HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Բրյուսովի անվան համալսարանից հեռացված ռեկտորը նախատեսում է դիմել Եվրոպական դատարան

Իր լիազորությունները կասեցվելու խնդրով Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հեռացված ռեկտոր Սուրեն Զոլյանը կարող է դիմել Եվրոպական դատարան: Այս մասին լրագրողներին հայտնեց Սուրեն Զոլյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ:

Ընդ որում՝ նա դա կարող է անել՝ առանց ներպետական ատյանները սպառելու, քանի որ համաձայն ԵԴ-ի՝ եթե հույս չկա, որ ազգային իրավական համակարգը գործին տալու է ճիշտ լուծում, և կա նաև ժամկետների խնդիր (տվյալ դեպքում՝ ռեկտորի ընտրությունները), ապա գործը կարող է քննվել արագացված կարգով:

«Այսինքն՝ անմիջապես այստեղ վերաքննիչ դատարանի մերժումը ստանալուց հետո մենք քննարկում ենք նաև այդ հնարավորությունը՝ անմիջապես դիմել Եվրոպական դատարան՝ չսպասելով, որ, այսպես ասած, պտույտը կատարվի»,- ասաց բանախոսը:

Նրա խոսքերով՝ վարչական վերաքննիչ դատարանը 2 օր առաջ վարույթ է ընդունել վարչական դատարանի որոշման դեմ իրենց բերած բողոքը:

Սուրեն Զոլյանի խոսքերով՝ մերժելով իրենց հայցադիմումը՝ վարչական դատարանը հիմնավորել է, որ ռեկտորը սովորական աշխատակից է, և նրա ու կրթության և գիտության նախարարի հարաբերությունները կարգավորվում են Աշխատանքային օրենսգրքով, այլ ոչ թե այլ օրենքներով: Մինչդեռ Սուրեն Զոլյանը համաձայն չէ դրան և համոզված է, որ վարչական դատարանը չպետք է իրեն ուղղորդեր դիմելու ընդհանուր իրավասության դատարան:

«Իմ կարծիքով՝ լրիվ պարզ է, որ հենց այդ գործը պիտի դատարանը ոչ թե մերժեր վերցնել և ինձ ուղարկեր այլ դատարան, որովհետև այլ դատարանում էլ կասեն՝ գնա վարչական դատարան»,- ասաց Սուրեն Զոլյանը:

Անդրադառնալով դիմումը մերժելու վարչական դատարանի բացատրությանը՝ բանախոսն ասաց, որ ըստ դատարանի՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ օրենքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում՝ եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար:

Տվյալ դեպքում կրթության և գիտություն նախարար Արմեն Աշոտյանը նպատակահարմար չէր համարել, որ Սուրեն Զոլյանը մասնակցի Եվրախորհրդի փորձագետների կոմիտեի նիստին, և խիստ նկատողություն էր հայտարարել ռեկտորին: Սուրեն Զոլյանը համարում է, որ սա հենց այն դեպքն է, երբ պաշտոնատար անձի վարչական ակտերով խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել միջազգային պայմանագրերով սահմանված իր իրավունքները և ազատությունները, այդ թվում՝ խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար:

«Այս առումով մենք տեսնում ենք, որ նաև պատասխանատվության լուրջ պրոբլեմ կա, որովհետև ստեղծված համակարգը, որտեղ, ենթադրենք, եթե մարդը իրավունք ունի հրամաններ արձակել, ցանկացած հրաման կարող է արձակել, և որևէ ձևով հնարավոր չէ իրեն կանչել պատասխանատվության, որովհետև սկսվում են անորոշ բացատրություններ»,- ասաց Սուրեն Զոլյանը:

Լրագրողը հարցրեց, թե նորից կղեկավարի՞ բուհը, եթե դատը շահի, և իրեն հնարավորություն տրվի վերականգնվել իր պաշտոնում: «Եթե վերականգնվում եմ, ուրեմն ես շարունակում եմ իմ աշխատանքը, ինչպես ես դա անում եմ և այժմ»,- պատասխանեց Սուրեն Զոլյանը:

«Այսինքն՝ հրաժարական չե՞ք տա»,- հարցրեց լրագրողը: «Միգուցե և տամ, լավ չեմ հասկանում ձեր հարցի իմաստը: Ինչո՞ւ ես պիտի հրաժարական տամ, որովհետև վերջիվերջո, գործը շարունակվում է, մենք բավականին լավ հաջողություններ ունենք, այդ հաջողությունները ամրագրված են եվրոպական ամենահեղինակավոր կազմակերպությունների հանդեսներով: Բուհը այսօր զարգացման փուլում է և այդ գործը թողնելը, իմ կարծիքով, ճիշտ չի լինի նախ և առաջ ոչ թե ինձ համար, այլ կրթական համակարգի»:

Եվրոպական տարաբեր համալսարաններ Սուրեն Զոլյանին հրավիրում են դասախոսելու, սակայն նա «չի ուզում դրան դիմել, մինչև այս հարցը իր լուծումը չգտնի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter