HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատական նիստը կրկին հետաձգվեց. դատախազը միջնորդություններ ունի

Մայիսի 8-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  Ալավերդի քաղաքի բնակիչ Ռոբերտ Մոսինյանի սպանության մեջ մեղադրվող Կամո Շահվերդյանի և մյուսների դատաքննությունը:

Նախորդ դատական նիստում դատարանը որոշում էր կայացրել պաշտպանական միջոց կիրառած անձանց դատարան ներկայացնելու մասին: Այս անգամ էլ դատարան չէին ներկայացել սպանության մեղադրանքը հիմնավորող անձինք: Դատավոր Մ. Մելքոնյանը դատական նիստի սկզբում հայտարարեց, որ այդ անձանց դատարան ներկայացնելու համար դատարանը Լոռու մարզի դատախազությանը և համապատասխան քննչական բաժանմունքին գրություններ է ուղարկել, որին ի պատասխան ֆաքսով ստացել է Թումանյանի քննչական բաժանմունքի պետի գրությունը:

Դատավորը հրապարակեց այդ գրությունը: Քննչական բաժանմունքի պետը դատարանին հայտնել էր, որ պաշտպանական միջոց կիրառած անձանց անվտանգության ապահովումը ՀՀ քր. օր.-ի 12 գլխի դրույթներում նախաքննության մարմնի վրա չի դրված և իր կողմից չի կարող ապահովվել հիշյալ անձանց անվտանգությունը` հայտարարված դատական նիստին ներկայացնելու, առավել ևս, համատեղ ներկայացնելու դեպքում: «Պարոն Շիրոյան, տեղյա՞կ եք այս ֆաքսին»,- մեղադրողին հարցրեց դատավորը: 

Պարզվեց՝ մեղադրողը ոչ միայն տեղյակ, այլ համակարծիք էր քննչական բաժանմունքի պետի հետ: Նա դատարանին հայտնեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի անձանց պաշտպանությունը սահմանող 58–րդ հոդվածում նախատեսված չէ քննիչի կողմից պաշտպանություն կիրառած անձանց դատարան ներկայացնելու կարգը:

«Օրենսգիրքը քննիչի վրա որևէ պարտականություն չի դնում, բացի այդ՝ դատարանը արդեն իսկ հայտարարելով դատական հաջորդ նիստի օրը և կոնկրետ ժամը, նույնպես բացառել է պաշտպանական միջոց կիրառած անձանց դատարան ներկայանալը»,- ասաց դատախազ Արմեն Շիրոյանը, ով ոչինչ չէր խնայում պաշտպանություն կիրառած անձանց դատարան չներկայացնելը արդարացնելու համար: Դատախազը գտնում էր, որ դատարանը նախ վկային պետք է ծանուցի, չներկայանալու դեպքում բերման որոշում կայացնի: Փորձում էր դատարանին մեղադրել, որ պաշտպան Հովիկ Արսենյանը պաշտպանական միջոց կիրառած անձանց դատարան ներկայացնելու մասին միջնորդություն չի ներկայացրել, և անհիմն համարեց դատարանի որոշումը:

Իրականում Հովիկ Արսենյանը նախորդ դատական նիստին այդ միջնորդությունը ներկայացրել էր: Դատավոր Մելքոնյանը մեղադրողին հիշեցրեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի պրիմ 7 կետը, ըստ որի՝ անհրաժեշտության դեպքում պաշտպանվող անձի փոխադրման անվտանգությունը ապահովում է քրեական վարույթ իրականացնող մարմինը: Ասաց, որ դատարանը բերման որոշում չի կայացրել այն պատճառով, որ անձի նկատմամբ կիրառված է պաշտպանական միջոց:

«Ընտրված է անուն, ազգանուն, այնպիսի տվյալներ են տրվել, որոնք չեն վկայում այն մարդկանց մասին, ովքեր պետք է այստեղ լինեին»: Նշեց, որ առանձնահատկությունները հաշվի առնելով էլ, դատարանը նման ձևով գրություններ է ուղարկել` գաղտնիությունը ապահովելու համար: Անդրադանալով փաստաբան Արսենյանի միջնորդություն չներկայացնելուն, դատավոր Մելքոնյանը մեղադրողին տեղեկացրեց. «Հիմա ես Ձեզ ասում եմ, դատարանում կներկայացվի նման միջնորդություն, թե չի ներկայացվի, դատարանն իր նախաձեռնությամբ պաշտպանական միջոց կիրառած անձանց պետք է լսեր դատարանում: Նստեք ուրեմն, դուք պետք է ներկայացնեիք այդ անձանց և չեք ներկայացրել»,- մեղադրող Շիրոյանին սաստեց դատավորը և նկատեց. «Պետք է Դուք Ձեր մեղադրանքի հիմքում ինչ ցուցմունքներ, ապացույցներ դրել եք, ավելի շատ շահագրգիռ լինեիք, որպեսզի ներկայացնեիք դատաքննությանը»:

Մարինե Մելքոնյանը դատաքննության կողմերին հայտարարության կարգով հայտնեց. «Եթե մրցակցային սկզբունքները չեն պահպանվում, և կողմերը իրենց դեմ ցուցմունք տված անձանց հնարավորություն չեն ունենում հարցեր տալու, կա նախադեպային որոշում, որը բացառում է նման ցուցմունքների, նման ապացույցների մեղադրանքի հիմքում դրվելու հնարավորությունը»:  

Դատավորի հայտարարությունից հետո մեղադրող Շիրոյանի մոտ հարց առաջացավ, թե արդյոք ավարտվել է միջոցներ ձեռնարկելու հետ կապված այդ անձանց հարցաքննության դատարանի գործողությունները: Շիրոյանը հայտնեց, որ հաջորդ դատական նիստին միջնորդություններ ունի ներկայացնելու և միջնորդեց դատարանին 10-15 օր ժամանակ տրամադրել իրեն: 

Դատարանը բավարարեց միջնորդությունը և հաջորդ դատական նիստը նշանակեց մայիսի 30-ին:

Դատական նիստի ավարտից հետո պաշտպան Հովիկ Արսենյանը «Հետքին» հայտնեց, որ դատարանի ձեռք բերած ապացույցները բավարար են իր պաշտպանյալի դեմ հարուցված քրեական օրենսգրքի 104 հոդվածը ոչ թե կիրառելու, այլ Կամո Շահվերդյանի արարքները այլ հոդվածներով որակելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter