HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Բաքուն հարստացնում է շանտաժի «զինանոցը»

Ադրբեջանական տարաբնույթ պաշտոնյաները վերջին շրջանում քաղաքական շանտաժի հերթական ալիքն են նախաձեռնել Արևմուտքի նկատմամբ: Օրերս Ի. Ալիևի աշխատակազմի արտաքին կապերի պատասխանատու Ն. Մամեդովը կարծիք էր հայտնել, որ «Ադրբեջանը կարող է վերանայել իր արևմտամետ դիրքորոշումը և հայտնվել նոր միավորման կազմում, եթե Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից ավելի լայն աջակցություն չցուցաբերվի Հայաստանի հետ ունեցած Ղարաբաղյան հակամարտության հարցում:

Ադրբեջանի մերձեցումը Արևմուտքի հետ որոշակի լարվածության առիթ է մասնավորապես Իրանում: Իրանը հանդիմանում է մեզ, որ մեր նավթը վաճառում ենք Արևմուտքում և առաջարկում խզել հարաբերությունները ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ՝ իբրև Իրանի թշնամիների: Ադրբեջանն արդեն ստացել է այլ քաղաքական դաշինքի մեջ մտնելու առաջարկություն և կարող է այն ընդունել առաջիկա 5-10 տարիների ընթացքում»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային առաջիկա այցի խորապատկերի վրա այս հայտարարությունը անշուշտ պատահականություն չէ: Ինչպես նաև Ադրբեջանի մեջլիսի փոխնախագահ Բ.Մուրադովայի անհասկանալի-լավատեսական զեղումը այն մասին, որ «համանախագահների առաջիկա տարածաշրջանային այցը որոշակի նոր խթան կդառնա բանակցային գործընթացում»:

Ռուսական ոչ անհայտ վերլուծաբան Ս.Տարասովը այս երկու հայտարարությունների կապակցությամբ կարծիք է հայտնում, որ Բաքուն փորձում է շանտաժի դիմել և սպառնալ Արևմուտքին՝ Իրանի հետ հնարավոր մերձեցմամբ: Տեսակետ, որ, անշուշտ, կյանքի իրավունք ունի, բայց որին դժվար է համաձայնել:

Եթե օբյեկտիվ դիտարկենք Ադրբեջանի կողմից արևմտյան վեկտորի վերանայման հնարավորությունները, ապա դա սկզբունքորեն չի կարող հանգեցնել Իրանի հետ բլոկային հարաբերությունների ձևավորման: Բաքվի և Թեհրանի միջև անտագոնիզմը շատ մեծ է, Իրանը ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը ընկալում է իբրև բավական միանշանակ սպառնալիք իր տարածքային ամբողջականությանը՝ նկատի ունենալով Իրանի հյուսիսում ադրբեջանցիների բազմաքանակ զանգվածի առկայությունը:

Եվ չնայած Ադրբեջանը ձևականորեն համարվում է շիա-մահմեդական պետություն, այդ հանգամանքն էլ խիստ պայմանական է, որովհետև խորհրդային աթեիզմի 70 տարիների ընթացքում նախկին ԽՍՀՄ մահմեդական հանրապետությունների բնակչությունը հիմնավորապես կտրվել է կրոնական արմատներից: Ներկայումս Ադրբեջանում, հատկապես վերնախավի շրջանում բավական մեծ թափ է հավաքում աղանդավորությունը, այդ թվում ամերիկյան ծագում ունեցող և իրենց քրիստոնեական համարող աղանդներին, անգամ մորմոններին և մունի աղանդին անդամագրվելը: Թեպետ Իրանը անցած քսան տարիների ընթացքում որոշակի քաղաքականություն վարել է՝ ադրբեջանցիներին հարազատ կրոնի գիրկը վերադարձնելու համար, սակայն հաջողություններն առանձնապես ակնառու չեն:

Իրանում ուսանած և բարձր կարգավիճակ ունեցող հոգևորականները տարբեր առիթներով նշել են, որ բնակչության մեծամասնության համար մահմեդական լինելը ձևականություն է, և իրականում շատ հարաբերական կարելի է համարել Ադրբեջանը բնակեցնող ժողովուրդներին իրենց կրոնի գիրկը վերադառնալու իրողությունը:

Ավելին, շատ որոշակի հակասություններ կան Ալաշուքյուր Փաշազադեի գլխավորած Կովկասի մահմեդականների վարչության և Իրանում հոգևոր կրթություն ու կոչում ստացած հոգևորականների միջև, ովքեր ամենևին չեն ճանաչում Փաշազադեի վարչական իշխանությունը հոգևոր ոլորտում և հաճախ բացահայտ հեգնանքով են արտահայտվում վերջինիս մասին:

Դրան զուգահեռ իշխող վարչակարգը Ադրբեջանում աշխարհիկ է այդ բառի ամենալայն իմաստով, և Ալիևների կլանը բնակչության շրջանում կրոնի ազդեցության ընդլայնումը միշտ դիտարկել է որպես առարկայական վտանգ իր իշխանությանը: Այդ պատճառով ինչպես Իրանում ուսանած և այդ իմաստով Թեհրանի ազդեցության ուղեծրում գտնվող հոգևորականների, այնպես էլ Ադրբեջանում պաշտոնական գրանցում չստացած Իսլամական կուսակցության նկատմամբ հետապնդումները մշտական և հետևողական բնույթ ունեն:

Հետևապես «այլ քաղաքական միավորման» մաս կազմելու մասին Ն.Մամեդովի ակնարկները ամենևին էլ Իրանի հետ կապված ենթատեքստ չունեն: Եվ ոչ էլ Թուրքիայի, ով առայժմ հիմնական ռազմավարական դաշնակիցն է Ադրբեջանի համար: Որովհետև Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է հենց արևմտյան կողմնորոշման համատեքստում:

Հետևապես Ն. Մամեդովի ակնարկը առաջիկա տարիներին «այլ քաղաքական միավորման» կազմում հայտնվելու մասին կարող է վերաբերել միայն մեկ սցենարի՝ Ադրբեջանի անդամակցությանը Եվրասիական միությանը, որի ստեղծման գործընթացը առաջ է մղում Ռուսաստանը:

Պատահական չէ, որ Մամեդովը հղում է անում, թե Ադրբեջանը կարող է «նոր քաղաքական միավորման» կազմում հայտնվել 5-10 տարվա ընթացքում: Եվրասիական միության ձևավորումն էլ նախատեսված է այդ ժամանակահատվածի կտրվածքով: Կրեմլը նախատեսում է միության հիմնադրմանը հասնել 2015-ին, սակայն հասկանալի է, որ հետխորհրդային պետությունների ինտեգրացիան միաժամանակյա գործընթաց չէ, և այն, ինչ ռուսական իշխանական շրջանակներում կոչում են «Պուտինի պլան-2020», հենց նախատեսում է, որ 2020 թվականի մոտ Եվրասիական միության կազմում կլինեն հետխորհրդային պետությունների առնվազն մեծ մասը:

Եվ այս իմաստով Բաքվի շանտաժը Արևմուտքում կարող է որոշակի հետևանքներ ունենալ, որովհետև Ռուսաստանը ավելի քան շահագրգիռ է Ադրբեջանը իր ազդեցության ուղեծիր վերադարձնելու հեռանկարով: Դա միանգամից կփոխեր ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասում՝ գործնականում շրջափակելով Արևմուտքի հնարավոր ներթափանցումը Կենտրոնական Ասիա:

Այդպիսի հեռանկարը լիովին կբավարարեր նաև Իրանին, որովհետև Ադրբեջանի հայտնվելը Մոսկվայի ազդեցության ուղեծրում գործնականում կչեզոքացներ Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում՝ օրակարգից հանելով նաև Թեհրանի մշտական անհանգստությունը՝ իր հյուսիսարևմտյան սահմանների հետ կապված:

Ըստ ամենայնի, Բաքվում որոշել են փորձարկել այս ճանապարհով Եվրամիությանն ու ԱՄՆ-ին շանտաժի ենթարկելու սցենարը՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում արևմտյան մասնակցությունը իրենց շահերի բավարարմանը ծառայեցնելու նպատակով: Բայց դա չի նշանակում, որ նույն սցենարը չի կարող խաղարկվել Մոսկվայի հետ՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում ապահովելու ակնկալիքով:

Միաժամանակ հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակ թեժացնելով և զոհերի հանգեցնելով՝ Բաքուն փորձում է ցույց տալ միջնորդներին, որ իր պահանջները չբավարարելու դեպքում ինքը պատրաստ է գործադրել նաև ուժային սցենարը: Սակայն սա առավել քիչ հավանական զարգացում է:

Ադրբեջանում առայժմ կա բավական հաստատուն համոզմունք, թե Հայաստանը այնքան թուլացած է, որ անհրաժեշտ միջազգային ճնշում ապահովելու դեպքում կարելի է սրբագրել պատերազմի արդյունքները և առանց կրակոցի հետ ստանալ կորցրածի մեծ մասը, եթե ոչ՝ ամբողջը: Եվ, ցավոք, որևէ հիմք չկա պնդելու, որ Հայաստանի իշխանությունները այս ռազմավարությանը հակադրում են ոչ պակաս մտածված ու հաշվարկված ռազմավարություն:

Վահան Վարդանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter