HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վայոց ձորի մարզպետը փոքր հէկ է կառուցում' չունենալով բնապահպանական փորձաքննության եզրակացություն (վիդեո)

Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը-2

Վայոց ձորի Եղեգիս գյուղի վարչատարածքում Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը փոքր հէկ է կառուցում: Մարզպետի անվամբ գրանցված «ԲիԷսԲի» ՍՊԸ-ն արդեն ավարտին է հասցնում հէկի շինարարությունը, սակայն՝ առանց բնապահպանական փորձաքննության եզրակացության:

Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ը մի քանի օր առաջ է հայտարարություն տեղադրել ԲՆ-ի կայքում' մայիսի 11-ին «ԲիԷսԲի» ՍՊԸ-ի կողմից Եղեգիսի գյուղապետարանում կազմակերպվելիք հասարակական լսումների մասին՝ «Խաչի քար» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ:

Հէկի տարածքը հսկող պահակ Աղասին պատմեց, որ մինչ այս պահը շարժանիվն ու գեներատորը դրվել են, խողովակաշարի մի հատվածն անցկացրել, իսկ հիդրոհանգույցն ամբողջությամբ պատրաստ է: Մարզպետ Սերգեյ Բագրատյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն իր մոտ են, կարող ենք գնալ ու ծանոթանալ: Նա նաև հայտնեց, որ նախատեսել է հէկը գործարկել երկու ամսից: Սերգեյ Բագրատյանն այն կառուցում է KFW բանկի վարկային ծրագրով' 10,5 տոկոս դրույքաչափով: Փորձելու են օգտվել նաև Կիոտոյի համաձայնագրի քվոտաներից:

Այս հէկը Վայոց ձորի մարզպետի' հէկ կառուցելու հերթական փորձն է: Հիշեցնենք, որ նախորդ անգամ Սերգեյ Բագրատյանին այդպես էլ չհաջողվեց ավարտին հասցնել մեկ այլ հէկի կառուցման նախագիծը. «ՎՏՎ էներջի» և «ԱլՌուբ» ընկերությունների հակամարտությունն ավարտվեց նրանով, որ բնապահպանության նախարարությունը երկուսին էլ կառուցման թույլտվություն չտվեց' հիմնավորելով, որ երկու ընկերություններն էլ չեն անցել բնապահպանական փորձաքննությունը:

Մարզպետը, սակայն, կանգ չի առել: Նրա «ԲիԷսԲի» ընկերությունը ստացել է փոքր հէկ կառուցելու լիցենզիա: Սակայն, կրկին փորձաքննության եզրակացություն չստանալով, սկսել է շինաշխատանքներ իրականացնել:

«Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանը հաստատեց, որ իրենք հէկի կառուցման փորձաքննության եզրակացություն դեռ չեն տվել, ուստի հէկ կառուցելու և շինաշխատանքներ սկսելու իրավունք ընկերությունը չուներ: Նա նաև ասաց, որ մայիսի 11-ին հէկի վերաբերյալ առաջին լսումներն էին, թեև մարզպետը մեզ ասում էր, որ երկրորդ լսումն է եղել մայիսի 11-ին:

«Եթե կառուցվել է առանց թույլատրության, բնականաբար, խախտում է: Էդ խախտման համար պատիժ է սահմանված, էդ պատիժ տվողը մենք չենք: Դա տարածքային քաղաքաշինական և բնապահպանական տեսչությունը կարող էր գնալ և 1 մլրդ է, կամ տրիլիոն է, տուգանեին»,- ասաց Հենրիկ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ փորձաքննության եզրակացության տրամադրումը գործընթացի մեջ է, որը կարող է երկար տևել' մինչև կամ ավելի, քան մեկ ամիս:

ԲՆ բնապահպանական պետական տեսչության ջրերի վերահսկողության բաժնի պետ Հրաչ Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ բնապահպանական պետական տեսչությունը «ԲիԷսԲի» ՍՊԸ-ի հէկի նախագծին բացասական եզրակացություն է տվել: «Մեր տեսանկյունից ներկայացված նյութերը բավարար չէին, որ նույնիսկ ստանար շինարարության թույլտվություն»,-ասաց Հրաչ Սարգսյանը:

«Ինչու են հանրային լսումները կազմակերպվել ավելի ուշ, քան սկսվել է շինարարությունը» հարցին, մարզպետ Բագրատյանը պատասխանեց, որ հանրային լսումներ լինում են նախնական և վերջնական' բնապահպանական. «Փորձաքննության եզրակացությունը լսումներից հետո, երբ որ պիտի շահագործենք, պիտի դրվի վերջնական եզրակացությունը: Այսինքն' մենք որևէ բան չխախտեցինք այս ընթացքում, և իրենք թույլ են տալիս»:

«Բնապահպանության նախարարությունից մեզ հավաստիացրեցին, որ Դուք հէկի կառուցումը սկսելու իրավունք չունեք դեռ»: Մեր այս դիտարկմանն էլ մարզպետը հետևյալ կերպ պատասխանեց. «Իրենք սխալ են բացատրել, դա երկու փուլով է, սկզբից բնապահպանության նախարարությունը իր ՊՈԱԿ-ների միջոցով տալիս է, որ իրենք որևէ առարկություն չունեն, որովհետև ուսումնասիրում են նախագիծը, շինարարության ընթացքում (իրենք չգիտեն' շինարարությունը ոնց է սկսվելու) պետք է սկսվի որոշ բան, որ իրենք սկսեն փորձաքննությունը, երբ որ իրենք սկսել են, դեռ մենք խողովակաշարն էլ չենք ավարտել, մասնակի արել ենք, բայց դեռ ամբողջովին չի ավարտվել, մնացել է մոտ 700 մետրի կարգի»: Մեկ անգամ ևս նշենք, որ նախարարության կայքում հանրային լսումները վերաբերում էին փոր հէկի կառուցման աշխատանքային նախագծին:

Մարզպետ Բագրատյանը մեր երկրորդ' արդեն դեմ առ դեմ զրույցի ժամանակ ևս մեկ անգամ հաստատեց, որ ունեն փորձաքննության եզրակացություն: Երբ խնդրեցինք այն ցույց տալ, ասաց, որ փաստաթուղթը ընկերության Երևանի գրասենյակում է:

«ԲիԷսԲի» ՍՊԸ-ի Երևանի գրասենյակից ճշտեցինք, որ իրենց ձեռքում ոչ թե փորձաքննության վերջնական եզրակացությունն է, այլ լսումների արդյունքները:

Բնապահպանական պետական տեսչության տեսուչները չե՞ն «նկատել», թե ինչպես է մարզպետ Բագրատյանը շինաշխատանքներ սկսել, թե՞ Վայոց ձորում մարզպետին ամեն ինչ թույլատրվում է:

Մեկնաբանություններ (1)

vd
kyanqners keraq eli meraq ARPAYI VRA HEKER SARQELOV aj u dzax nayum es heka et Getap gyuxov ancnox champin menak heka mardik iranc biznes@ mer Arpayi vra en karucum Hermon gyuxum qahanan Getap gyuxum naxagahi xper@ hayreni orranumd naxkin mazpet du entex .....de heto

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter