3 հոգի՝ նույն ընտրախցիկում
Շենգավիթի 12/11 ընտրական տեղամասում Անահիտ Բախշյանի վստահված անձը` Կարինե Բագիյանը, դժգոհում է, որ ընտրության ընթացքում ինքը նկատել է մի շարք խախտումներ, այնինչ հանձնաժողովի նախագահը միշտ չէ, որ պատշաճ կերպով է արձագանքել, և հաճախ միայն իր միջամտությունից և պարտադրելուց հետո էր կազմվում համապատասխան արձանագրությունը: Նա պահանջել է, որ հանձնաժողովի նախագահը, ով պետությունից ստանում է աշխատավարձ, պատշաճ կատարի իր պարտականությունները:
Կարինեն նշեց, որ ընտրողներից մեկը բերել էր իր հորն ու մորը, այնուհետև 3-ը միասին գտնվել են նույն ընտրախցիկի մոտ: Քվեաթերթիկը ճանաչվել է անվավեր, քանի որ մի անձն իրավունք չունի օգնել մեկից ավել մարդու: Նրա խոսքով` ամեն ինչ փորձում էին հարթ ներկայացնել այն ժամանակ, երբ ներկա էին օտարերկրյա դիտորդները, այնուհետև կրկին խառնաշփոթ էր լինում:
Կարինեն նկատել է, որ տան հասցեների հետ կապված կան վրիպակներ, որոնք խախտումների տեղիք կարող են տալ: Ընտրողներից մեկն էլ ներկայացել էր իր 20-ամյա հարսի հետ և փորձել համոզել հանձնաժողովին, թե վերջինս վատառողջ է և քվեարկության ժամանակ օգնության կարիք ունի: Սակայն դա նրան արգելվել է, հարսը քվեարկել է առանց «վկայի», որից հետո «վատառողջ» ներկայացող հարսը լքել է ընտրատեղամասը: Կարինեի խոսքերով` իրենք ականատես են եղել, որ մարդկանց գազելներով բերում-տանում են: Բացի այդ` տարբեր մարդիկ թույլ տեսողության պատրվակով պարբերաբար փորձում են երկուսով մոտենալ ընտրախցիկին:
Այստեղ ընտրելու է եկել նաև Նորագավիթի ՀՀԿ շտաբի պետի մայրը` թոռան հետ: Երբ վերջինիս արգելվել է օգնելու պատրվակով մոտենալ քվեախցիկին, կինը այլ կուսակցության է ընտրել, Կարինեի խոսքով` բոլորը դրա ականատեսն են եղել:
12/11 ընտրական տեղամասի նախագահ Մ. Շահբազյանի խոսքով` աշխատանքները կազմակերպվում են ուղեցույցի հիման վրա, ամեն ինչ ընթանում է կազմակերպված, նա ևս արձանագրեց 3 անձի` նույն ընտրախցիկին մոտենալու խախտումը: Նրա խոսքով` աղմուկը և ընտրողները շատ են, բայց լուրջ խախտումներ չեն եղել, այսքան մարդկանց մեջ փոքր վրիպումներ հնարավոր են, բայց ընդհանուր իրավիճակը հանձնաժողովի նախագահը գնահատում է բավարար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել