Հոն Ջաե Հյո. «Արվում են աշխատանքներ՝ Հայոց ցեղասպանության մասին ամբողջական տեղեկություն ներկայացնելու համար»
«Կորեայում Հայոց ցեղասպանության մասին քչերը գիտեն։ Ներկայում արվում են աշխատանքներ՝ Հայոց ցեղասպանության մասին ամբողջական տեղեկություն ներկայացնելու համար»,- այսօր լրագրողներին ասել է եռօյա այցով Հայաստանում գտնվող Կորեայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Հոն Ջաե Հյոն:
Նա հավելել է, որ իրենց խորհրդարանի պատգամավոր Նահ Յոուն Մին գիրք է գրել, որի առաջին մասում մանրամասն ներկայացված է Հայոց ցեղասպանությունը:
Նահ Յոուն Մինը, լրագրողներին ներկայացնելով իր գիրքն, ասել է, որ գրելու պատճառը եղել է այն մտահոգությունը, թե ինչպես է նման ողբերգություն պատահել 20-րդ դարի առաջին կեսին։ «Հրեաների հոլոքոստը ճանաչվել է: Կարծում եմ՝ ժամանակին ողջ մարդկությունը կճանաչի նաև Հայոց ցեղասպանությունը։ Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Ֆեյսբուքում ես նշում եմ, որ Հայոց ցեղասպանության օրն է»,- ասել է գրքի հեղինակը։
Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությունն այսօր ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ։ Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ հարգել մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, եղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկության միջոցների հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել