HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուրը կռվի ժամանակ երգելով էր կրակում թշնամու վրա

Ալավերդցի Արթուր Բեգջանյանը 18 տարեկան պետք է դառնար 1993 թ. մարտի 25-ին: Նրան բանակ մեկնելու համար Ալավերդու զինկոմիսարիատ դեռ չէին կանչել:

«Մայիսի 17-ի երեկոյան, երբ աշխատանքից տուն եկա, Արթուրն ասաց, որ որոշել է կամավոր մեկնել բանակ՝ ծառայելու: Ես տղայիս ասացի՝ մի քիչ սպասիր, այս հավաքին մի գնա: Ես կօգնեմ քեզ, որ ավելի լավ տեղ ծառայես»,- պատմում է Արթուրի հայրը՝ Համլետ Բեգջանյանը: Արթուրը չի լսել հորը: «Ընկերներս գնում են, ես էլ եմ գնում»,- ասել է նա և մայիսի 18-ին մեկնել բանակ: «Նույնիսկ չհասցրինք բանակի քեֆ անել»,- հիշում է տղայի մայրը՝ տիկին Անուշը: Մայրը նաև պատմում է, որ հայրն առաջարկել է Արթուրին բանակից ազատել, իսկ Արթուրը նախատել է հորը. «Դու հայրենասեր ես, ես՝ չէ»:

Արթուրի մեկնելուց մի քանի օր անց ծնողներն իմացել են, որ որդուն տարել են Գորիս-Կապան ճանապարհին գտնվող Կարմրաքար գյուղի զինվորական տեղամաս: Հայրը՝ Համլետը, դեռ զինվորական երդում չտված որդու ծառայության պայմաններն իր աչքով տեսնելու համար հունիսի 8-ին գնացել է Արթուրի հետևից: «Կարմրաքար գյուղի զորամասում գտա որդուս, մի գիշեր էլ զորամասում նրա հետ գիշերեցի, հրամանատարները մեզ առանձին սենյակ տվեցին»,- հիշում է Համլետ Բեգջանյանը:

Զորամասից իր ուղարկած առաջին նամակում Արթուրը մորը գրել է. «Մերա ջան, առաջին հերթին իմ փոխարեն համբուրիր բոլոր տնեցիներին ու մեր հարազատներին: Մերա ջան, ինչ վերաբերում է ինձ, կասեմ, որ շատ լավ եմ: Ալավերդուց 12 զինվոր ենք: Տեղներս էլ շատ լավն է: Մի խոսքով, չեմ փոշմանել բանակ գալուց, էստեղ ամեն ինչ սովորեցնում են: Համոյին էլ ասա, որ ասեցիր սպեցնազում լացացնում են, ճիշտ է, բայց Ալավերդու տղերքից ոչ մեկս չենք լացում, չգիտենք էլ՝ ինչ բան է լացելը: Ինչպես ասացի, ես իմ ուզածին հասա, ծառայում եմ սպեցնազում: Արդեն պետք է սովորենք կրակել ամեն տեսակի զենքով»:

Իր 2-րդ նամակում Արթուրը մորը հայտնում է. «Մերա ջան, էս երկու օրը պետք է պրիսյագ ընդունենք, ես էստեղ առայժմ վարսավիր եմ, իսկ բացի դրանից՝ գտնվում եմ մինամյոտնի զվոդում որպես նավոդչիկ»:

Հունիսի 6-ին ուղարկած իր նամակում Արթուրը տնեցիներին գրում է, որ չի փոշմանել բանակ գնալու համար, որովհետև բանակը տղամարդու տեղ է: Համլետ Բեգջանյանը պատմում է, որ 1993 թ. ապրիլին Քարվաճառի ազատագրումից հետո Կարմրաքարի զորամասը, 1993 թ. սեպտեմբերից սկսած, մասնակցել է Լաչինից հարավª Ղուբաթլուի շրջանի ազատագրման ռազմական գործողություններին: Արթուրը՝ որպես շարքային հրաձիգ, մասնակցել է Ղուբաթլուի ազատագրման մարտերին: «Զորամասի մարտերի հենց առաջին զոհը Արթուրս է եղել»,- ասում է որդեկորույս հայրը:

«Ես որդուս երազը հոկտեմբերի 7-ին տեսել էի: Արթուրը մի խոր ձորում էր. ինչքան ձայն էի տալիս, չէր լսում»,- ասում է տիկին Անուշը: «Տղաս Ղուբաթլուի պոստում է խփվել, մինամյոտնի նռնակի պայթյունից: Վիրավոր վիճակում տեղափոխել են Կապանի հոսպիտալ: Հոկտեմբերի 8-ին այստեղ էլ, գլխից վիրավորված, ծառայության 5-րդ ամսում Արթուրս մահացել է»,- ասում է Համլետը:

Արթուրի հուղարկավորությունից հետո մարտական ընկերները նահատակված զինվորի ծնողներին պատմել են, որ Արթուրը կռվի ժամանակ երգելով էր կրակում թշնամու վրա: Արթուրի մարտական կարճ կյանքի մասին «Հետքին» պատմում է նաև նրա բանակային ընկեր, ալավերդցի Արթուր Մաթոսյանը, ով Կարմրաքարի զորամասում ծառայել էր որպես դաշտային բուժակ:

«Արթուր Բեգջանյանի հետ բանակում ծառայել ենք 1993 թ. մայիսից մինչև նրա զոհվելը: Ընտիր տղա էր, զորամասում բոլորը նրան սիրում էին: Երբ Ղուբաթլուի մարտերը սկսվեցին, նա հիմնականում զորամասում էր լինում: Բայց մի oր, երբ դիրքերից վերադարձա, ինձ ասացին, որ Արթուրը խնդրել է հրամանատարին դիրքեր գնալ: Նա զենք էր ստացել ու ալավերդցի կռվող 11 տղաների հետ գնացել դիրքեր: Արթուրը մասնակցել է Ղուբաթլուի, Չարդախլուի և Զանգելանի մարտերին: Ծանր վիրավորվել է Թերեդի գյուղի դիրքերում: Նա գլխից էր վիրավորվել, ես էի նրան տեղափոխում Կապանի հոսպիտալ: Ճանապարհին ես հասկացա, որ նրա վիճակը շատ ծանր է: Երբ հասցրինք հոսպիտալ, ձեռքերիս վրա էլ մահացավ»,- հիշում է Արթուր Մաթոսյանը:

18 տարի է անցել Արթուր Բեգջանյանի մահվանից: Համլետն ու Անուշը այդ տարիների հեռավորությունից պատմում են իրենց զոհված որդու տղամարդկային և ուժեղ բնավորության մասին: «Բոքսի էր գնում, ուշու, կարատե էլ էր պարապում: Մի անգամ հեռվից նկատել էր, որ իր մտերիմ ընկերոջ մոտ նրա ընկերուհուն մի ուրիշ համակրող տղա է քաշքշում, իսկ ընկերը հայտնվել է անհարմար վիճակում: Արթուրս ֆիզիկապես ուժեղ 4 տղայի միանգամից ծեծել էր»,- պարծենում է մայրը:

Որդու մահից հետո Համլետ Բեգջանյանի հոգու վրա ուրիշ քար էր ծանրացած, որը նա այդպես էլ չէր մոռանում. «Արթուրս բանակ գնալուց առաջ՝ 1993 թ. մայիսի 11-ից մինչև 1994 թ. մայիսի 11-ը, ապահովագրել է իր կյանքը 15 հազար ռուբլով: Բանակ գնալուց առաջ այդ գումարը կտակել էր ինձ: Ես դա նրա զոհվելուց տարիներ հետո եմ նկատել»:

ՀՀ նախագահի 2002 թ. հունիսի 10-ի 1106 հրամանագրով Արթուր Համլետի Բեգջանյանը պարգևատրվել է «Արիության մեդալ»-ով, իսկ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի 1996 թ. դեկտեմբերի 20-ի թիվ 586 հրամանով պարգևատրվել է 1992-1994 թթ. «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով: Զոհված մինուճար որդու հետմահու պարգևները Համլետ և Անուշ Բեգջանյանների համար սուրբ մասունքներ են:

Մեկնաբանություններ (4)

Մանվել
Փառք ու պատիվ մեր կռված ու զոհված ջահելներին
alvard
shat-shat apsos... mec hamberutyun BEKJANYANNERIN
alvard
shat-shat apsos..hamberutyun Bekjanyannerin
Karen
Astvac HOGID LUSAVORI, ARTHUR ! ISKAKAN TXA, HAY TXA...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter