HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

«Մամաս երեւի մոռացել է ինձ»

12-ամյա Կուրղինյան Նազելին ապրում է Գյումրիի «Հույս» մանկատանը: Արդեն 7 տարի:

Շուտով գնալու է ամառային ճամբար: Շատ է սպասում այդ օրվան: Բոլոր մտքերը դրա շուրջ են, բոլոր ուրախությունները կապված են ճամբարի հետ: Անկեղծ ուրախանում է գալիք արշավների պատկերացումներով, ապրում է, ինչպես բոլոր երեխաները, մանկական երազանքներով, հետաքրքրություններով ու մտահոգություններով:

Միայն նրա մանկության տարիների հիշողություններն են տարբերվում իր հասակակիցների հիշողություններից:

«Էնդեղ ամեն օր հելնինք գը դուրս, երգենք գը, պարենք գը, էդորից հետո երթանք գը մատուռ, աղոթենք գը ու քնենք գը ... լավ է, էլի: Էգուց չէ մյուս օր կերթանք:

Ճամբար որ կերթանք, գլխըներս ստուգեն գը, թեկուզ մե անիծըմ եղավ, հետ ճամփեն գը, խիստ են: Մազերս մեջքիցս հետեւեն էր, կտրեցին ...

Օջիլի դեղ ցանեն գը, մաքրեն գը գլխըներս: Սաղին ցանեն գը, մանավանդ ճամբար էրթըցողներին: Բայց ինչքան էլ գուզիս մաքրիս, քաշվի գը, ըստեղ օջլոտ երեխեք շատ կան, դրա համար էլ ընգերություն չեմ անում:

Ճամբարում ով գուզի քնել, տեղի մեջը պառկի գը, ով չի ուզի քնել, տեղի վրա պառկի գը:

25 օր մնանք գը ճամբար»:

Երբ առաջարկեցի ծանոթանալ ինձ հետ, ասաց, որ եթե դեմ չեմ, այդ ընթացքում ինքը մի քիչ գորգ կգործի, որ մյուսներից ետ չմնա:

Գործելով` պատմում է. «Խաչ գործիմ գը ... Էս աշխատանքը ինձ դուր է գալիս, կար ու ձեւն էլ է դուրս գալիս:

Ի՞նչ պատմեմ ... 138-ը բոյս է, 27 կիլո եմ, գուդեմ-գուդեմ չեմ չաղանա, մե քիչըմ ուզում եմ չաղանամ ու վսյո, իմ ընտանիքիցս հեչ մեկն էլ չաղ չի: 12 տարեկան եմ, յոթ եմ սովրում, բայց թռնիմ գը 6-ից, չիդեմ` ինչի:

Սիրածս բանը խավիծն է ... Ու ընգեր Աննան ինձ ասել ա` խավիծի օրը գուքաս դաբավկա կստանաս ... Բայց հորքուրս քաղցր գեփե, քանց ըստեղ ... Ընգեր Աննան ըսեց, որ հարս գնացի, ինձ սովրեցնի գը խավիծ եփել ... Որ հիմա ըլներ, սրդանց ուտեի գը ... »:

Նազելին երկու եղբայր ունի` Ալբերտ եւ Կարեն: Ալբերտը 11 տարեկան է, իր հետ մանկատանն է ապրում, 4 տարեկան Կարենին մի իտալական ընտանիք որդեգրել է եւ տարել Իտալիա:

«Չիդեմ, մի հադըմ աղջիկ ու տղա էգել, տարել են: Իտալերեն խոսին գը, չեմ հասկընա լեզուները: Սիրտս ճլոլվեց, որ տարան: Ըստեղի շորերը հանեցին, ղրկեցին հետ, իրանց շորերը հագցրին, տարան:

Հըբը, ո՞նց չեմ սիրում, լաց եղնիմ գը, սաղըս լաց էղանք, դաստիրակներն էլ լաց էղան, շատ սիրեին գը: Կարենը երկրորդ մամայիցս ա... ախպորս գարոտցել եմ, երազիս տեսնիմ գը, նգարը ունիմ, տարել եմ հորքուրենցս տուն, թե չէ ըստեղ գողնան գը, պապայիս բերած ուտելիքներն էլ գողնան գը: Պիտի երթամ, տեսնիմ Կարենին: Սաղ օրը մտածեմ գը ...

Հըբը խի՞ չէի ուզի գնալ իրա հետ ... Ես ի՞նչ մեղք ունիմ, որ ինձ չհավնան ... Ընգեր Մարկոսյան խոսք տվավ, որ հենց մեծըցանք, ինձ ու ախպորս տանի գը իրա մոտ, գնանք գը, իրար տեսնինք գը:

Որ Կարենին ընդունեցին ըստեղ, մի հատըմ աղջիկ կա, գիտե՞ս, ձեռները տոկի ա տված... Հա, դե լավ, որ չգիտես, չգիտես... Ա՛յ, ինքը էկավ, ըսեց Կարենը ըստեղ ա, ինքը ըստեղ էր պառկած, եկա ու լաց եղա... Չիդեմ` ինչի ... »:

Սկզբում ասաց, որ մայրիկ չունի, որ երկրաշարժի ժամանակ մահացել է, հայրն էլ ստիպված, տուն չունենալու պատճառով, իրեն մանկատուն է բերել: Չգիտեի` ինչպես ասել, որ իր մայրը չէր կարող երկրաշարժի ժամանակ մահանալ, որովհետեւ նա 12 տարեկան է, իսկ երկրաշարժը եղել է ավելի շուտ:

«Երկու մամա եմ ունեցել, երկուսն էլ մահացել են, իմ մաման երկրաշարժի ժամանակ ա մահացել, Կարենի` եղբորս մանան էլ պոչկեքի հիվանդություն ա ունեցել:

Երկուսն էլ պապայիցս բաժնվել են ... Պապաս գյուղը աշխատի գը, անասուն պահի գը: Հերըս գալիս, ասում է` ի՞նչխ ես, գըսիմ` լավ եմ ... մե անգամ դրսի նստարանին նստած էինք, գրկեց ...

Պապայիս շատ սիրեմ գը, քանց մամայիս, որտեւ պապաս ինձի տիրություն գընե, որ մեծնամ, իրան ճաշ գեփեմ, հետո էլ իրա գերեզման գերթամ, լաց գըլնեմ ...

Չէ, խաբեցի ... Մամաս փրկվել ա երկրաշարժից, բժիշկները բուժել են: Բայց մյուս մամաս պապայիս աչքի առաջը մեռել ա: Գնացել եմ թաղմանը, մեր հոգեբանն էլ էր եկել ...

Իմ իսկական մաման մե քանի տարի առաջ նամագ էր ղըրգել իրա նկարով ու 800 դրամ. 400-ը` ինձ, 400-ը` ախպորս ... Մե հադըմ էլ երեխու հետ ա նկարվել, չիդեմ` նկարը ուր եմ դրել ...

Չիդեմ ... Մոռացել է երեւի ինձ ... Դե, որ ուրիշ երեխու հետ ա նկարվել ... »:

Հետո արդեն հարցեր չեմ տալիս, ինքն իրեն շարունակում է գործել ու խոսել:

«Գիտե՞ս, էտյուդ ու մազորկա էլ եմ նվագում ...

Հա, բջջային պիտի առնեմ` 8 հազար դրամ, փող գուդան ըստեղ, ամիսը 2 հազար դրամ, էդ ի՞նչ է, որ չըհավգեմ, 4 հազար- 4 հազար, գըլնի 8 հազար:

Չիդեմ` մի վախտ երեխեքը գըսին որդեգրեն քեզ, բայց ես չեմ հավատա, որովհետեւ դայակս ըդպես բան չըսե, չիդեմ` ասում են Ամերիկա, չիդեմ` Ա.-ով էր, քանի մը հոգու պիտի տանեն Գավառ: Գավառը լավ չէ, ծեծեն գը երեխեքին: Երեխեքն ըստեղ լավնին, մի քիչըմ որ չճվան, լավ գըլնի, ճվան գը շատ ... Չենք կռվե վաբշե, բայց որ կռվինք գը, բարիշենք գը, ես էլ որ դաստիրակներին պատասխանիմ գը, նույն րոպեին բարըշինք գը:

Չէ ... Էդքան շատ չեմ պատասխանում, մեկ-մեկ ըդպես դեպքեր եղել են:

Գիտե՞ս, Ալբերտը ճամբար չի գալու, գոզե գը տակը, ինքը վաբշե ճամբար չի եղել ... մեղգ ա:

Հորքուրիս տուն որ գերթամ, պեչենի չի առնի, ինքն իրա ձեռքով սարքի գը:

Ականջօղ էլ եմ ուզում ու նուռ, ընգեր Մարկոսյան խոսք տվավ, բայց չի առել, պիտի հիշցնեմ:

Ակնոց ու ժամացույց ունեմ, բայց մեկ-մեկ կանգնում ա, շալվար պիտի առնեմ երկուս ու կեսով, մի հատըմ ջինս ու հեռախոս` 4 հազար- 4 հազար, 8 հազար:

Էգուց երեւի գերթանք ճամբար»:

Լուս.` Նելլի Շիշմանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter