HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Պետությունը եկեղեցիները վերադարձնում է Մայր Աթոռին

Գորիս քաղաքի հարեւանությամբ գտնվող Վերիշեն գյուղի փողոցներից մեկի կամարաձեւ պարսպի գլխավերում փակցված «1700-ամյա քրիստոնյա Հայաստան» ցուցանակն անծանոթներին հուշում է այդ վայրում առկա քրիստոնեական շինության մասին:

Խորհրդային կառույցներ Մշակույթի տունն ու բուժկետը իրենց ետեւում թաքցրել են մի հետաքրքիր եկեղեցի, որի մասին, տեղաբնակներից բացի, քչերը գիտեն:

Մշակույթի տան առջեւ ամառային ճամբարի նախապատրաստություն տեսնող երեխաները հայացքներով ուղեկցում են դեպի եկեղեցին շարժվող անծանոթներիս, այնուհետեւ հետեւում են մեզ:

Եկեղեցու շուրջը պտտվելով` մենք համառորեն նրա ինքնության մասին վկայող ինչ-որ բան ենք փնտրում պատերին:

Երեխաները, որսալով մեր քննախույզ ու հետաքրքրասեր հայացքները, մեզ են փոխանցում իրենց իմացածը` «սբ. Հռիփսիմեն 5-րդ դարում կառուցված միասրահ եկեղեցի է»:

6-րդ դասարանցի Քրիստինեն պատմում է, որ ինքն այդ մասին իմացել է կրոնի պատմության իր ուսուցչուհուց, որը Գրիգոր Լուսավորչի մասին դասն իրենց հետ անցկացրել է այդ եկեղեցում: «Սյունյաց աշխարհի մասին էինք անցնում, եկել ենք այստեղ, աղոթել: Մենք պապիկներից ենք հետաքրքրվել, նրանք են մեզ պատմել եկեղեցու մասին»,- հիշում է Քրիստինեն: 5-րդ դասարանցի Աշխենը պատմում է, որ ընկերներով շաբաթօրյակին եկել են մաքրել եկեղեցին ու նրա շրջակայքը, բայց այստեղ երբեք մաքուր չի լինում, որովհետեւ հարեւանությամբ բնակվողները ոչ միայն աղտոտում են, այլեւ ոչխարի հոտն են այստեղ արածացնում, ոչխարներն էլ մտնում են եկեղեցի ու աղտոտում:

Եկեղեցու ներսը ոչ միայն անխնամ էր, այլեւ կեսօրվա տապին ներսում հանգստացող ոչխարի հոտն իր կղանքի հետքերն էր թողել այնտեղ: Երեխաները պատմեցին, որ իրենք եկեղեցու շրջակայքը բարեկարգելու ցանկություն ունեն եւ գրավոր դիմել են Վերիշենի համայնքապետին, որպեսզի օգնի իրենց ցանկապատելու այն, այլապես հնարավոր չէ ոչինչ անել:

Գորիսում Սյունիքի թեմական առաջնորդի տեղակալ հայր Աբգարի իմացությամբ` 4-րդ դարի կառույց սբ. Հռիփսիմեն բազիլիկ ոճով կառուցված եռասրահ եկեղեցի է, նրա մասին ավելին հայտնի չէ: «Մարզպետի հետ կազմակերպել ենք, որ այդ եկեղեցու համար գյուղապետարանը հողահատկացում անի, որպեսզի կարողանանք ցանկապատել այն ու խնամել»,- տեղեկացրեց հայր Աբգարը:

ՀՀ կառավարությանն առընթեր Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման բաժնի պետ Սուրեն Շաքարյանն ավելի ստույգ է համարում սբ. Հռիփսիմե եկեղեցու` 6-րդ դարի կառույց լինելը, որը բազմիցս վերակառուցվել է միջնադարում: «Այստեղ արտաքին պատեր են շարվել, եւ եկեղեցին ներփակվել է ուղղանկյուն ծավալի մեջ, որի հետեւանքով եկեղեցու կամարակապ բացվածքները փակվել են, վերակառուցումները վերագրվում են 9-10-րդ դարերին»,- ասում է Ս. Շաքարյանը: Վերջինիս ասելով` սբ. Հռիփսիմեի կառուցումը 6-րդ դարին վերագրելը հիմնավորվում է նրանով, որ նույնատիպ, բայց իր չափերով ավելի փոքր կառույց կա Կապանի Արծվանիկ գյուղում, որն իր նախնական տեսքով պահպանվել է: Արծվանիկի եկեղեցու տարիքը հայտնի է` 6-րդ դարում գյուղը դառնում է Սյունիքի թեմական կենտրոն, եւ կառուցում են այդ եկեղեցին: 

Սբ. Հռիփսիմե եկեղեցին գտնվում է ՀՀ կառավարությանն առընթեր Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության ենթակայության տակ: Պատմամշակութային հուշարձանների պահպանություն է իրականացնում նաեւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանման ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը: Երկու կառույցների խնդիրն էլ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանությունն է: Չնայած դրան` գործակալության հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման բաժնի պետը համաձայնեց, որ «Վերիշենի եկեղեցու տարածքն անբարեկարգ է», բայց վերականգնման աշխատանքներ այստեղ չեն արվել:

Պրն Շաքարյանը նշեց, որ մինչեւ 60-ական թվականները սահմանափակ թվով հուշարձաններ էին վերականգնվում: Սովորաբար, վերականգնում էին առավել արժեքավոր եւ նշանավոր, միաժամանակ առավել վտանգված եկեղեցիները` հիմնականում խոշոր վանական համալիրներն էին ընդգրկվում վերականգնման ծրագրում: Վերականգնումների թիվը սկսեց աճել 80-ականներից: Վարչության ֆինանսավորումը 90-ականներին ավելացավ, որը հնարավորություն տվեց անցնել հնագույն արժեքավոր հուշարձաններին, որոնք կարող էին հանդիսանալ հայ ճարտարապետական կառուցողական արվեստի նմուշներ:Այդպես շատ կառույցներ ընդգրկվեցին վերականգնման ցուցակում` սկզբում 6-7-րդ դարերի հուշարձանները, այնուհետեւ` 7-8-րդ դարերի կառույցները:

Հուշարձանների մի մասը, որոնք թերեւս կարող են օգտագործման ենթակա լինել, որոշվել է հանձնել Մայր Աթոռ Ս. Էջմիածնին: Հուշարձանները, որոնք ենթակա չեն սեփականաշնորհման եւ պարտավոր են օգտագործվել իրենց գործառնական նշանակությամբ, այսինքն` պաշտամունքային կառույցներ են եւ 70%-ով պահպանվել են, կվերականգնվեն եւ կհանձնվեն համայնքների օգտագործմանը: Նրանք, որոնք հնարավոր չէ վերականգնել, պետք է ընդգրկել զբոսաշրջության վայրերի ցանկում, ինչպես նաեւ օգտագործել գիտա-գործառնական նշանակությամբ: (ՀՀ տարածքում գտնվում են 24200-ից ավելի հուշարձաններ, որոնք իրենց տեսակով եւ նշանակությամբ դասակարգվում են 2 տիպի` հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձաններ):

90-ականներից մինչ այսօր կառավարության որոշմամբ Մայր Աթոռին է հանձնվել 206 եկեղեցի, եւ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Բաժնի պետը հայտնեց, որ գործակալության տարածքային բաժիններին հանձնարարվել է թեմական առաջնորդների հետ ուսումնասիրել եւ կազմել ցուցակները, որպեսզի իրականացնեն դրանց հանձնման աշխատանքները: Գորիսում Սյունիքի թեմական առաջնորդի տեղակալ հայր Աբգարը տեղեկացրեց, որ Առաջնորդարանի պահանջով իրենք կազմել են Սյունյաց թեմում գտնվող եկեղեցիների ու մատուռների անվանացանկը` շուրջ 70 անուն: Վերջերս Մայր Աթոռը դիմել է ՀՀ կառավարություն` 72 եկեղեցիներ Հուշարձանների պահպանության վարչությունից Մայր Աթոռի տիրապետությանը հանձնելու խնդրանքով: Մայր Աթոռի տեղեկատվական բաժնի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանն այս գործընթացը բնութագրեց այսպես. «Եկեղեցուց վերցված կալվածքները վերադարձվում են` համայնքներում դրանք պաշտամունքային նշանակությամբ գործածելու համար»: Կհաջողվի՞ հոգեւոր իշխանությանը իրականացնել իրեն հանձնված եկեղեցիների պահպանությունը, գործակալությունում տեղյակ էին, որ Մայր Աթոռին վերադարձված եկեղեցիներն օծվում են, իսկ հետո երբեմն չեն կարողանում սպասարկող քահանա գտնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter