Սարիբեկ Սուքիասյանի հայտարարությունը՝ ընտրությունների վերաբերյալ
Թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված և Գարեգին Նուշիկյանին պարտված Սարիբեկ Սուքիասյանի www.sukiasyan.am կայքում տեղադրվել է հայտարարություն, որը ներկայացվում է ստորև:
Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, ցավոք, ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանում ոչնչացված են իշխանության ձևավորման ընտրական մեխանիզմները: Իշխանական ներկա համակարգը նաև ցույց տվեց, որ շարունակում է Սուքիասյան ընտանիքի անդամների քաղաքական հետապնդումը և ընտրողների իրավունքները ոտնահարելով, հենց ինքն է ընտրելու քաղաքացիների ապագան:
Ընտրություններում ես չեմ պարտվել, «հաղթել են» ընդամենը պետության վարչական, ուժային, ֆինանսական ռեսուրսները, կատարելության հասցված կեղծիքների և անվավերների մեխանիզմը:
Ես շնորհակալություն եմ հայտնում ընտրատարածքի բոլոր բնակիչներին, ովքեր մայիսի 6-ին գնացին ընտրատեղամասեր և արտահայտեցին իրենց ազատ կամքը: Շնորհակալություն եմ հայտնում իմ օգտին քվեարկած ընտրողներին, իմ նախընտրական թիմի անդամներին, բազմաթիվ կամավորներին, վստահված անձանց, ովքեր պարտաճանաչ կերպով և մեծ ոգևորությամբ աշխատեցին նախընտրական ժամանակաշրջանում և ընտրությունների օրը:
Վստահեցնում եմ, որ անկախ ընտրությունների արդյունքից՝ իմ հնարավորությունների չափով կիսելու եմ ընտրատարածքի բնակիչների հոգսերը և միշտ հասանելի եմ լինելու նրանց համար:
Նոր գումարման Ազգային ժողովին ցանկանում եմ բեղմնավոր և օրինաստեղծ աշխատանք:
Սարիբեկ Սուքիասյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել