Արմեն Աշոտյան. «Ոչ մի ուսուցիչ աշխատանք չի կորցնելու»
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ապարանի ֆիզմաթ դպրոցի մանկավարժների հետ: Դպրոցի կոլեկտիվը մտահոգություն ուներ կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 231-N որոշման 3-րդ կետի հետ կապված: Կառավարության հիշյալ որոշման համաձայն` Արագածոտնի մարզպետարանի «Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է և միացել ԿԳՆ «Ապարանի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին:
Ներկայացնելով կառավարության որոշումը` ԿԳ նախարարը նշել է, որ ֆիզմաթ դպրոցում աշխատող որևէ ուսուցիչ կրթական համակարգից դուրս չի մնալու. «Ոչ մի ուսուցիչ աշխատանք չի կորցնելու, դա ես ձեզ խոստանում եմ: Բոլոր ուսուցիչներն իրենց մանկավարժական աշխատանքը կշարունակեն Ապարան քաղաքի այլ դպրոցներում»,- հավաստիացրել է Արմեն Աշոտյանը:
Ներկայացնելով կառավարության որոշումը` նախարարն ընդգծել է, որ հաշվի առնելով աշակերտների քանակը, երկու ավագ դպրոցների գործունեությունը Ապարան քաղաքում արդյունավետ չէր ինչպես կրթության կառավարման, այնպես էլ կրթության որակի ու պայմանների ապահովման տեսանկյունից:
Ապարան քաղաքում գործում է 2 հիմնական և 2 ավագ դպրոց: Ֆիզմաթ դպրոցն ունի 115, իսկ ավագ դպրոցը՝ 276 աշակերտ: Բացի այդ՝ ավագ դպրոցի շենքային և տեխնիկական տվյալները առավել բարենպաստ են: 350 աշակերտի համար նախատեսված ավագ դպրոցն ունի ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության նոր ժամանակակից լաբորատորիաներ, համակարգչային դասարաններ, էլեկտրոնային գրադարան, այսինքն՝ ժամանակակից կրթություն ապահովելու համար կարևոր և անհրաժեշտ պայմաններ:
Նախարարը նշել է նաև, որ հաշվի առնելով Ապարան քաղաքում ֆիզիկամաթեմատիկական կրթության լավ ավանդույթները, տվյալ ավագ դպրոցում նման հոսք կձևավորվի և հատուկ դպրոցի սաներն իրենց ուսումը կշարունակեն ավագ դպրոցի այդ հոսքում: Նախարարը հավաստիացրել է, որ «Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքը կօգտագործվի կրթական նպատակներով: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել