համերաշխություն: Մենք իբրև հերոս և իբրև ժողովրդի հարազատ ներկայացուցիչ, պետք է ընենք այդ բանը, պետք է միացնենք հեղափոխական կուսակցությունները և հետո միացնենք իրարու հետ նաև եվրոպական տերությունները: Պետք է երթանք Փարիզ և Լոնտոն, խորհրդակցինք բարձրաստիճան անձերու հետ և այս բանը ընենք (մենքը- միմիայն ինքն էր)»:
Բայց ներկա իրավիճակն իր բոլոր երգիծական կողմերով արտացոլող գլուխգործոցը Օտյանի «Ընկեր Փանջունի»-ն է: Այս ստեղծագործության մեջ մեր օրերի հետ զուգահեռները շատ են. փանջունիների (փանմըչունիներին) այսօր ամենուր կարող ենք տեսնել: Երկի մի քանի հատվածներ ուղղակի ապշեցնում են ներկայի հետ իրենց գերնմանությամբ`
- ուղերձ իրենց «պրեստիժի» վրա աշխատող մերօրյա այն քաղգործիչներին, ովքեր միտինգներով անընդհատ լարվածության մեջ են պահում ժողովրդին. «Ներկա հայ իրականության մեջ մեր պրեսթիժը կը պահպանվի ու կը բարձրանա պայքարով ու մի’ միայն պայքարով: Մեր կազմակերպությունը ծնվեր է պայքարի հրամայողական պահանջքեն և ապրեր ու զորացեր է պայքարով: Դա պատմական փաստ և իրողություն է և կարելի չէ ժխտել: Մեր պրեսթիժը թեքվեցավ այն օրեն` ուր խաղաղ գործունեության աղետալի փորձը ընել ուզեցինք: Կատուն որ չի ճանկեր ու կը փորձե ետևի ոտքերուն վրա կենալ ու ձեռք լիզել, այլ ևս կդադրի կատու ըլլալե ն ալ կորցրած է իր պրեսթիժը մուկերու քով: Պետք է միշտ ճանկել, այդ է մեր պատմական, և կամ այսպես ասած` մեր ֆիզիոլոգիական դերը հայ իրականության մեջ»:
- ընդգծելու համար պրեստիժի հետևից վազող մարդկանց անհանդուրժող էությունը` նշում է նրանց երգիծական սկզբունքներից մեկը` «Նույնիսկ եթե դուռը բաց գտնենք, նախ պիտի խորտակենք ու հետո ներս մտնենք»:
- անդրադարձ քաղաքական շահարկումների առիթ դարձած մեկ այլ խնդրի` կնոջ էմանսիպացիային: Այն այսօր էլ «գենդերային խնդիրներ» անունով բարձրաձայնում են մի շարք կուսակցություններ` փորձելով շահել ընտրազանգվածի կին ներկայացուցիչների համակրանքը, նաև դրսի «սիմպատիան». «Կնոջական էմանսիբացիա,- ահա’ մեր նշանաբանը վաղվա պայքարի համար:...Վասպուրականի հայուհիներ, ազատության ժամը հնչեց ձեզի համար , թոթափեցեք ձեր շղթաները ...»:
- Եվ վերջում, իբև այս ամենի կատարյալ ամփոփում, մի վերջին հատված Փաջունու նամակից `
«Սիրելի’ ընկերներ,
Կեցցե’ հեղափոխություն:
Կեցցե ազատություն:
...Հաղթությո~ւն, հաղթություն: Վերջապես մեր կորովի գաղափարային ազնիվ պայքարը անպայման տարավ հաղթանակը, անկեղծ հեղափոխական սկզբունքը փրկվեցավ, թեև Ծապլվար կործանեցավ: Ափսո~ս, ի՞նչ անել` կարելի չէ ծվազեղ եփել առանց հավկիթ կոտրելու, կ’ասե ֆրանսիական առածը: Ծապլվարի ավերակներուն վրա այժմ կբարձրանա մաքուր իտեալական պայքարի հոյակապ հաղթակամարը»:
Նման «իտեալական պայքար» մղողներն ու «հեղափոխական գործիչները» շատ են, դժբախտաբար, նրանցից շատերի պայքարը մեզ համար կործանում է արժենում...
Զարուհի Դիլանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել