HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Տեսե′ք, հա, աղջիկներ, մեզ մոտ ամեն ինչ նորմալ է»

Էրեբունի համայնքի թիվ 12/27 ընտրատեղամասում ընտրողները զգալիորեն կոuտակված են ե′ւ ընտրատեղամասի ներսում, ե′ւ դրսում: 12/27 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ
Ալինա Մարգարյանն ասաց, որ ոստիկաններն իրենց օգնում են եւ ընտրատեղամասի ներսում 15-ից ավել ընտրող չեն թողնում, կուտակումն էլ բացատրեց նրանով, որ ընտրողները մեկ մի շենքից են գալիս, մեկ՝ մյուս: «Մինչ այս պահը մեր ընտրատեղամասում ընտրությունները նորմալ հունով են ընթացել եւ ոչ մի խախտում եւ խնդիր չենք գրանցել,- փաստում է Ալինա Մարգարյանը,-1763 ընտրողից մոտ 700-ն արդեն քվեարկել է»:

Այն պահին, երբ «Հետք»-ը փորձում էր տեղեկություններ ստանալ նաեւ ընտրատեղամասում աշխատող վստահված անձանցից, մոտեցավ հանձնաժողովի նախագահ Ալինա Մարգարյանը եւ սաստեց նրանց. «Տեսե′ք, հա, աղջիկներ, մեզ մոտ ամեն ինչ նորմալ է»: ՀՅԴ վստահված անձ Սուսաննա Հակոբյանն էլ անմիջապես նկատեց. «Իհարկե, մեզ մոտ շատ լավ ընտրություններ են ընթանում»:

Այնուամենայնիվ, թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրված Գոհար Վեզիրյանի վստահված անձ Անուշ Վարդանյանի փոխանցմամբ՝ մոտ 2-3 ժամ առաջ միջին տարիքի մի տղամարդ էր պտտվում բակում՝ ընտրատեղամասի մուտքի մոտ. «Նա ներկայացավ Արտավազդ Գեւորգյան «Լույս» հրատարակչությունից, ցուցակները ձեռքին ներկա-բացակա էր անում, թե ով է եկել ընտրության»:

«Չէ, չէ, այդ մարդն ասեց, որ ինքը համատիրության նախագահն է, պարզապես ուզում էր տեսնել, թե իր բնակիչներից ովքեր են մասնակցել ընտրությանը»,- հավելեց 12/27 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ալինա Մարգարյանը:

Վստահված անձ Անուշ Վարդանյանը նշեց, որ ինքն անմիջապես զանգել է Գոհար Վեզիրյանին, ով ահազանգել է ոստիկաններին: «Ժառանգություն» կուսակցության վստահված անձ Անահիտ Մուրադյանն էլ «Հետք»-ին հայտնեց, որ իրականում ոստիկանները բավականին ուշ են եկել, վերոնշյալ անձը խառնաշփոթից հետո մտել է ընտրատեղամասի դիմացի մայթին գտնվող հացատուն, որոշ ժամանակ այնտեղ անցկացնելուց հետո հանգիստ հեռացել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter