HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Թաղում էլ տրանսպորտ չի մնացել, ՀՀԿ-ն մարդկանց բերում է ու բերում…»

Ավանի եւ Նոր-Նորք համայնքի թիվ 1/03 ընտրատեղամասում, որ տեղակայված է թիվ 87 դպրոցում, հենց այս պահին առկա են կուտակումներ: Մարդկային կուտակումներ են նկատվում անմիջապես ընտրատեղամասի մուտքի մոտ եւ դպրոցի բակում, որը ամբողջությամբ վեր է ածվել շքեղ ավտոմեքենաների կայանատեղիի: Ավտոմեքենաներ են կայանված նաեւ դպրոցի ճանապարհին, ինչն էլ խցանումների պատճառ է դառնում: Ընտրողներին ընտրատեղամաս են հասցնում հիմնականում «Z» տաքսի ծառայության մեքենաներով:

1/03 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Էդիկ Անդրեասյանն առանձնացրեց կուտակումների խնդիրը, որ առկա է ընտրատեղամասում եւ ավելացրեց. «Թաղում էլ տրանսպորտ չի մնացել, ՀՀԿ-ն մարդկանց բերում է ու բերում…»:

ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Գայանե Առուստամյանի վստահված անձ Ջավահիր Այվազյանի հավաստմամբ` կուտակված մարդիկ նման են վերակացուների, որոնք ուղեկցում են ընտրողներին եւ ուղղորդում:  

«Հիմնաքար» պատմամշակութային ՀԿ ներկայացուցիչ, դիտորդ Արմենուհի Աղաբաբյանի փոխանցմամբ` ընտրատեղամասում կասկածելիորեն շատ է խուլ եւ համր, անօգնական ձեւացողների թիվը, ընդ որում՝ նրանց օգնողները, որոնց ներկայությամբ էլ կատարվում է ընտրությունը, բացառապես ընտրվում են ՀՀԿ ներկայացուցիչ, ընտրատեղամասային հանձնաժողովի քարտուղար Հովհաննես Ներսիսյանի կողմից:  

«Ես ստեղի կոմունալ բաժնի պետն եմ, բոլորին ճանաչում եմ, մեր թաղի ժողովուրդն են, չբարեւե՞մ, հետները չխոսա՞մ,- զարմացած բացատրեց ՀՀԿ-ական քարտուղարը եւ վստահեցրեց,- օգնողները ընտրվում են պատահական ընտրողներից եւ բացառապես օգնություն է ցույց տրվում այն մարդկանց, ովքեր դրա կարիքը ունեն: Նրանք ընդամենը մի քանի հոգի են եղել»:

Դպրոցի բակում կուտակված են միջին տարիքի եւ երիտասարդ մոտ 20 տղամարդ, որոնց հետ պարբերաբար հանդիպում եւ զրուցում է ընտրատեղամասային հանձնաժողովի քարտուղար Հովհաննես Ներսիսյանը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter