HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ակտիվիստները հետամուտ են լինելու, որ մեղավորները պատժվեն

Մաշտոցի պուրակի ակտիվիստները պայքարի 90 օրերի ընթացքում առաջնորդվել են խաղաղ պայքարի սկզբունքներով, գործել են բաց և թափանցիկ, հանրության առջև հաշվետու, իսկ նրանց միակ նպտակը եղել է արդարության հաստատումն ու հանրային շահի պաշտպանությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ակտիվիստ Ռուզան Գրիգորյանը:

Նրա խոսքերով` այդ պայքարի ընթացքում իրենք ունեցել են լուրջ հաղթանակներ: Նախ` հանրային տարածքից ապամոնտաժվել են կրպակները, և պուրակն այլևս պատկանում է հանրությանը, ձևավորվել է քաղաքացիական պայքարի նոր մշակույթ, որի շնորհիվ հանրությունը հաղթեց 20 տարի շարունակ իշխող քրեաօլիգարխիկ համակարգին: 

Չնայած հաղթանկին` ակտիվիստների համար անընդունելի է խնդրի լուծման այս տարբերակը, երբ նախագահն է հրահանգ տալիս կրպակներն ապամոնտաժել, այն դեպքում, երբ դա քաղաքապետի պարտականությունն է:

Նրանց խոսքերով` իրենք հետևողական են լինելու իրենց բարձրացրած խնդիրների լուծման, ինչպես նաև այգու բարեկարգման հարցում: Միաժամանակ, ակտիվիստներն անընդունելի են համարում իրենց դեմ քրեական գործի հարցումը: Նրանց կարծիքով` քրեական գործ պետք է հարուցել հենց ոստիկանների նկատմամբ, ովքեր չարաշահել են պաշտոնեական դիրքը: Նրանք պահանջում են, որ այդ գործը քննի հատուկ քննչական ծառայությունը,  ոչ թե ոստկանությունը, որը չի կարող անկողմնակալ լինել:

Ռ. Գրիգորյանը կարծում է, որ հարուցված քրեական գործի նպատակն է, որ ակտիվիստները գնան զիջումների, այնինչ դա չլինելու: Նրանք հայտարարեցին, որ մինչև վերջ հետամուտ են լինելու, որ պատժվեն բոլոր այն մեղավորները, ովքեր բռնություն են կիրառել իրենց սահմանադրական իրավունքը պաշտպանող ակտիվիստների նկատմամբ:

Ապրիլի 30-ին  նրանք դիմել են հատուկ քննչական ծառայություն և գլխավոր դատախազություն` պահանջելով պատասխանատվության ենթարկել ոստիկանությանը, սակայն ակտիվիստներին պատասխան դեռ չի տրվել:

«Ոստիկանությունը պետք է հասկանա, որ իր պարտականությունն է ոչ թե կատարել տարբեր տեսակի պետական պաշտոնյաների անօրինական որոշումները, այլ իր պարտականությունն է պաշտպանել ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները»,- հայտարարեց Գ. Հակոբյան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter