HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տղա հավանելու վերջը. կայացավ Տաիշա Աբելարի գրքի շնորհանդեսը

«Քյասար երկու օրից զանգում ա: Բացահայտ ցրում եմ: Հնար չկա: Դուրն էկել էի: Կես ժամվա անկապ խոսակցություն,  որի ընթացքում  ուղարկեցի իրանց գյուղ,  որ բանջարեղեն ծախի: Որսորդության մասին  էլ մոռացել էի: Որսորդ Լեռնիկը: Երեւի մտքին դրել էր Տաիշին որսար,  էլ չգիտեր ոտը որտեղ ա դնում»: Տաիշա Աբելարի (գրական կեղծանունն է)  պատմվածքներից մի հատված է: Երեկ` «Տղա հավանելու վերջը» իր հեղինակած գրքի շնորհանդեսի ժամանակ,  Տաիշան ինքը կարդաց «Լեռնիկը» պատմվածքն ամբողջությամբ, որից հետո ներկաները քննարկեցին պատմվածքները,  գրքի մշակույթի հետ կապված որոշ հարցեր:

«Տղա հավանելու վերջը» գրքի հերոսուհին  Տաիշան է, ով անկաշկանդ պատմում է իր մասին, նա հասարակությունում ընդունված, հասարակական կանոններով ապրող կին չէ, այլ`  համարձակ, անկաշկանդ մի կին է, ով տարբեր է, ընդունված շաբլոնից դուրս:

«Ես խորը անհամաձայնություն ունեմ որոշ հարցերի շուրջ: Մարդը ծնվում է, նրան դաստիարակում են, ինչ-որ բաներ սովորեցնում, ու երբ սկսում ես  գիտակցել, դու հասկանոմ ես, որ կան որոշակի շաբլոններ, որոնց հետ դու պիտի հաշվի նստես: Առանց դրանց դու  չես կարող ապրել այս հասարակությունում: Բայց խնդիրն այն է, որ ես դրանց հետ համաձայն չեմ: Կան որոշակի բաներ,  որ չես կարող հաշվի չառնել… Բայց էն ժամանակ,  երբ դրանք ձեւավորվել են, ոչ մեկ չի հարցրել`  ուզել եմ դրանք, թե ոչ»,-ասում է Տաիշան: Նրա խոսքերով, երբ ինքն սկսեց գիտակցել, հասկանալ, զգաց,  որ համաձայն չէ այդ շաբլոնների հետ. «Ու էդ անհամաձայնությունն իմ մեջ Տաիշան է, որը համաձայն չէ ընդունված ամեն ինչի հետ: Դրա համար ստեղծվեց Տաիշան, որ գրում է էդ ամեն ինչը, գրում է այն բաների մասին, ինչ ուզում է, եւ այն մարդը, որ ապրում է  այս հասարակությունում, էնքան էլ կապ չունի Տաիշայի հետ: Իսկ նա գրում է այն, ինչ զգում է, ինչ ուզում է, եւ ազատ է դա արտահայտելում»,-բացատրում է Տաիշան:

 Ընդ որում, նա այս հրատարակության համար ընտրել է այն գործերը, որոնք  քիչ թե շատ մատուցելի է համարել լեզվի տեսանկյունից·  «Ունեի նաեւ  «Պառվաբոզ» գործը, որը այստեղ չզետեղեցի, քանի որ այնտեղ շատ ավելի ազատ էի գրել: Հենց մենակ անունն ասում է իր մասին: Դա հետո կհրապարակեմ»,-ասում է նա:

Տաիշայի խոսքերով, ի սկզբանե գրել է միայն իր համա՝ չկասկածելով, որ մարդիկ կարող էին կարդալ իր գրածը, սակայն Տաիշայի բլոգը, որտեղ նա հրապարակում է իր պատմվածքները, աստիճանաբար սկսել է  հետաքրքրել մարդկանց` ձեռք բերելով ընթերցողների մեծ թիվ:

Հենց այդ ընթերցողներից մեկի շնորհիվ էլ լույս է տեսել նրա գիրքը:

Պատմվածքները գրված են առաջին դեմքով,  սակայն իրական են դրանք, թե ոչ, հեղինակը թողնում է, որ ընթերցողն ինքը խորհի դրա շուրջ:

Լեզուն, որով Տաիշան գրել է իր պատմվածքները, ազատ է, անկաշկանդ, երբեմն`  քաոտիկ, ինչն էլ  պատճառ է դառնում, որ այն ընդունվի ոչ միանշանակ:

«Ազատությունը դա ոչինչ է, քաոսը, անորոշությունը, անսպասելին: Պատմվածքներից շատերի լեզուն եւս քաոտիկ է անորոշ, անսպասելի: Այն հակված է խախտելու բառագիտության եւ քերականության կանոնները, այն ազատությունն է»,-ասում է արվեստաբան Վարդան Ջալոյանը` այդուհանդերձ նշելով, որ գրքին «ընդհանուր առմամբ կարելի է լայք տալ»:

Գիրքը տպագրվել է 400 օրինակով, սակայն ոչ բոլոր գրախանութներն են համաձայնել այն դնել վաճառքի:

Պատճառներին եւ գրախանութներից որոշների մերժողականությանը կանդրադառնանք առաջիկայում:

Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանություններ (1)

Ստվեր
Էն մի քոմենթը գիտեի չեք տեղադրի, բայց ամոթ է, էս տգիտությունը մի պրոպագանդեք...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter