«Կանաչ ու սև. արցախյան օրագիրը» լույս է տեսել նաև արաբերենով
Բեյրութում 1000 օրինակ տպաքանակով և արաբերենով լույս է տեսել լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գիրքը: Հեղինակի 500 էջանոց այս աշխատությունը 2008 թվականի օգոստոսից ի վեր ունեցել է հինգ հրատարակություն, այդ թվում՝ արևմտահայերեն (մեսրոպյան ուղղագրությամբ), ռուսերեն և անգլերեն:
Արաբերեն հատորի թարգմանիչը Դամասկոսի համալսարանի դոկտոր, Արաբ գրողների միության անդամ Նորա Արիսյանն է: Ինչպես թարգմանական, այնպես էլ տպագրական ծախսերը հոգացել է գործարար և բարերար Սարգիս Պուտաքյանը Բեյրութից:
Արցախյան պատերազմը, բանակցային գործընթացն ու պատմությունն արաբական աշխարհին լավագույնս ներկայացնելու նպատակով՝ առաջիկայում Լիբանանի մայրաքաղաքում հեղինակի ներկայությամբ կազմակերպվելու է գրքի շնորհանդեսը: Նախատեսվում է շնորհանդեսների շարք արաբական աշխարհի կարևոր այլ մայրաքաղաքներում, այդ թվում՝ Կահիրեում, Դոհայում, Դամասկոսում:
Արդեն թարգմանվել և տպագրության է պատրաստ նաև «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի թուրքերեն տարբերակը, որը թարգմանել է Տիրան Լյոքմագյոզյանը:
Թաթուլ Հակոբյանի երկրորդ՝ «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գիրքը վերջերս հրատարակվել է Բեյրութում արևմտահայերենով (մեսրոպյան ուղղագրությամբ) և Երևանում արևելահայերենով: Այն այժմ թարգմանվում է անգլերեն և աշնանը կներկայացվի անգլիալեզու ընթերցողին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել