HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպական 23 քաղաքի հետ մեկտեղ Երևանում կանցկացվեն գրական ընթերցումներ

Մայիսի 16-ին եվրոպական 23 քաղաք, միանալով «Գրական գիշեր» նախաձեռնությանը, կազմակերպում է գրական ընթերցումներ: Լոնդոնից Մադրիդ, Կիևից մինչև Միլան և Երևան. մեկ օր եվրոպական քաղաքները միավորվում են մեկ գաղափարի շուրջ՝ ներկայացնել եվրոպական ժամանակակից գրականությունը:

Արդեն երկրորդ տարին է, Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ Երևանը մասնակցում է համաեվրոպական այս նախաձեռնությանը: Նորարար փորձառական արվեստի կենտրոնում երեկոյան ժամը 7-ից «Ֆորում» թատրոնի դերասանները կընթերցեն հատվածներ Յարոսլավ Հաշեկի (Չեխիա), Վարուժան Ոսկանյանի (Ռումինիա) և Ջոն Ռ.Ռ. Տոլկինի (Միացյալ Թագավորություն) ստեղծագործություններից:

Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպը կլինի հայ ընթերցասերների ուշադրության կենտրոնում: «Գրական գիշեր» նախաձեռնությանը դերասանները կընթերցեն հատվածներ գրողի հանրահայտ վեպից: Չեխական գրականության հանրահայտ հերոսի պատմությունը մեկ անգամ ևս վեր է հանում պատերազմի անհեթեթությունը:

Ռումինական գրականությունը ներկայացնում է հայազգի Վարուժան Ոսկանյանը: Գրող, հրապարակախոս Վարուժան Ոսկանյանը նաև հայտնի քաղաքական գործիչ է, ով եղել է Ռումինիայի էկոնոմիկայի և առևտրի նախարարը: Գրական գիշերվա ընթացքում կընթերցեն նրա «Շշուկների գիրքը» ստեղծագործությունը: Սա մի պատմություն է Ռումինիայի հայ համայնքի ու նրա դառն անցյալի մասին:

«Մատանիների տիրակալի» հեղինակ Ջոն Ռ.Ռ. Տոլկինի գործերից «Գրական գիշեր» նախաձեռնության ժամանակ կընթերցվեն հատվածներ «Հոբիտ կամ գնալն ու գալը» վիպակից:

«Գրական գիշեր 2012»-ի նպատակն է աջակցել միջմշակութային երկխոսությանը և ստեղծել հարթակ եվրոպական երկրների գրականության ներկայացման համար: Սա յուրօրինակ փորձառություն է, որը համատեղում է հետաքրքիր գրական պատառիկը, դերասանական վարպետությունը և ներկայացման վայրը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանը հայտնում է, որ «Գրական գիշերը» կազմակերպում է «Չեխական կենտրոնները» EUNIC-ի (Եվրամիության մշակութային ազգային կենտրոնների միություն) հետ համագործակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter