HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Եվս մեկ ընտրություն՝ «գայլերը կուշտ մնացին, իսկ գառները`ողջ» սկզբունքով

Մայիսի 6-ին հայաստանցիներն առաջիկա հինգ տարիների համար ընտրում էին երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը՝ խորհրդարանը, ֆրանսիացի ժողովուրդը` իր նախագահին, ով նույնպես առաջիկա հինգ տարիներին կառաջնորդի նրանց: Ֆրանսիան քվեարկեց իր բարեկեցության համար` իր երկրի առաջընթացը կապելով իշխող ուժի փոփոխության հետ: Հայաստանյան ընտրողն առաջնորդվեց պահի թելադրանքով՝ վաճառեց իր քվեն, որովհետեւ հույս չէր կապում քաղաքական ուժերից որեւէ մեկի հետ:

Վերլուծաբանները կանխատեսում էին Սարկոզիի պարտությունը դրա հիմնական պատճառը համարելով նրա ղեկավարման շրջանում Ֆրանսիայի տնտեսության անկումը, մահմեդականների իրավունքների սահմանափակումը, ներգաղթյալների համար կոշտ սահմանափակումներ մտցնելը եւ այլն, որոնք մեծ դժգոհութուններ էին առաջացրել բնակչության շրջանում, եւ անհամաձայնությունը ֆրանսիացիները հայտնեցին իրենց քվեով: «Մենք սիրում ենք Ֆրանսիան»,- հրաժեշտից առաջ համախոհներին հայտնեց Նիկոլա Սարկոզին` նրանց նույնպես կոչ անելով չընդվզել եւ արժանապատվորեն ընդունել իր պարտությունը:

Չեմ ուզում հայերիս համեմատության մեջ դնել ֆրանսիացների հետ, ովքեր իրենց նախագահին չներեցին երկրի տնտեսության անկման եւ իրենց հարկերով հույներին, պորտուգալացիներին եւ այլոց կերակրելու համար: Համեմատության մեջ չեմ դնում նաեւ իսպանացիների հետ, ովքեր Հռոմի պապի երկիր այցելության օրերին փողոց էին դուրս եկել՝ «Ոչ իմ հարկերի հաշվին» կարգախոսով՝ պահանջելով սահմանափակել շռայլումները: Հայաստանցիների ճնշող մեծամասնությունը, ցավոք, դեռեւս բարեկեցության համը չի զգացել եւ քաղաքականապես այնքան հասուն չէ, որ կարողանա կանխել պետական բյուջեի անխնա թալանը, բայց չի էլ հանդուրժել իրեն հարստահարող օլիգարխների այն մեծ բանակին, ովքեր համախբվել են իշխող կուսակցության դրոշի տակ: 

Մինչդեռ խորհրդարանական ընտրությունների պատկերից պարզ է դառնում, որ Հայաստանում անցած հինգ տարիների ընթացքում խորացող սոցիալական ճգնաժամը, ծայրահեղ աղքատների թվի կրկնակի ավելացումը, արտագաղթի շարունակական աճը, անգամ ընտրություններին նախորդող օրը իշխող քաղաքական ուժի հրավիրած հանրահավաքում տեղի ունեցած ողբերգությունը, փաստորեն, չխամրեցրին բնակչության սերն առ նախագահը: Չգիտեմ, մեզ երբեւէ կվիճակվի այդքան խոհեմ ու արժանապատիվ ղեկավար ունենալ, որի համար կարեւորը իր երկրի ապագան լինի ու իր ժողովրդի վստահությունը չկորցնելը:

Իհարկե, խորհրդարանական ընտրությունների արդյունքները չզարմացրին որեւէ մեկին. ամեն ինչ կանխատեսելի էր, նույնիսկ խարդավանքի ուղղությունն էր հայտնի այն օրից, երբ հրապարակվեց ընտրողների թիվը: Ընդամենը մի քանի ամիս առաջ էր ավարտվել մարդահամարը եւ կառավարությունը լիարժեք պատկերացում ուներ հանրապետությունում առկա բնակչության եւ ընտրողների իրական թվի մասին, որն անշուշտ, աղերս չուներ հայտարարվածի հետ: Սակայն դա չխանգարեց իշխող վարչակազմին հիմնավորելու այն հավանականությունը, որ վարկով ինքնաթիռի տոմս գնած ու դառնությամբ տուն ու տեղ լքած  քաղաքացիները կվերադառնան, որպեսզի մասնակցեն խորհրդարանական ընտրությանը: Հնարավոր էր, իհարկե, որ ոմանք սկզբունքորեն իրենց զայրույթն արտահայտելու համար գնային դրան: Քվեների տրամաբանությամբ` նրանք ոչ միայն վերադարձան ու մասնակցեցին ընտրություններին, այլեւ իրենց ձայնը տվեցին .... իշխող կուսակցություններին: Երեւի իրենց վտարանդի դարձնելու համար:

ՀՀ նախագահը նախընտրական առաջին ելույթներից մեկում իր առաջնորդած կուսակցության համար գնահատանքի արժանի ցուցանիշ էր ներկայացնում պետական բյուջեի աճը: Բայց քաջություն չուներ ասելու, թե ինչու են դրա արդյունքում աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունը կրկնապատկվել մեր երկրում:  Հոգ չէ, այդ ցուցանիշն անգամ իրենց օգտին էր, ուստի ընտրությունների գործընթացում ամենաառանցքային դերակատարությունը ընտրակաշառքին վերապահվեց: Ընտրազանգվածն այս անգամ արժեւորել էր իր քվեն`սղաճը հաշվարկելով եւ սա միակ դեպքն է, երբ նրա հետ չեն սակարկում: Մարդիկ վերցրին պարզված գումարը, գուցե այն տրամաբանությամբ, որ իրենից խլվածն են իրեն վերադարձնում, կամ՝ մտածեցին, որ րոպեական օգուտից բացի, իրենց, մինունույնն է, այլ բան չի հասնելու: Այս հանգամանքը հաղթանակած քաղաքական ուժը մեկնաբանում է իբրեւ «ժողովրդի ազատ կամքի արտահայտություն»:

Արդեն 20 տարի մեր երկրում ընտրություններն իրականացվում են այս սկզբունքով ` «գայլերը կուշտ մնան, իսկ գառները`ողջ»: Սակայն ամեն ընտրությունից հետո բարոյական անկումն ավելի է խորանում. ընտրությունները շահեկան բիզնեսի վերածած հաստ պարանոցներով ու սպորտային կազմվածքով տղամարդկանց խմբին այս անգամ միացել էին կանայք, ովքեր ոչ պակաս արհեստավարժությամբ էին իրականացնում իրենց առաքելությունը եւ որ ավելի խորշելի է, վնասարարության մեջ ներքաշվել էին 15-16 տարեկանները:

Մեկնաբանություններ (5)

Լեվիկ
Շատ տեղին վերլուծություն, գրված ըմբռնելի լեզվով...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իմ համոզմամբ Հայաստանում էլ կախարդական փայտիկն այնքան էլ կախարդական չէ, քանի որ այն կոչվում է (միգուցե արդեն կլիշե դարձած) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ (civil society): Հայաստանում պիտի ՇԱՏ ՀՍՏԱԿ ԳԻՏԱԿՑԵՆ, որ նկարագրողական-պասիվ-սպասողական կեցվածքով ՇԱՏ ՔԻՉ բան է փոխվելու: Պիտի վեր կենալ ու ստեղծել քաղաքացիական խմբեր ու ՊԱՀԱՆՋԵԼ: Post-modern Facebook/youtube-ային դարում շատ բան է հնարավոր: Ես ուղղակի ՀԱՄՈԶՎԱԾ եմ,որ Հայաստանում օլիգարխային կլանի բուրգի փլուզումը ԱՐԴԵՆ ՍԿՍՎԱԾ է,քանի որ բուրգի հիմքից ԱՐԴԵՆ քարերը սկսել են հանել. այսինք,մարդիկ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ իրենց ասվածներին: Հռոմի կայսրությունն էլ ոչ թե կործանվել է թշնամու զարկից, այլ նրանից,որ Հռովմեացիները սկսեցին ՉՀԱՎԱՏԱԼ սիստեմին: Ես կանխատեսում եմ,որ առաջիկա 1-2 տարում Հայաստանյան քաղաքական պայքարը հիմնականում լինելու է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ և պառլամենտից դուրս: ԲՈԼՈՐ օլիգարխային-կլանային համակարգերը այսպես են ընկել: Ասեմ նաև,որ Հայաստանում օլիգարխային կլանի ՆԵՐՔԻՆ կալիբրը սկի էլ մեծ չէ. դրա համար են ԻՐԵՆՑ ԿՈՏՈՐԵԼՈՎ ( կուսակցական խաղալով ) ուզում թաքնել ԱԺ-ի աթոռների հետևում:
A Friend
Excellent Article...
Սուսաննա
Ես կասեի՝ գայլերը մնացին կուշտ, գառները՝ ընդմիշտ ոչխար:
Վարդան
Րաֆֆի Հովհաննիսյանը ասում էր, որ եթե ընտրությունները կեղծվեն, ապա «Ժառանգությունն» ու ժողովուրդը կգան հրապարակ և կպայքարեն հանուն ժողովրդավարության: Փաստորեն ընտրությունները չեն կեղծվել...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter