HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Լիպովցիում պատանդ մնացած տղաների ճակատագիրն առայժմ անորոշ է

Աշխատանքային թրաֆիքինգի ենթարկված մեր հայրենակիցներից քչերն են բարձրաձայնում արտերկրում իրենց հետ կատարվածի մասին: Հազվադեպ են նաև բողոքներն ու քրեական գործերի հարուցման դեպքերը: Այդ առումով բավական աղմկահարույց մի գործ քննվել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում 2006թ.: Այն ժամանակ, աշխատանքային շահագործման ենթարկված հորն ու որդուն Թաթարստանի Ալմենտևսկ քաղաքից հնարավոր էր եղել հայրենիք վերադարձնել ընտանիքի մոր հետևողականության ու ջանքերի շնորհիվ: Կինը բողոք-նամակներ էր հղել բոլոր հնարավոր ատյաններին, անգամ Հայաստանի և Ռուսաստանի նախագահներին: Մեղավորի՝ այս դեպքում շահագործողի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել քր.օրենսգրքի 132 հոդվածի 2-րդ մասով: Դատարանը մեղավոր էր ճանաչել ամբաստանյալին և սահմանել պատիժ: Թե շահագործողը, թե շահագործվողները Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչներ էին:

Աշխատանքային թրաֆիքինգի ենթարկված գյումրիաբնակ երկու ընտանիքների ճակատագրին «Հետքն» անդրադարձավ այս տարվա հունվարին: Գոհար Խաչատրյանի, նրա դստեր՝ Կարինե Խաչատրյանի ընտանիքների՝ Լիպովցիում հաստատված էջմիածնեցի գործարար Արագած Հարությունյանի կողմից շահագործվելու մասին պատմող հոդվածներին արձագանքեցին ՀՀ գլխավոր դատախազությունը և «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպությունը: Գյումրիի ոստիկանության քննչական բաժնում 2012թ. հունվարի 24-ին նյութեր նախապատրաստվեցին քրեական օրենսգրքի 132 հոդվածի հատկանիշերով: Գործի շրջանակներում համապատասխան անձինք հարցաքննվեցին: Նախապատրաստված նյութերը փետրվարի 15-ին ուղարկվեցին Երևան՝ ՀՀ ոստիկանության թրաֆիքինգի դեմ պայքարի վարչություն:

Գոհար Խաչատրյանի և Լիպովցիում պատանդ մնացած նրա երկու տղաների խնդրով զբաղվող «Հույս և օգնություն» ՀԿ-ն որոշեց քայլեր ձեռնարկել իր իրավասությունների շրջանակներում: «Ձեր հոդվածը կարդալուց անմիջապես հետո՝ հունվարի 17-ին, մենք փորձեցինք անմիջապես կապվել տիկնոջ հետ և հրավիրել Երևան,- ասում է «Հույս և օգնություն» ՀԿ-ի Թրաֆիքինգի զոհերի աջակցության ծրագրի ղեկավար Նորա Մնացականյանը:- Նա մի քանի օր մնաց մեզ մոտ՝ ապաստարանում, կարողացանք զանգել Լիպովցի և խոսել մեծ տղայի՝ Միսակի հետ, ու երբ բավականին շատ ինֆորմացիա կուտակվեց, ձեռնամուխ եղանք նամակ-դիմումների կազմմանը»:

Հասարակական կազմակերպությունը կարող է համագործակցել այլ երկրներում գործող նմանատիպ կազմակերպությունների հետ, պետական ատյանների առումով առավելագույնը, որ կարող է անել, նամակներով դիմելու տարածված ու ընդունված ձևի կիրառումն է, որի միակ թերությունը շատ դեպքերում ձգձգվող ժամանակն է: «Մենք չունենք այնպիսի հնարավորություն, որ գնանք, վերցնենք Գոհարի տղաներին ու բերենք Հայաստան, մենք ընդամենը հասարակական կազմակերպություն ենք՝ սահմանափակ հնարավորություններով, ու պիտի գործենք մեր հնարավորությունների սահմաներում, այսինքն՝ հնարավորինս շատ մեր դիմումներով անհանգստացնենք համապատասխան մարմիններին»,- ասում է Նորա Մնացականյանը:

Միսակը Սամվելը

Որպես սկիզբ կազմակերպությունը, Խաչատրյանների ընտանիքի խնդիրը վերածած բավական ծավալուն նամակի, ուղարկում է Ռուսաստանի միգրացիոն ծառայություն, որ գործում է Երևանում՝ Մանուշյան 72 հասցեում: Նամակին կից ուղարկում են նաև «Հետքում» տպագրված հոդվածների ռուսերեն տարբերակները: «Մի քանի տարի առաջ նրանք զբաղվել էին ոչ լեգալ միգրանտների վերադարձի հարցով, սակայն պարզվեց, որ հիմա այլևս չեն զբաղվում, ու այդ ուղղությամբ մենք արդյունք չստացանք, ընդամենը ժամանակի կորուստ եղավ,- պատմում է Նորա Մնացականյանը:- Որոշեցինք մեկ ուրիշ լավ տարբերակից օգտվել և դիմեցինք Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը կից ոստիկանության ներկայացուցչին՝ պարոն Ալեքսանդր Ռաստովցովին: Մենք նախկինում համագործակցել էինք, էս անգամ նրան գրեցինք նամակ, նա էլ իր հերթին արդեն իրենց ծառայողական գծով դիմել էր Ռուսաստանում գործող համապատասխան ծառայություններին»:

Արդյունքում ռուսական միգրացիոն ծառայության և տեղի ոստիկանության աշխատակիցները Լիպովցիում այցելել էին էջմիածնեցի գործարար Արագած Հարությունյանին: Վերջինս Միսակին վերադարձրել էր անձնագիրն, ու գործը դրանով ավարտվել էր: 2012թ. ապրիլի 19-ին Ալեքսանդր Ռաստովցովի ուղարկած պատասխան նամակում նշվում էր, որ Լիպովցիի ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել՝ հիմքերի բացակայության պատճառով:

«Փաստն այն է, որ Միսակն ու Սամվելն անլեգալ միգրանտներ են համարվում իրենց ներկայիս կարգավիճակով: Մեր ունեցած վերջին տվյալներով Սամվելը հոր մոտ է գնացել, ով նույնպես Արագածից կախյալ վիճակում է գտնվում: Միսակը կարողացել է փախչել Արագածի մոտից և աշխատանքի տեղավորվել ազգությամբ ռուս ինչ-որ գործարարի մոտ, սակայն սրանով խնդիրը չի լուծվում,- պատմում է տիկին Նորան:- Փաստորեն, տեղական մարմինները Լիպովցիում ոչ մի քայլ չեն ձեռնարկում տղաներին անլեգալ ճանաչելու և Հայաստան վերադարձնելու համար: Նրանք ասում են՝ թող Միսակը տուգանքը մուծի, որովհետև Արագածը հրաժավել է դա անել, թող գա հանձնվի ոստիկանություն և ասի, որ իրեն դեպորտ անեն, իսկ Միսակը չունի գումար, որ վճարի, բացի դրանից՝ վախենում է նախկին գործատուից, ով մեծ կապեր ունի այդ ավանում»:

Նորա Մնացականյանը փորձել է կապվել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ և խնդրի լուծման ճանապարհ փնտրել նրա միջոցով, սակայն այնտեղից միայն հուշում է ստացել: Տիկին Նորային տեղեկություն է փոխանցվել նախարարությունից, որ ռուսական դեսպանատներում նոր ծառայություն է գործում, և տարածաշրջանային հյուպատոսը կարող է աջակցել խնդրի կարգավորմանը:

«Ես արդեն դիմել եմ հյուպատոսին: Նա զբաղվել է Ուֆայում գտվող հայ միգրատների գործով, և արդյունքում հաջողվել է նրանց վերադարձնել: Հույս ունենք, որ Գոհարի տղաների հարցում էլ դրական տեղաշարժ կարձանագրվի: Կարծում եմ՝ Գոհարը ևս պիտի նամակներ գրի, թեկուզ անձամբ ՌԴ նախագահին, ծայրահեղ դեպքում Նուրգալիևի անունով, բայց եթե ձեռքներս ծալած նստենք, այդ տղաներն այդպես էլ կմնան Ռուսաստանում անհասկանալի կարգավիճակով և հնարավորություն չեն ունենա վերադառնալու»,- ասում է Նորա Մնացականյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter