HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Հայկ Բաբուխանյանն ընդդեմ Էդիկ Անդրեասյանի. վերաքննիչը որոշումը կհրապարակի մայիսի 31-ին

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը քննեց Հայկ Բաբուխանյանի և «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի  վերաքննիչ բողոքն ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի:

Հիշեցնենք, որ դատարանը մերժել էր Հայկ Բաբուխանյանի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության մասին պահանջն ընդդեմ  report.am-ի («Խմբագիր» ՍՊԸ-ի) և Էդիկ Անդրեասյանի:

Նախքան նիստը սկսվելը դատարանը կողմերին առաջարկեց այս հարցը արտադատական կարգով լուծել, սակայն Հայկ Բաբուխանյանի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը պնդեց, որ իր դիրքորոշումն արդեն հայտնել է, եթե կողմը համաձայն է դրա հետ, ապա պատրաստ է հաշտության գալու: Պատասխանողի ներկայացուցիչ Լուսինե Բակումյանը իր հերթին նշեց, որ արդեն բավականին երկար է տևել գործի քննությունը և բազմիցս քննարկվել է այդ հարցը, և առաջնորդվելով կողմի վերաբերմունքով` հայտնեց, որ հաշտության գալն արդեն անհնար է:

Բողոք բերող անձինք վերաքննիչ բողոքում նշել էին, որ դատարանը թույլ է տվել մի շարք նյութական և դատավարական նորմերի խախտումներ, մասնավորապես  սխալ է մեկնաբանել Քաղ. օր.-ի 1087.1 և 19-րդ հոդվածները: Ավելին, դատարանը հիմնվել է 1087.1 հոդվածի առաջին մասի վրա, որում ասվում է, որ հայց կարող է ներկայացվել դատարան վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Դատարանը դա պատճարաբանել է նրանով, որ հայցվորը դատարան հայց է ներկայացրել  11.11.2010թ.-ին մինչդեռ «Իրավունքը Հայկ Բաբուխանյանի թրի ծայրին է» հոդվածը www.report.am էլեկտրոնային լրատվական միջոցով տպագրվել է 31.08.2010թ.-ին:

Ըստ բողոքաբերների` դատարանը ոչ միայն հաշվի չի առել նույն հոդվածի երկրորդ մասը, որում ասվում է, որ հայց կարող է հարուցվել ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում, այլ նաև չի պատճարաբանել և հիմնավորել, թե ինչու չի կիրառել այդ հոդվածի մյուս մասը: Բողոքաբերները խնդրում են բեկանել ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, բավարարել ներկայացված պահանջները և գործն ուղարկել նոր քննության:

Ի պատասխան վերաքննիչ բողոքի` պատասխանողի ներկայացուցիչ Լուսինե Բակումյանը նշել է, որ եթե հայցը ներկայացվել է վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում, ապա էական չէ այն հանգամանքը, թե երբ է դրա մասին վիրավորված կամ զրպարտված անձին հայտնի դարձել: Պատասխանում նշվում է, որ հայցվորները, ակնհայտորեն չունենալով վերաքննության համար որևէ ծանրակշիռ և հիմնավոր փաստարկ, օրենքի կամայական մեկնաբանությամբ փորձում են հիմնավորել հայցային վաղեմության ժամկետի բաց թողնված լինելու փաստը: Ըստ այդմ, պատասխանողը դատարանին խնդրում է մերժել ներկայացված վերաքննիչ բողոքը:

Այսքանով նիստն ավարտվեց և որոշման հրապարակման օր նշանակվեց մայիսի 31-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter