HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազատ դեմոկրատներ». «Զանգվածային ընտրախախտումները մթագնել են ընտրությունների օրինականությունը»

2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կարող էին լավ հիմք հանդիսանալ Հայաստանի ժողովրդավարացման և ազատականացման ճանապարհին, ակայն պետք է արձանագրենք, որ այս ընտրությունները չարդարացրին մեր, ինչպես նաև այլ քաղաքական ուժերի և հայ հասարակության ակնկալիքները:

Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ՀՀ քաղաքացու ընտրության իրավունքի ազատ իրացման վրա մեծ ազդեցություն ունի երկրի սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակը, ինչից էլ օգտվեցին իշխանական կուսակցությունները՝ գործի դնելով իրենց վարչական և ֆինանսական ողջ ռեսուրսը: Սույն թվականի մայիսի 6-ի ընտրությունների իրական արդյունքները և ազատ, արդար մթնոլորտում ընտրություն իրականացնելու նպատակադրությունը ստվերեցին ընտրակաշառքի և կեղծ բարեգործության՝ աղաղակող չափերի հասնող դեպքերը:

Ցավոք, այս ընտրությունները չարձանագրեցին ՀՀ քաղաքացու իրական կամքը և քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը խորհրդարանում: Այս անգամ ևս ժողովրդի կամքը ստորադասվեց ընտրակաշառքների տարափին: Արձանագրվեց նաև մի հանգամանք, որ ընտրակեղծիքների մեխանիզմները բավականին հղկվել են, և դրանք չեն իրականացվում ընտրատեղամասերում, այլ գործի են դրվում տեղամասերից դուրս և մինչ ընտրությունների օրը՝ օգտագործելով վարչական և ֆինանսական ողջ ներուժը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն արձանագրում է, որ թեև ընտրատեղամասերում ընտրական գործընթացի բուն ընթացքը, այդ թվում' քվեաթերթիկների հաշվարկը, ինչպես նաև նախընտրական քարոզչության ընթացքում հեռուստաեթերի օգտագործման համեմատաբար հավասար պայմանների ապահովումը կարելի է գնահատել որպես առաջխաղացում նախորդ ընտրությունների համեմատ, այդուհանդերձ' ընտրատեղամասերից դուրս իրականացված զանգվածային ընտրախախտումները մթագնել են ընտրությունների օրինականությունը և լեգիտիմությունը:

Շնորհակալ ենք ՀՀ այն քաղաքացիներից, ովքեր իրենց ձայնը վստահել են «Ազատ դեմոկրատներ» - «Ժառանգություն» կուսակցություններից և հանրային սեկտորի ներկայացուցիչներից ձևավորված միասնական թիմին և քվեարկել հանուն Նոր Հայաստանի: Շնորհակալ ենք նաև այն քաղաքացիներից, ովքեր կատարել են գիտակցված ընտրություն, և իրենց քաղաքացիական պարտքի իրականացումը չի ստվերվել ընտրակաշառք կոչված արատավոր երևույթով:

Արձնագրելով այն հանգամանքը, որ այս ընտրությունները ևս չարտահայտեցին ՀՀ քաղաքացու իրական կամքը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն, այդուամենայնիվ, չի նահանջում և շարունակելու է իր սկզբունքային պայքարը հանուն Նոր Հայաստանի և հանուն ՀՀ քաղաքացու բարօրության:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչություն
15 մայիսի 2012թ.,
ք.Երևան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter