HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Արտակ Բեգլարյանն՝ ընդդեմ ԱԳՆ-ի. դատական նիստը կայացավ կողմերի բացակայությամբ

Այսօր վարչական վերաքննիչ դատարանում դատավոր Արթուր Առաքելյանի նախագահությամբ քննվեց Արտակ Բեգլարյանի վերաքննիչ բողոքը վարչական դատարանի վճռի դեմ: Գործով պատասխանող կողմ են արտաքին գործերի և ֆինանսների նախարարությունները:

Հիշեցնենք, որ հայցվոր Արտակ Բեգլարյանը, ով վաղ տարիքում կորցրել է տեսողությունը, դիմել էր արտգործնախարարի կառավարման ներքո գտնվող Դիվանագիտական դպրոցում դասընթացներին մասնակցելու նպատակով քննություններ հանձնելու և ուսումը շարունակելու համար: Սակայն հայցվորին հայտնել էին, որ արտգործնախարարը՝ ի դեմ Դիվանագիտական դպրոցի, որոշել է մերժել հայցվորի դիմումի ընդունումը՝ պայմանավորված իր կուրությամբ:

Հայցվորը դատարանից պահանջում է վերացնել իր դիմումը մերժելու ԱԳՆ-ի որոշումը, որպես իրենց պատճառված բարոյական վնասի մասնակի փոխհատուցում՝ ՀՀ-ից բռնագանձել 1 դրամ, վերացնել ԱԳՆ-ի կառավարման ներքո գործող Դիվանագիտական դպրոց ընդունվելու հնարավորության ապօրինի սահմանափակումը, պարտավորեցնել ԱԳՆ-ին իրականացնել իր ընդունելության քննությունը կամ իրեն ընդունված համարել Դիվանագիտական դպրոց:

2011թ. հոկտեմբերին վարչական դատարանը մերժել էր Արտակ Բեգլարյանի հայցը, և այժմ վերջինս բողոքարկում է այդ վճիռը:

Այսօրվա դատական նիստին Արտակ Բեգլարյանը ներկա չէր, քանի որ չընդունվելով Դիվանագիտական դպրոց՝ այժմ նա ուսանում է Անգլիայում: Նիստին ներկա չէին ոչ հայցվորի և ոչ էլ պատասխանող կողմի՝ ԱԳՆ-ի ներկայացուցիչները:

Իսկ երկրորդ պատասխանող կողմը՝ ֆինանսների նախարարությունը, ներկայացնելով վերաքննիչ բողոքի պատասխան, խնդրել էր գործը քննել իր ներկայացուցչի բացակայությամբ՝ հիմնավորելով, որ բողոքն ուղղակիորեն չի առնչվում իր գործառույթներին:

Նախագահող դատավորը նշեց, որ կողմերը պատշաճ ծանուցվել են դատական նիստերի վայրի ու ժամանակի մասին, սակայն չեն ներկայացել ոչ նախորդ և ոչ էլ այս նիստին: Դատարանը նախորդ նիստը հետաձգել էր, սակայն որոշեց այս անգամ նիստն անցկացնել կողմերի բացակայությամբ, դատարկ դահլիճում:

Դատարանը հնարավորություն չուներ հարցեր ուղղել կողմերին: Նախագահող դատավորն իրականացրեց համառոտված զեկուցում:

Հայցվոր կողմը, որպես իր իրավունքի խախտում, մատնանշել է, որ Արտակ Բեգլարյանը հնարավորություն չի ունեցել վերադաս վարչական մարմիններ բողոքարկել Դիվանագիտական դպրոցի կողմից իր դիմումի ընդունումը մերժվելը, քանի որ առ այսօր հայցվորին չի էլ տրամադրվել այդպիսի վարչական որոշում:

Ըստ հայցվորի՝ վարչական դատարանի դիրքորոշումն ամբողջությամբ հիմնված է եղել այն պնդման վրա, որ ոչ թե ԱԳՆ-ն, այլ հենց Դիվանագիտական դպրոցն է պատասխանատվություն կրում հայցվորի դիմումի ընդունումը, նրա հաշմանդամ լինելու փաստի բերումով, մերժելու համար: Մինչդեռ ԱԳՆ-ի ներկայացուցիչները և ենթակաները ի պաշտոնե են գործել՝ մերժելով ընդունել հայցվորի դիմումը, և հենց ԱԳՆ-ն է, որ պետք է պատասխանատվություն կրի նրանց գործունեության համար: Ըստ հայցվորի՝ դատարանն անտեսել է այս հանգամանքը:

Մինչդեռ պատախանող կողմը՝ ԱԳՆ-ն, համաձայն է վարչական դատարանի վճռի հետ և խնդրում է ամբողջությամբ մերժել Արտակ Բեգլարյանի վերաքննիչ բողոքը: Պատասխանող կողմը պնդում է, որ ԱԳՆ-ն այս գործով չի կարող պատասխանող հանդես գալ, քանի որ հայցվորի վերաբերյալ որևէ վարչական ակտ չի ընդունել և պատասխանատվություն չի կրում Դիվանագիտական դպրոցի՝ դասընթացի մասնակցության մրցույթի հետ կապված գործողությունների համար:

Ավելին, պատասխանող կողմը, այս գործով պատասխանող լինելու պարագայում, հայցվորի դիմումի մերժման հիմքում կարող էր դնել կառավարության 2002թ. փետրվարի 13-ի որոշումը, ըստ որի՝ սահմանված են այն սահմանափակումներն ու հիվանդությունները, որոնք խոչընդոտում են ծառայողական պարտականությունների ու լիազորությունների կատարմանը: Այդ սահմանափակումների ու հիվանդությունների ցանկում ներառված է նաև կուրությունը: Հետևաբար, հայցվորի բողոքը ենթակա է մերժման:

Հայցվորը նաև հայտնում է, որ վարչական դատարանում տեղի ունեցած դատավարությունը չէր կարող դիտվել որպես արդյունավետ պաշտպանություն իր խախտված իրավունքի վերականգնման համար, քանի որ այն տեղի է ունեցել տևականորեն երկար ժամանակահատվածում, և եթե հայցվորի պահանջն անգամ բավարարվեր, ապա դատավարության տևողությունը անիմաստ էր դարձնում հայցադիմումը բավարարելու մասին վճռի կատարումը, քանի որ Դիվանագիտական դպրոցի դասընթացներն արդեն մոտեցել էին կեսին:

Նիստը վարող մյուս երկու դատավորները՝ Աշոտ Աբովյանը և Գալուստ Ղարիբյանը, հարցեր չունեին նախագահող դատավոր Արթուր Առաքելյանի այս զեկուցման վերաբերյալ: Եվ Արթուր Առաքելյանը տեղեկացրեց, որ վարչական վերաքննիչ դատարանը գործով իր վերջնական դատական ակտը կհրապարակի մայիսի 24-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter