HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Քվեարկության ավարտից 1 ժամ անց թիվ 10/31-ում ձայների հաշվարկը դեռ չէր սկսվել

Ժամը 21:10-ի դրությամբ Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ դպրոցում տեղակայված թիվ 10/31 ընտրատեղամասում ձայների հաշվարկը դեռևս չէր սկսվել:

Ժամը 20-ին քվեարկությունն ավարտվեց, և տեղամասային հանձնաժողովի նախագահ Թաթոս Համբարյանը փակեց քվեատուփի ճեղքը: Այնուհետև հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը սկսեցին մարել չօգտագործված, ընտրողների կողմից ոչ ճիշտ լրացված, վնասված, ինչպես նաև տպագրական խոտանի պատճառով սահմանված նմուշից տարբերվող կամ կրկնվող համարով համամասնական և մեծամասնական ընտրակարգերի քվեաթերթիկները:

«Ընտրությունը քոնն է» կազմակերպության դիտորդը հաշվեց ու տեսավ, որ չօգտագործված ու մարված մեծամասնական ու համամասնական քվեաթերթիկների քանակի միջև տարբերություն կա, ինչի մասին իմացան ընտրատեղամասում ներկա արտասահմանցի 3 դիտորդները:

Դիտորդ Աննա Չուրդովան հանձնաժողովի նախագահին հարցրեց, թե որն է մարված համամասնական ու մեծամասնական քվեաթերթիկների քանակի տարբերության պատճառը: Թաթոս Համբարյանը պատասխանեց. «Մենք համամասնական քվեաթերթիկներ ավելի շատ ենք ստացել. ստացել ենք 1934 համամասնական և 1925 մեծամասնական քվեաթերթիկ»: Այս պատասխանը լիովին բավարարեց դիտորդներին, որոնք հոգնած տեսք ունեին և տպավորություն էին թողնում, որ իրենց ևս գործընթացը շատ երկար է թվում:

Քվեաթերթիկների մարումը շարունակվեց և չէր ավարտվել ժամը 21:10-ի դրությամբ:

«Ես կարծիք ունեմ միայն այստեղից՝ Հայաստանից, որ այս գործընթացը շատ երկար է տևում, և այնքան էլ լավ չէ հանձնաժողովի համար, քանի որ հանձնաժողովի անդամները, իմ կարծիքով, փոքր-ինչ հոգնած են»,- «Հետքին» ասաց դիտորդ Աննա Չուրդովան:

Մյուս կողմից, նրա կարծիքով՝ կարևոր է, որ ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները տեսեն, թե ինչպես է ընթանում գործընթացը: Այս գործընթացը փոքր-ինչ բարելավվել է՝ համեմատած 2003 և 2007թթ. անցկացված ընտրությունների հետ, որոնց ժամանակ ևս Աննա Չուրդովան աշխատել է Հայաստանում: «Գուցե մյուս անգամ դա լինի մի քիչ ավելի լավ և ոչ այսքան բարդ, ավելի կարճ»,- ասաց արտասահմանցի դիտորդը:

Թիվ 10/31 տեղամասային հանձնաժողովի նախագահ Թաթոս Համբարյանի տեղեկացմամբ՝ ընտրատեղամասում գրանցված 1875 ընտրողից ժամը 19:40-ի դրությամբ քվեարկել էր մոտ 1050-1100-ը: Թաթոս Համբարյանն ասաց, որ իրենց թույլ են տվել փոխել թանաքը, քանի որ այն 20 րոպեից ցնդում էր, և իրենք սովորական թանաքով են դրոշմակնքել անձնագրերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter