HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Գուլյանի մահվանից 5 տարի անց քննությունն արդյունք չի տվել

2012 թ. մայիսի 10-ին և 11-ին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 48-րդ նիստի շրջանակներում դիտարկվեց Հայաստանի Հանրապետության երրորդ պարբերական զեկույցը՝ Հայաստանում խոշտանգումների հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Պետության առջև բարձրացրած հարցերից մեկը վերաբերում էր Լևոն Գուլյանի մահվան դեպքին։

Մայիսի 12-ին լրացավ Լևոն Գուլյանի ողբերգական մահվան հինգերորդ տարելիցը։ 2007թ. մայիսի 12-ին Լևոն Գուլյանը որպես վկա կանչվել է ՀՀ ոստիկանություն: Ըստ ոստիկանության վարկածի՝ Լևոն Գուլյանը փախուստի փորձ կատարելիս ընկել է երկրորդ հարկից ու մահացել:

Հաշվի առնելով այն փաստը, որ Գուլյանը շուրջ երեք օր մինչև դեպքի պահն անց է կացրել ոստիկանությունում, նա չի կասկածվել կամ մեղադրվել որևէ անօրինական արարք կատարելու մեջ, բազմաթիվ անգամ կանչվել է ոստիկանություն և ներկայացել, հետևաբար և փախուստի որևէ պատճառ չի ունեցել, բացի դրանից՝ նրա մարմնի վրա բռնության հետքեր են եղել՝ ՔՀԻ-ն լուրջ կասկածներ ունի, որ Լևոն Գուլյանը մինչև լուսամուտից ընկնելը դաժան վերաբերմունքի է ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից:

2012 թ. փետրվարի 8-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը 4-րդ անգամ կարճեց Գուլյանի մահվան առիթով հարուցված քրեական գործը՝ չկատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թ. օգոստոսի 27-ի որոշումը «վերացնել անձի՝ նախաքննության ընթացքում թույլ տրված իրավունքների և ազատությունների խախտումները»։

2012 թ. փետրվարի 22-ին Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչները բողոք են ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելուվ ճանաչել Լևոն Գուլյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), 5-րդ (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) և 13-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածներով ամրագրված խախտումները։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը բազմաթիվ անգամ պահանջել է իրականացնել Լևոն Գուլյանի մահվան հանգամանքների թափանցիկ և արդյունավետ քննություն, սակայն անցել է արդեն 5 տարի, և լիարժեք քննություն չի իրականացվել։

ՔՀԻ-ն դատապարտում է քննությունն իրականացնող մարմինների անգործությունը և գործը բացահայտելու կամքի բացակայությունը, որի արդյունքում մեղավոր անձինք չեն հայտնաբերվել և չեն ենթարկվել պատասխանատվության։

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից

  • ձեռնարկել միջոցներ գործի արդյունավետ քննություն իրականացնելու ուղղությամբ,
  • պատասխանատվության ենթարկել քննություն իրականացնող մարմինների՝ սույն գործի համար պատասխանատու անձանց, ովքեր չեն իրականացնում ՀՀ դատարանների որոշումները,
  • իրականացնել խոշտանգումների դեպքերի լիարժեք քննություն՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ կոնվենցիայի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին համապատասխան։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

Լուս.՝ levon-gulyan.info-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter