HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Արթուր Գրիգորյան. «Մեր օրենսգիրքն ընտրողներին սորտավորում է»

Փաստաբան Արթուր Գրիգորյանը դիմել է Ժնեւում գտնվող Միավորված ազգերի մարդու իրավունքների կոմիտե՝ պնդելով, որ Հայաստանի իշխանությունները խախտում են սեփական քաղաքացիների ընտրական իրավունքները:

Փաստաբանը բողոքը ներկայացրել է իր վստահորդների՝ Սեդրակ Բաղդասարյանի եւ վերջինիս կնոջ՝ Տատյանա Զարիկյանցի անունից: Նրանք տարիներ առաջ «պետական կարիքների» ամվան տակ Բուզանդի փողոցում գտնվող իրեց սեփական տնից տեղահանվեցին: «Հետագայում պարզվեց, որ նույնիսկ առանց տեղյակ պահելու, միակողմանի մեզ գրանցումից հանել են»,- ասում է Ս. Բաղդասարյանը:

Վերջինիս դիմումների, ինչպես նաեւ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի ու ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինի միջնորդությամբ Բաղդասարյանն ու նրա կինը 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ընդգրկվել են ընտրողների լրացուցիչ ցուցակներում: Բայց արդեն 1 տարի անց՝ 2008թ. նախագահական ընտրություններին, նրանք իրենց 37 բախտակիցների (Բուզանդի տարածքից օտարված բնակիչներ) հետ քվեարկելու հնարավորություն այդպես էլ չեն ստացել:

«Ի՞նչ է, ամեն անգամ ընտրությունների ժամանակ պետք է գնամ եւ խնդրեմ, որ ինձ թույլ տան իրացնել իմ իրավունքները: ՀՀ Սահմանադրությունն ասում է՝ 18 տարին լրացած յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է մասնակցել ընտրություններին: Չի ասում, չէ՞, որ քեզ այս իրավունքը տալիս եմ, բայց դու ամեն անգամ պետք է խնդրես, որ դրանից օգտվես»,- նկատում է Ս. Բաղդասարյանը:

ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ հաշվառում չունեցող քաղաքացիները ընտրողների ռեգիստրում չեն գրանցվում: Իրենց բնակարաններից ստիպողաբար զրկված վերոնշյալ 37 բնակիչների մի մասն այս ընթացքում հաշվառվել է ծանոթ-բարեկամների տներում: Սակայն նրանցից 9-ը, որեւէ տեղ հաշվառված չլինելու պատճառով, այս անգամ էլ՝ 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին չի մասնակցել:

«Դեռ ապրիլի 10-ին ես ու կինս դիմեցինք Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով, որպեսզի մեր անունները ներառվեն ընտրողների ռեգիստրում: Մերժեցին. ապրիլի 25-ին մեր դիմումը վերադարձրին,- պատմում է Սեդրակ Բաղդասարյանը,- ներկայացրինք վերաքննիչ բողոք, բայց վերաքննիչ դատարանը մեր գործն այդպես էլ չլսեց, եւ ընտրությունների օրը՝ մայիսի 6-ն անցավ»:

Փաստաբան Արթուր Գրիգորյանը, վերաքննիչից խնդրելով վերադարձնել իր վստահորդների չքննված բողոքը, այն ուղարկել է Ժնեւ՝ Միավորված ազգերի մարդու իրավունքների կոմիտե: Այս ատյանը եւս, ինչպես Եվրոպական դատարանը, կարող է քննել Հայաստանից ստացվող անհատների գանգատները:

Փաստաբանը գտնում է, որ ՀՀ իշխանությունները խախտում են «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը, որը Հայաստանը վավերացրել է դեռ 1993 թ.: Դաշնագրի 25-րդ հոդվածով երաշխավորվում են քաղաքացիների ընտրական իրավունքները, որոնք, ըստ փաստաբան Գրիգորյանի, կոնկրետ իր վստահորդների դեպքում տարիներ շարունակ ոտնահարվում են:

«ՀՀ ընտրական օրեսգիրքը, որն այսքան ժամանակ գովազդում են, թե արժանացել է Վենետիկյան հանձնաժողովի հավանությանը, փաստորեն, մարդկանց զրկում է ընտրական իրավունքներից՝ արգելելեվ ընտրողների ռեգիստրում գրանցել Հայաստանում հաշվառում չունեցող անձանց: Բնականաբար, իշխանությունները փորձելու են հիմնավորել, որ դա զրկում չէ, որովհետեւ, այնուհանդերձ, նման քաղաքացիներին հնարավորություն է տրվում դիմել լիազոր մարմնին (օրենքը չի էլ պարզաբանում, թե լիազոր մարմինը որն է), որ իրենց տեղեկանք տան լրացուցիչ ցուցակների մեջ ընդգրկվելու համար: Սակայն Դաշնագիրը եւ ՀՀ Սահմանադրությունը հստակ ամրագրել են՝ եթե քաղաքացու 18 տարին լրացել է, ուրեմն վերջ, նա ունի ընտրական իրավունք»,- պարզաբանում է փաստաբան Գրիգորյանը:

Բողոքի քննության արդյունքում, վերջինիս խոսքերով, Հայաստանի առջեւ կարող է դրվել նաեւ խախտված իրավունքի համար նյութական փոխհատուցման պահանջ: Բայց փաստաբանն ասում է, որ իրենք գանգատում փոխհատուցման հարցին առհասարակ չեն անդրադարձել:

«Մեզ համար ավելի կարեւոր է, որ իրավունքի խախտումը ճանաչվի եւ ՀՀ Ընտրական օրենսգիրքը համապատասխանեցվի Դաշնագրին: Հակառակ դեպքում, եթե այն շարունակի մնալ ներկայիս տեսքով, ստացվում է, որ ընտրողները բաժանվում են հաշվառում ունեցողների եւ չունեցողների, այսինքն՝ հստակ սորտավորվում են»,- ասում է Արթուր Գրիգորյանը:

Լուսանկարում Սեդրակ Բաղդասարյանն (ձախից) ու Արթուր Գրիգորյանն են

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter