HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Ջոյի պիտակը

Գիշերվա մի ժամի արթնացումից հետո Ջոն չկարողացավ քնել. երազին թվացել էր` մի մեծ մկրատ, ինքնիրեն աշխատելով, փորձում է կտրել ականջները, հետո` ոտքերը, ձեռքերը:

Քրտինքի մեջ կորած էր Ջոն, ու պատշգամբի թեքությունը, որ հնության եւս մեկ նշան էր, անորոշ կերպով նրա մարմինն այդ պահին պաշտպանող միակ տիրույթն էր: Ամբոջովին մերկ եւ այդ ժամի համար ոչ մի պատասխանատվություն չունեցող հարթաթաթ այս սեւամորթն արդեն հիսուն տարի  նույն պատշգամբում փորձում էր հաղթահարել բոլոր երազները, որոնք մի անորոշ ժամի նրան ավելի իրական էին թվում, քան բակի ծառն ու ծաղիկը:

Հայրն այդպես էլ չկարողացավ հարմարվել պատշգամբի թեքությանը, չկարողացավ նաեւ փողոցում կիսամերկ շրջել, ինչպես Ջոն:

Մայրն ավելի երջանիկ էր. մեռնելուց առաջ հենց այդպես էլ խոստովանեց. «Զավակս, չմտահոգվես, ես մեռնում եմ եւ երջանիկ եմ»:

Ջոն ներս մտավ:Բացեց պահարանն ու սկսեց համրել պիտակները: Մեկ, երկու, երեք…Վեց հազար քսանմեկ: Արեւի ճառագայթներից մեկը խցկվեց սենյակ. Ջոն սկսեց համբերատար շարել պիտակները փոքրիկ արկղերի մեջ:

Յուրաքանչյուրը տեղում դնելուց հետո ավելի էր խեղդվում. աչքերն անբնական ուռել էին, բայց արցունքի փոխարեն լցված էին արյունով:

Քսանմեկ տարեկանում Ջոն փողոցում քայլում էր պիտակով. յուրաքանչյուր նոր հագուստ այդպես էլ մաշվում էր` կրելով անվանումն ու արժեքն իր վրա: Ջոն արդեն յոթանասուներկու տարեկան է, եւ վաղուց արդեն պիտակներ նրան անհրաժեշտ չեն:

Առաջին անգամ, երբ մի սպիտակամորթ նրան վիրավորեց մահու չափ, Ջոն հիշեց մոր խոսքը եւ ի պատասխան ոչինչ չասաց:

Սպիտակամորթների համար առանձին նախատեսված զուգարանն էլ ավելի զայրացրեց նրան եւ, այնուամենայնիվ, փորձեց ներխուժել արգելված տարածք. նրան դուրս շպրտեցին.

«Դեռ պետք է սահմանն անցնելու համար պիտակ ունենաս, նեգրի ձագ»:

Ջոն պիտակներ սկսեց հավաքել այդ օրվանից:

Քսանմեկ տարի անց նա նորից հիշեց իրեն զուգարանից դուրս վռնդողի դեմքը. զուգարանից, որտեղ ամեն կեղտոտ եւ սրբապղծված սպիտակամորթ կարող էր մուտք գործել, ինքը` ոչ:

«Մի օր կգրեն սրա մասին,- հանգստանալուց հետո փնչացրեց,- եւ մի օր ես պիտակներս կհանեմ մութ պահարանից, որ ցույց տամ պատմությունն ինչպես է գրվում այստեղ»:

Հեռուստաշոուն, որին պետք է մասնակցեր նա, տաղավար էր հրավիրում բացառիկ հավաքածու ունեցող անձանց:

Հավաքածուն այլեւս տուն չբելեու ցանկությունը անհանգստացնում էր Ջոյին: Ձեռքերը դողում էին սպասվածից էլ ավելի, եւ քթից դուրս եկած տաք օդն այլեւս թույլ չէր տալիս շնչել:

Եվ այս պիտակներն այսօր լավագույն հավաքածուի նմուշներ պիտի լինեն, հազարավոր հեռուստադիտողներ պետք է հիշեն, որ ժամանակին այդ ապրանքանիշի ջինսե տաբատ է եղել կամ կաշվե վերարկու: Եվ նրանցից գուցե մեկ-երկուսը մտաբերեն, որ հագուստն այդ, որ հագնում էր եւ Ջոն, առավելություն չէր. Ջոն իրավունք չուներ միեւնույն զուգարանում մարդկային ցեղի ամենանվաղ պահանջներից մեկը հոգալու: Բայց Ջոն հիմա էլ չի միզում ոչ մի պատի մոտ եւ երբեք չի կորցրել հավասարակշռությունն այն վայրերում, որտեղ առանձնացրել են իրեն եւ իր նմաններին միայն այն պատճառով, որ իրենք ավելի մոտ են հողին. «Այո, հողին»: Հենց այդպես էլ իրեն բնութագրեց շոուի ժամանակ:

Այն, ինչ ցավեցրել էր իրեն այդքան ժամանակ, ինչպես ցավեցնում է էլեկտրական սալիկը, որ վայրկենական կպչում է ոտքիդ եւ անխնա վառում մաշկդ` խանձահոտն ու ցավը խառնելով իրար, այժմ հազարավոր հեռուստադիտողների համար հրճվանքի, «պոպ-կորնի» եւ «կոկա-կոլայի» մեկ շշի ուղեկցությամբ զվարճության եւ հիացմունքի առարկա է:

Դեռատի շոումենը, որ դիմահարդարումից բացի այլ առավելություններ չուներ, հերթականությամբ ցուցադրում էր մի քանի հայտնի ապրանքատեսակների պիտակներ եւ հիացմունքի ձայներ արձակում, մյուս սենյակում` շոուն հեռարձակող անձնակազմը սուրճ էր խմում եւ ապահով զգում հետեւում նստած պրոդյուսերական կազմի ներկայությամբ. նրանք վաճառելու էին այս շոուն արդեն որերորդ անգամ եւ վաճառելու էին այս անգամ Ջոյի` տարիներով կուտակած պիտակները:

Նկարահանումն ավարտվեց. Ջոն ծանր քայլերով դուրս եկավ տաղավարից. պրոդյուսերական կազմից երկուսը մոտ եկան` սեղմելու նրա ձեռքը:

-Շնորհակալ ենք նման պատմության համար. այն հետաքրքիր էր եւ մեզ, եւ, համոզված ենք, հեռուստադիտողի համար:

Ջոյի աչքերի կարմիր շեղերն ավելացան մի քանի անգամ. զսպված, բայց կոպիտ ձայնով Ջոն, որ սովոր էր խոսելիս այլ անկյունների նայել, այս անգամ նայում էր ուղիղ եւ անխախտ.

-Այս պատմությունը դուք եք ստեղծել: Ես եմ շնորհակալ:

Շփոթված, բայց ժպիտը դեռ դեմքներին պահած պրոդյուսերների արանքը ճեղքելով` Ջոն դուրս եկավ շենքից ու քայլերն ուղղեց դեպի իր թեք պատշգամբ ունեցող տունը:

Ֆիլադելֆիա , 2012թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter