HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հանձնաժողովի քարտուղարը տղամարդ վստահված անձանց. «Դուք ստեղ հարս եք, խելոք նստեք»

Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում գտնվող թիվ 21/21 ընտրատարածքում 1361 ընտրողից այս պահին ընտրությանը մասնակցել է մոտ 650-ը: Հանձնաժողովի քարտուղար, ՀՀԿ անդամ Աբգար Գրիգորյանը անխտիր բոլորին ուղղություն է ցույց տալիս, որոշ դեպքերում ուղեկցում մինչեւ քվեախցիկ:

Բացի դրանից՝ Աբգար Գրիգորյանը ստորագրված ցուցակներից արտագրում եւ դուրս է տանում այն մարդկանց տվյալները, որոնք դեռ ընտրության չեն եկել, ու դրանից րոպեներ անց երիտասարդների ուղեկցությամբ մարդիկ գալիս են տեղամասեր: Հանձնաժողովի քարտուղարը վստահված անձանց արգելում էր ազատ շարժվել տեղամասում:

Թիվ 21/21 ընտրատեղամասում առաջին հայացքից ամեն ինչ հանգիստ է, սակայն մարդիկ վախենում են գալ տեղամաս: Պատճառն այն է, որ ժամը 14-ի մոտակայքում միջին տարիքի մի տղամարդ, որին բոլորը գիտեին, որ ԲՀԿ-ի օգտին է քվեարկելու, ընտրությունը կատարելուց հետո դուրս է եկել տարածքից, սակայն տեղամասից  քիչ հեռու ծեծվել է: Գյուղում բոլորն արդեն գիտեն այդ մասին եւ նախընտրում են տնից դուրս չգալ, մինչեւ իրենց հետեւից չգան: 

Միջադեպից հետո տեղամաս ներխուժեց նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին՝ Արտակ Գեւորգյանը: Նա տեղամաս էր եկել շքախմբով՝ վախի մթնոլորտ սերմանելով ընտրողների շրջանում:

Ընդհանրապես այս ընտրատարածքում թելադրողը Աբգար Գրիգորյանն է: Նա բոլորին ուղղորդում է, իսկ եթե վստահված անձինք նկատողություն են անում, ապա նրանց լռեցնում է՝ ասելով. «Հանգիստ նստեք տեղներդ»: Նույնիսկ «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողին սպառնաց. «Եթե իմանայի այդքան պիտի խոսես, հենց սկզբից չէի թողի գայիր»: «Ո՞նց չէիք թողնի»,- հակադարձեց լրագրողը: «Հենց ըտենց, խա՞մ ես»,- հակադարձեց հանձնաժողովի քարտուղարը, հետո տղամարդկանց ասաց. «Դուք ստեղ հարս եք, խելոք նստեք»:

Քանի որ մի քանի զգուշացումներից հետո Աբգար Գրիգորյանը շարունակեց իր գործելաոճը, ստիպված զանգահարեցինք թիվ 21 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանին: Վերջինս խոստացավ խնդիրն արագ կարգավորել, սակայն ապարդյուն. Աբգար Գրիգորյանը շարունակում է բացահայտ ոտնահարել Ընտրական օրենսգիրքը:

Մեկնաբանություններ (1)

drisslebrain
«Դուք ստեղ հարս եք, խելոք նստեք»:-ահագին Ծիծաղալու է,; ադաթով, տնավարի-հայավարի-տղամարդավարի; բա ոնց; այդ գյուղում ժամանակները դեռ չեն փոխվել, հարսը խելոք նստում է; որոշումները կայացնում են բոլորը, բացի իրենից.... շատ լավն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter